Մատչելի հղումներ

Միջազգային հանրության արձագանքը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային բախումներին


Սոթք գյուղի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունն ընդգծում է սահմանի երկայնքով ուժերը հետ քաշելու անհրաժեշտությունը. փոխխոսնակ Փաթել

Արդեն երրորդ օրն է իրավիճակը լարված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի տարբեր հատվածներում: Կողմերի միջև ընթանում է փոխհրաձգություն՝ խոշոր տրամաչափի զինատեսակների ու ԱԹՍ-ների կիրառմամբ: Հայկական կողմը հաղորդել է մեկ զոհի և վեց վիրավորների, իսկ Ադրբեջանը՝ մեկ զոհի և մեկ վիրավորի մասին: Իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Կողմերը միմյանց մեղադրում են իրավիճակն ապակայունացնելու և սադրանքների դիմելու մեջ:

ԱՄՆ պետքարտուղարությունը երեկ անդրադարձել է սահմանային այս լարվածությանը: Լրագրողների հետ ճապազրույցի ընթացքում պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելը շեշտել է, որ նման բախումները խոչընդոտում են կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու Հայաստանի ու Ադրբեջանի առաջընթացը:

«Կոչ ենք անում երկու երկրների ղեկավարներին մայիսի 14-ի բրյուսելյան հանդիպմանը համաձայնության գալ սահմանի երկայնքով իրենց ուժերը հետ քաշելու հարցի շուրջ, ինչպես որ այստեղ՝ Վաշինգտոնում մայիսի սկզբին քննարկվել է պետքարտուղար Բլինքենի ու կողմերի բանակցությունների ժամանակ»,- նշել է փոխխոսնակը:

Ավելի ուշ Վեդանտ Փաթելը թվիթերյան գրառում է կատարել. «Հայկական Սոթք գյուղի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունն ընդգծում է սահմանի երկայնքով ուժերը հետ քաշելու անհրաժեշտությունը»:

Իր հերթին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կողմերից զուսպ մոտեցում է ակնկալում և հորդորում է չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության աճի:

Պաշոնական Բրյուսելը առայժմ որևէ կերպ չի արձագանքել լարվածոթյան աճին: Հրադադարը խախտվել է Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից ընդամենը օրեր առաջ:

Իրավիճակի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետի հետ, ով ցանկացել է մնալ անանուն: Հարցին՝ հնարավո՞ր է բանակցել, երբ տեղում կողմերը կրկին զենք են կիրառում, կա զոհ ու վիրավորներ, դիվանագետն արձագանքել է, թե «հրադադարի խախտումները ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե որքան կարևոր է ունենալ ձևաչափ, որտեղ հարաբերությունների կարգավորման բոլոր դիտանկյունները կարող են քննարկվել»:

«Ազատության» փոխանցմամբ, Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հայաստանի վարչապետին կհանդիպի շաբաթ օրը երեկոյան, իսկ կիրակի առավոտյան առանձնազրույց կունենա Ալիևի հետ: Եռակողմ հանդիպումը կմեկնարկի կիրակի՝ կեսօրից հետո։

Ըստ անանուն աղբյուրի, Բրյուսելում չեն ակնկալում բեկումնային առաջընթաց այս հանդիպման ժամանակ։

«Կարծում եմ, պետք է համեստ լինել ակնկալիքներում, թե կիրակի երեկոյան կարող է խաղաղության համապարփակ փաստաթուղթ ստորագրվել։ Դրա համար դեռ երկար ժամանակ և աշխատանք կպահանջվի»,- «Ազատությանն» ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը՝ ընդգծելով, սակայն, որ սա լավ հնարավորություն է՝ հասկանալու, թե ուր են հասել կողմերը և ինչ կարելի է անել բանակցություններն ակտիվացնելու համար:

XS
SM
MD
LG