Մատչելի հղումներ

Արդյո՞ք Թուրքիայի հանրությունն իր ձայնը կտա ընդդիմությանը. Էրդողանն առերեսվում է ոչ միայն առողջական, այլեւ քաղաքական լուրջ մարտահրավերի


Թուրքիայում մոտենում է ընտրությունների օրը, բայց Էրդողանը ստիպված էր չեղարկել այս օրերին նախընտրական պայքարը առողջական խնդիրների պատճառով: Վերլուծաբաններչը քննարկում են ընդդիմադիր առաջնորդի հաղթանակի հավանականությունը

Երկրում վճռորոշ ընտրություններից շաբաթներ առաջ` Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հրավիրած հանրահավաքը բավական բազմամարդ էր:

Ելույթ ունենալով արևմտյան Թեքիրդաղ նահանգում՝ ձախ կենտրոնամետ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ և նախագահի թեկնածու Քըլըչդարօղլուն հանձն առավ դուրս բերել Թուրքիան տնտեսական ծանր կացությունից` խոստանալով ժողովրդավարություն, բարգավաճում և խաղաղություն բերել թուրք ժողովրդին։

«Տնտեսությունն աղետալի վիճակում է, մենք դա գիտակցում ենք: Մենք նաև գիտենք, թե ինչպիսի տնտեսություն ենք ժառանգելու, բայց Թուրքիան պետք է դուրս գա այս ճահճից»,- ասել է նա:

Էրդողանն առերեսվում է ոչ միայն առոջական, այլեւ քաղաքական լուրջ մարտահրավերի
please wait

No media source currently available

0:00 0:05:00 0:00

Բրուքինգս ինստիտուտի վերլուծաբան Ասլի Այդինթաշբաշի կարծիքով՝ Էրդողանն իր կառավարման վերջին 20 տարիների ընթացքում առերեսվում է լուրջ հակաէրդողանական կոալիցիայի՝ հաշվի առնելով իր երկարաժամկետ իշխանությունը, տնտեսական խնդիրները, ավտորիտար կառավարումն ու երիտասարդ ընտրողների ձայնը:

«Այսպիսով, կասկած չկա, որ հանրության մեծ մասը հոգնել է այս վիճակից և ցանկանում է փոփոխություններ: Հարցն այն է՝ արդյո՞ք Քըլըչդարօղլուն ճիշտ ընտրություն է»,- ասում է վերլուծաբանը:

Նա կանխատեսում է համառ պայքար և մոտ արդյունքներ ընտրութունների ժամանակ: Ընդդիմադիր առաջնորդն ունի ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ, որոնց թվում է Քըլըչդարօղլուի տարիքը և կրոնական փոքրամասնություն հանդիսանալու հանգամանքը:

«Ընդդիմադիր կուսակցությունները համախմբվել են Քըլըչդարօղլուի շուրջ, ով հանդես է գալիս ոչ թե Էրդողանի տարբերակով ուժեղ առաջնորդի, այլ համախմբողի, ժամանակավոր առաջնորդի կամ տարեց գործչի դերում, ով պատրաստվում է խորհրդարանական համակարգին և ժողովրդավարությանը վերադառնալուց հետո հանձնել իշխանությունը հաջորդ ղեկավարին»,- ասել է նա:

Ըստ The Associated Press գործակալության տեղեկությամբ՝ վերջին հարցումները ցույց են տալիս, որ Քըլըչդարօղլուն, որին աջակցում է «Ազգային դաշինք» կոալիցիան, մի փոքր առավելություն ունի գործող նախագահի հանդեպ:

Քըլըչդարօղլուն և Դաշինքի մյուս անդամները շուտափույթ ապաքինում են մաղթել Էրդողանին: Վերջինս, ով հավակնում է նախագահական երրորդ ժամկետին, բուռն քարոզարշավ էր իրականացնում, սակայն ստիպված եղավ չեղարկել չորեքշաբթի և հինգշաբթի օրվա իր նախընտրական միջոցառումներն՝ առողջական վիճակի պատճառով։

«Այսօր ես կհանգստանամ տանը՝ իմ բժիշկների խորհրդով»,- գրել է Էրդողանը Twitter-ում։

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Էրդողանի ուղիղ հեռարձագվող հարցազրույցն ընդհատվեց ենթադրաբար նրա առողջության կտրուկ վատթարացումից հետո: Եթերի ընթացքում հաղորդավարի հարցից հետո արձանագրվեց դադար: Տեսախցիկը ուղղված էր հարցազրուցավարի վրա, ուստի հնարավոր չէ ասել, թե ինչ է կատարվում այդ պահին Էրդողանի հետ: Սակայն ակնհայտ էր, որ առկա է որոշակի խուճապ: Եթերը դադարեցվեց գովազդային հոլովակով և վերսկսվեց 20 րոպե անց: Էրդողանն արդեն կարող էր խոսել և նշեց, որ սաստիկ ստամոքսի ցավ է ունեցել:

AEI կենտրոնի վերլուծաբան Մայքլ Ռուբինի կարծիքով՝ Էրդողանը չի պատրաստվում հեռանալ պաշտոնից անգամ ընտրությունները պարտվելու պարագայում:

«Չեմ կարծում, որ Էրդողանը կամավոր կհեռանա, եթե անգամ պարտվի. նա ինչ-որ արդարացում կգտնի, որ չեղարկի ընտրությունները»

Վերլուծաբանը չի բացառում նաև արտաքին մի ճգնաժամի հրահրում գործող նախագահի կողմից՝ հանրային ուշադրությունը շեղելու նպատակով:

«Ինձ անհանգստացնում է այն, որ Էրդողանը, որպեսզի շեղի թուրքերի ուշադրությունն ընտրություններից, դրանց կեղծումից կամ տնտեսության վատ կառավարումից, կփորձի միջազգային ճգնաժամ հրահրել, լինի դա Հունաստանում, Հայաստանում, թե Սիրիայի քրդերի հանդեպ»,- ասել է նա:

Բրուքինգս ինստիտուտի վերլուծաբան Ասլի Այդինթաշբաշի խոսքով, սակայն, Թուրքիան կայացրել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ռազմավարական որոշում։ Ժամանակացույցը խնդրահարույց է, քանի որ այն շատ արագ առաջ չի շարժվում, բայց սա Էրդողանի անձնական որոշումը չէ, ոչ էլ քաղաքական որոշում է, «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հետ զրույցում պնդել է նա:

«Դա Թուրքիայի պետության կողմից ընդունված որոշում է։ Կարծում եմ, որ դա շատ կարևոր է։ Դա որոշում է, որն ամեն դեպքում կպահպանվի, եթե անգամ Էրդողանի կառավարությունը մայիսի կեսերին պարտվի ընտրություններում: Անկախ նրանից՝ կմնա Էրդողանը իշխանության, թե ոչ, կարծում եմ՝ Թուրքիան կգնա այս ճանապարհով»,- պնդում է թուրք փորձագետը:

Նա, սակայն, ընդգծում է, որ հարցն այն է, թե որքան արագ կարող է ընթանալ այս գործընթացը: Հայաստանի հասարակությունը, հասկանալի է, կարող է դժգոհ լինել այս գործընթացի տեմպերից, քանի որ այն դանդաղ է ընթանում, սակայն կարծում եմ՝ դա անշրջելի է, նշում է Այդինթաշբաշը։

Հինգշաբթի օրը Էրդողանն առաջին անգամ հայտնվեց տեսախցիկների առջև իր առողջության վատթարացման մասին լուրերից հետո։ ՌԴ նախագահ Պուտինի հետ տեսակապով Թուրքիայի նախագահ Էրդողանը մասնակցեց «Աքքույու» ատոմակայանի երկար սպասված բացման արարողությանը, որը Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ նախագիծն է։

Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությունն այս արարողությանը չէր նախատեսվում։ Կրեմլը զգուշացրել է, որ Պուտինը կմասնակցի բացմանը տեսակապով՝ չնայած նախկինում դիտարկվել է նրա անձնական ներկայությունը: Էրդողանը սկզբում հայտարարել էր, որ անձամբ ներկա կգտնվի միջոցառմանը, սակայն ստիպված է եղել վերանայել ձևաչափը իր վատառողջության հետևանքով։

Ըստ ԲԲՍ-ի՝ «Աքքույու» ատոմակայանի բացումը հետաձգվել էր մի քանի ժամով։ Մամուլի հաղորդման համաձայն՝ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել նախքան միջոցառումը, որի ընթացքում քննարկել են ցորենի համաձայնության ու Սիրիայի հիմնախնդրի հետ կապված հարցեր։

XS
SM
MD
LG