Մատչելի հղումներ

Զելենսկին և Սի Ցզինպինը հեռախոսազրույց են ունեցել


Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ Չինաստանի հետ հարաբերությունները կզարգանան։ Չինաստանի նախագահը խոստացել է հատուկ ներկայացուցիչներ ուղարկել Ուկրաինա՝ հակամարտության կողմերի հետ բանակցությունների համար:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չորեքշաբթի ասել է, որ «երկար և բովանդակալից» հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ և հույս ունի, որ դա կնպաստի Պեկինի հետ հարաբերությունների զարգացմանը։

«Ես երկար և բովանդակալից հեռախոսազրույց եմ ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ», - գրել է Զելենսկին Twitter-ում: «Կարծում եմ, որ այս խոսակցությունը, ինչպես նաև Չինաստանում Ուկրաինայի դեսպանի նշանակումը հզոր խթան կհանդիսանա մեր երկկողմ հարաբերությունների զարգացման համար»։

Ուկրաինական ԶԼՄ-ներն էլ հայտնում են, որ Զելենսկին Պավել Ռյաբիկինին նշանակել է Չինաստանում Ուկրաինայի դեսպան։

Չինաստանն իր հերթին հայտարարել է, որ հատուկ ներկայացուցիչներ կուղարկի Ուկրաինա և բանակցություններ կվարի բոլոր կողմերի հետ՝ երկրում ճգնաժամը կարգավորելու համար:

Այս մասին Սի Ցզինպինը Զելենսկիին ասել է զրույցի ընթացքում, հաղորդում են Չինաստանի պետական լրատվամիջոցները։

Չինաստանը կկենտրոնանա խաղաղության բանակցությունների առաջխաղացման վրա և ջանքեր կգործադրի վաղաժամ զինադադարի համար, Զելենսկիին ասել է Սին։

Սի Ցզինպինի խոսքով, Չինաստանը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ և մեծ պատասխանատվությամբ երկիր, մի կողմ չի կանգնի, երբ ուկրաինական ճգնաժամը շարունակվի, և «կրակի վրա յուղ չի լցնի» և իրավիճակը օգտագործի ի օգուտ իրեն:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Չինաստանի ղեկավարը հայտարարել էր Ուկրաինայի նախագահի հետ զրուցելու պատրաստակամության մասին։

Զելենսկին բազմիցս առաջարկել է Սիին երկկողմ հանդիպում անցկացնել, հատկապես այն բանից հետո, երբ Չինաստանի առաջնորդը անցյալ ամիս այցելեց Մոսկվա։

Հոդվածը հիմնված է REUTERS լրատվականի տեղեկության հիման վրա:

XS
SM
MD
LG