Մատչելի հղումներ

Ջո Բայդենը կառաջադրի իր թեկնածությունը 2024 թ. նախագահական ընտրություններում


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար: CNN լրատվականի հրապարակած տեսանյութում Բայդենն ասում է.

«Երբ 4 տարի առաջ ես առաջադրեցի իմ թեկնածությունը նախագահի պաշտոնի համար, ես ասացի, որ մենք պայքարում ենք Ամերիկայի ոգու համար: Եվ մենք մինչև հիմա պայքարում ենք: Հարցն այն է՝ արդյոք առաջիկա տարիներին մենք ավելի շատ ազատություն կունենանք, թե՞ ավելի քիչ, ավելի շատ իրավունքներ, թե՞ ավելի քիչ: Ես գիտեմ, թե ինչպիսին եմ ուզում, որ լինի պատասխանը, կարծում եմ՝ դուք նույնպես գիտեք: Սա ինքնագոհ լինելու ժամանակը չէ: Ահա թե ինչու եմ առաջադրվում՝ վերընտրվելու համար», - հայտարարել է Բայդենը:

Բայդենն իր տեսաուղերձում դեմ է արտահայտվում «հանրապետական ծայրահեղականներին», որոնք, ըստ ԱՄՆ նախագահի՝ «թելադրում են, թե իրենց առողջության հետ կապված ինչ որոշումներ պետք է ընդունեն կանայք, արգելում են որոշ գրքեր և ասում են մարդկանց՝ ում սիրել և ում ո՝չ»:

CNN-ի հաղորդմամբ՝ Բայդենն, ամենայն հավանականությամբ, հեշտությամբ կառաջադրվի իր կուսակցության կողմից: Մինչ այժմ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի համար իրենց թեկնածությունն են առաջադրել միայն գրող Մարիան Ուիլյամսոնը և ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդի, իրավաբան և քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի կրտսերը:

Իսկ հանրապետական կուսակցությունից առաջադրվելու համար իրենց հայտերն են ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, Արկանզասի նախկին նահանգապետ Ասա Հաթչինսոնը և ձեռնարկատեր Վիվեք Ռամասվամին։

XS
SM
MD
LG