Ռուսաստանում մայիսի 9-ին նշվող Հաղթանակի օրվա տոնակատարության նախապատրաստական աշխատանքներն ընթանում են անվտանգության աննախադեպ միջոցառումների պայմաններում։ Շատ քաղաքներում, ինչպես նաև բռնակցված Ղրիմում, շքերթները չեղարկվել են, իսկ անօդաչուների թռիչքներն արգելվել։ Բացի այդ, երկրի իշխանությունները որոշել են հրաժարվել «Անմահ գնդի» արշավի շրջանակներում զանգվածային երթեր անցկացնելուց։
Ակնհայտ է, որ Ռուսաստանի ղեկավարությունն այս բոլոր քայլերն արել է ուկրաինական պատերազմի հետևանքով։ Երկրի տարածքը գնալով ավելի ու ավելի հաճախ է ենթարկվում անօդաչուների հարձակումներին, և նույնիսկ Մոսկվան դադարել է բացառություն լինելուց։
Այնուամենայնիվ, Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստացել է, որ շքերթը մայրաքաղաքում կկայանա։
Նման իրավիճակում երլուծաբանները քննարկում են, թե ովքեր կմասնակցեն մոսկովյան տոնակատարություններին։ Հասկանալի է, որ հնարավոր է խոսել միայն այն երկրների ղեկավարների մասին, որոնք մինչ այժմ կապ են պահպանում Մոսկվայի հետ։ Ուստի Կրեմլի ընտրությունն ակնհայտորեն հարուստ չէ։ Արևմտյան աշխարհի ներկայացուցիչները և այլ պետությունների ճնշող մեծամասնությունը, որոնք դատապարտել են Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ ՄԱԿ-ում լսումների ժամանակ, անտեսում են այս իրադարձությունը։
Սակայն, այս անգամ Մոսկվային ամենավերջին պահին կարծես հաջողվել է հասնել հետխորհրդային մի շարք առաջնորդների մասնակցությանը, ներառյալ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարների։
Այս ամենը, սակայն, վկայում է Պուտինի արտաքին քաղաքականության ձախողման մասին, ասել է պատմաբան Անդրեյ Զուբովը: Նրա կարծիքով՝ Պուտինը երկիրը գցել է նախկինում չտեսնված միջազգային մեկուսացման մեջ, որը չի եղել անգամ բոլշևիկների օրոք։ «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նա հիշեցնում է, որ նախկինում աշխարհի բազմաթիվ առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները գալիս էին Մոսկվա՝ տոնելու Հաղթանակի օրը:
Բացի այդ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին բոլոր նախկին պատկերացումները ի սպառ վերացան մեկ օրում՝ 2022 թվականի փետրվարի 24-ին, երբ սկսվեց պատերազմը, որն այսօր սահմանազատում է «ինչն է չարը, իսկ ինչը՝ բարին», պնդում է պատմաբանը։
Ըստ Հայաստանի կառավարության լրատվականի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, ուր ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին:
Հայաստանի վարչապետը հայտնել էր իր Մոսկվա կատարվելիք այցի մասին դեռևս նախորդ շաբաթավերջին Պրահա այցի ընթացքում, սակայն մանրամասներ չէր տրամադրել այցի վերաբերյալ: Դեռևս հայտնիչէ, թե արդյոք նախատեսվում է Փաշինյան-Պուտին երկկողմանի հանդիպում:
Նախապես հայտնի էր դարձել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի նախօրեին Մոսկվա ժամանելու մասին՝ հաղթականի շքերթի մասնակցելու համար։ Ավելին, նա ժամանել է պաշտոնական այցի շրջանակներում։
Մոսկվայում կայացած Ռուսաստանի և Ղրղըզստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սադիր Ժապարովի հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել խորացնել երկկողմ համագործակցությունը ռազմական և ռազմա-տեխնիկական ոլորտում։ «Անհրաժեշտ է համարվում ուժեղացնել Ղրղըզստանի զինված ուժերը, ինչպես նաև զարգացնել Ղրղըզստանի տարածքում գտնվող ռուսական ռազմական օբյեկտները»,- նշված է երկու նախագահների համատեղ հայտարարությունում։ Պուտինն ընդունել է 2023 թվականի ընթացքում Ղրղըզստան այցելելու Ժապարովի հրավերը։
Քարնեգի Բեռլինի կենտրոնի վերլուծաբան Թեմուր Ումարովը «Ամերիկայի Ձայն»-ին տված մեկնաբանությունում Ժապարովի այցն անվանել է «ոչ միանշանակ»: Նրա կարծիքով, Ղրղզստանի ղեկավարի համար կարևոր է Պուտինի հետ հանդիպման միջոցով փորձել նոր հնարավորություններ ստեղծել երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման հարցում։ Ըստ նրա՝ Բիշքեկի համար սա բավականին նշանակալից իրադարձություն է։ Չնայած Մոսկվայի մեկուսացման և նրա դեմ արևմտյան կոշտ պատժամիջոցների, Ռուսաստանը դեռևս մնում է կարևոր գործընկեր նախկին հարևանների համար «սովետական կոմունալ բնակարանում»:
Միևնույն ժամանակ, գաղտնիք չէ, որ Ղրղզստանն օգտագործվում է որպես Ռուսաստան պատժամիջոցային ապրանքների ներմուծման ուղի։ Եվ դա չի կարող չանհանգստացնել Արևմուտքին։
Ինչպես այսօր գրում են բելառուսական Telegram ալիքներում և սոցիալական ցանցերում, Պուտինը Մոսկվայի շքերթին է հրավիրել նաև Ալեքսանդր Լուկաշենկոյին: Վերջինս ստիպված է եղել չեղարկել Մինսկի Հաղթանակի հրապարակում նախատեսված միջոցառումները։
Լուկաշենկոյի վարչակազմի նախկին աշխատակից Անատոլի Կոտովը, ով 2020 թվականին անցել է Բելառուսի ընդդիմության շարքերը գտնում է, որ Պուտինին անհրաժեշտ է ինչ-որ կերպ ցույց տալ, որ Մոսկվան մեկուսացման մեջ չէ։ Ուստի վերջին օրերին Կրեմլը սկսել է ակտիվորեն հրավիրել նրանց, ում վրա դեռ ունի ազդեցություն: Ամենակարեւորը ցույց տալն է, որ գոնե ինչ-որ մեկը Պուտինի հետ տոնում է այդ օրը, պնդում է Կոտովը: