Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի մարտի վերջին Մոսկվա կատարած այցի ժամանակ Իրանն ու Ռուսաստանը վերահաստատեցին իրենց վճռականությունը՝ մոտ ապագայում նոր 20-ամյա «Ռազմավարական համագործակցության համաձայնագիր» կնքելու վերաբերյալ:
Թեհրանն ու Մոսկվան նման առաջին համաձայնագիրը ստորագրել են դեռ 2001 թվականին, սակայն դրա ժամկետը սպառվել է։ Հաջորդ 20-ամյա համաձայնագիրը, փորձագետների կարծիքով, ամենայն հավանականությամբ կկենտրոնանա ոչ միայն ավելի խորը տնտեսական համագործակցության, այլ նաև ռազմական կապերի վրա, ինչի վկայությունն է այս ոլորտում իրանա-ռուսական համագործակցության աճը:
Չնայած այն հանգամանքին, որ ռուս-իրանական հարաբերությունները շատ երկար պատմություն ունեն՝ սկսած 16-րդ դարից, դրանք միշտ չէ, որ եղել են սահուն ու շահավետ երկու երկրների համար։
Ոչ միայն պատմության մաս դարձած ռուս-պարսկական պատերազմները, այլև, առաջին հերթին, ԽՍՀՄ-ի, այնուհետև Ռուսաստանի Դաշնության հակասական հարաբերությունները Իսլամական Հանրապետության հետ վերջին 30 տարիների ընթացքում շատ փորձագետների ստիպում են մտածել, թե ինչն է մղում Իրանին և Ռուսաստանին երկկողմ համագործակցությանն այսօր և որոնք են դրա խորացման սահմանները Մոսկվայի և Թեհրանի տեսանկյունից:
Անցած տասնամյակների ընթացքում Իրանն ու Ռուսաստանը գործարար հարաբերություններ են ունեցել էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև որոշ տնտեսական հարաբերություններ, սակայն հիմնականում պետությունները համագործակցել են միջուկային և ընդհանուր անվտանգության հարցերում։
Այնուամենայնիվ, մեծ չափազանցություն կլինի այսօր խոսել Թեհրանի և Մոսկվայի միջև մեծ ռազմավարական մերձեցման մասին, ասում է Մերձավոր Արևելքի ինստիտուտի գիտնական Մահմուդ Սարիոլղալամը:
Թե ինչու է , Ըստ արևելագետի, «դեպի Ռուսաստան Իրանի շրջվելու» կրիտիկական պահն է ԱՄՆ-ի դուրս գալը «Իրանի հետ միջուկային համաձայնագրից»։
«Այդ ժամանակ Իրանի անվտանգության և ռազմական շրջանակները «կարծես հանկարծակի հանգեցին այն եզրակացության, որ ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում «անկայուն է», և եթե տնտեսական պատժամիջոցները չեղարկվեն, Իրանը «ստիպված կլինի գնալ մեծ զիջումների, և նույնիսկ փոխել իր արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Փաստորեն, ի սկզբանե պարզ էր, որ Իրանը, կնքելով միջուկային համաձայնագիրը, ստիպված է լինելու փոխել իր արտաքին քաղաքականությունը։ Իրանի անվտանգության ուժերն ու զինվորականները օգտագործել են միջուկային համաձայնագրից դուրս գալը՝ համոզելու իրենց ողջ կառույցին, որ Իրանը «չի կարող ապավինել ԱՄՆ-ին, և պետք է անցում կատարի ԱՄՆ-ից դեպի Ռուսաստան իր արտաքին քաղաքականության մեջ», - ասել է Մահմուդ Սարիոլգալամը:
Փորձագետի խոսքով՝ Իրանը, իսկապես, կարող է «մի շարք առավելություններ ստանալ էներգետիկայի ոլորտում՝ ավելի քիչ կախված լինելով եվրոպական ու ամերիկյան տեխնոլոգիաներից»։
«Երկրների միջև ռազմական համագործակցության ներուժ կա, որը, ինչպես գիտեք, ընդլայնվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո», - հիշեցրեց վերլուծաբանը՝ թվարկելով Թեհրանի համար կարևոր գործիքակազմը, որը Ռուսաստանը տրամադրում է Իրանին, հատկապես ներքին անվտանգության ոլորտում, իսկ ամենակարևորն է ԱՄՆ-ի վերաբերյալ Իրանի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակման Ռուսաստանի պատրաստակամությունը։
«Իրանում և մերձակայքում իրականացվող գործողությունների վերաբերյալ ցանկացած տվյալներ կարևոր են Իսլամական Հանրապետության ռեժիմի անվտանգության համար, որոնք ապահովում են և՛ «իշխանության գոյատևումը», և՛ կարող են կարևոր դեր խաղալ քաղաքական համակարգում շարունակականության ապաովման հարցում»,- պարզաբանել է Մահմուդ Սարիոլգալամը։
Իսկ պատրաստ է արդյո՞ք իրանական հասարակությունը լիովին ապավինել Ռուսաստանին՝ որպես գործարար և ռազմական գործընկեր:
«Իրանը պառակտված է»,- ասել է Մահմուդ Սարիոլգալամը՝ նկատելով, որ Ռուսաստանը Իրանում չունի դրական իմիջ։ Սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրանական համակարգը որոշեց շրջվել դեպի Մոսկվա»։
Փորձագետը հաստատեց, որ հայեցակարգային մակարդակում երկու երկրներին միավորողը «հակամերիկականությունն է»։ Իրանի հետ Ռուսաստանի պաշտպանական համագործակցությունը վերլուծաբանը բացատրում է պատժամիջոցներով ու «իրանական արտադրության զենքի էժանությամբ»։
Ըստ Մահմուդ Սարիոլգալամի՝ Իրանը այս նորաստեղծ դաշինքում «կարող է լինել միայն կրտսեր գործընկեր», սակայն այն փաստը, որ Ռուսաստանն այժմ գտնվում է արևմտյան ուղեծրից դուրս, «մի տեսակ մղում է» Ռուսաստանին դեպի Իրանի հետ մերձեցում:
Փորձագետը համոզված է, որ «սա Իրանի տնտեսական շրջանակներում աջակցություն չի վայելում, բայց քանի դեռ այս երկրների երկու առաջնորդները իշխանության մեջ են, հարաբերությունները կպահպանվեն»։
«Եթե Իրանում տնտեսական կաթվածը, ֆինանսական ճգնաժամը շարունակվեն, ապա այդ հարաբերությունները դժվար թե պահպանվեն»,- կարծում է արևելագետը։
«Իրանում գործնականում չկան քննարկումներ և բանավեճեր իրանա-ռուսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ»,- ասել է փորձագետը՝ ուշադրություն հրավիրելով երկրում հասարակական կարծիքի վրա՝ շեշտելով՝ «Ռուսաստանը գործնականում չի հիշատակվում իրանական լրատվամիջոցներում և ազգային հեռուստատեսությամբ»։
«Նույնիսկ Իրանի բարձրագույն ղեկավարությունը փորձում է չհիշատակել ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Չինաստանին։ Նրանք ասում են, որ «աշխարհը չափազանց բարդ է, բայց այն փոխվում է, որ Ռուսաստանը և Չինաստանը վերելք են ապրում, և Իրանը պետք է հարմարվի այս նոր հանգամանքներին», - ասել է Սարիոլգալաման:
Դա, ըստ փորձագետի, նշանակում է, որ «Իրանի բարձրագույն ղեկավարությունն իսկապես հասկանում է, որ արտաքին քաղաքականության մեջ չափազանց բարդ ժամանակ է ռուսամետ կամ չինամետ արտաքին քաղաքականություն քարոզելու համար»։
Իսկ արդյո՞ք պատրաստ է Ռուսաստանի հասարակությունը սերտ համագործակցել Իրանի հետ։
Չնայած այն հանգամանքին, որ Թեհրանի ռազմական կառույցի մեջ կար ռուսամետ լոբբի, ըստ Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Աննա Բորշչևսկայայի, « Իրանի տեսակետում միշտ գերակշռել է Ռուսաստանի հանդեպ վախի և անվստահության զգացումը», ինչը պայմանավորված էր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության պատմական հիշողությամբ։
Բացի այդ, նորագույն պատմության մեջ Ռուսաստանը անհամապատասխան պահվածք է ցուցաբերել Իրանի նկատմամբ։ Վերլուծաբանը հիշեցրել է, որ Սիրիայում Ռուսաստանի Դաշնության և Իսլամական Հանրապետության միջև մրցակցությունը նույնպես իր դերն է ունեցել երկու երկրների հարաբերություններում։
Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները «միշտ բարդացել են Ռուսաստանի անվստահությամբ, ներառյալ Ռուսաստանի վախով, որ Իրանը կդառնա արևմտամետ», - ասել է Բորշչևսկայան՝ ավելացնելով. «Չնայած Իրանի և Արևմուտքի միջև առևտրի անկմանը՝ Իրանը դեռ ավելի շատ առևտուր է անում ԵՄ երկրների, քան Ռուսաստանի հետ»:
Բորշևսկայան կարծում է, որ «մեծ հարց է, թե արդյոք Ռուսաստանը կարող է հասնել նրան, որ դառնա Իրանի երկարաժամկետ գործընկերը տնտեսական ճակատում»:
Խնդրահարույց է, ըստ քաղաքագետի, նաև Ռուսաստանի և Իրանի միջև «Սիրիայի տնտեսական ռեսուրսները կիսելու» հավանականությունը։
Աննա Բորշչևսկայան հիշեցրել է, որ «իրավիճակը Հարավային Կովկասում նույնպես լի է մարտահրավերներով, որտեղ Ռուսաստանը սերտ կապեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ»։ Միաժամանակ, երկու երկրների միջև վերջին հակամարտության ժամանակ Ռուսաստանը, ըստ փորձագետի, «անցավ Բաքվի կողմը, ինչը դժգոհություն առաջացրեց Իրանի որոշակի շրջանակներում»։
Բորշչևսկայան մեջբերում է Ռուսաստանի վերջին անկախ սոցիոլոգիական ծառայության՝ Լևադա կենտրոնի տվյալները, որոնք, ըստ նրա, ցույց են տալիս, որ «փոքրաթիվ են այն մարդիկ, ովքեր հակված են Իրանը դիտարկել որպես Ռուսաստանի բազմաթիվ բարեկամ երկրներից մեկը»:
«Ռուսաստանում հասարակական կարծիքը բաժանված էր այն հարցի շուրջ, թե արդյոք Մոսկվան պետք է շարունակի աջակցել Իրանին միջուկային ոլորտում, թե ոչ, և միայն ժամանակի ընթացքում ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը և ԱՄՆ-ի՝ որպես թշնամական պետության ընկալումը, ի վերջո, մի փոքր փոխեցին այս հավասարակշռությունը», -նշել է Բորշչևսկայան։
Նա ասում է նաև, որ այսօր երկու երկրներն էլ «միմյանց կարիքն ունեն», քանի որ «երկուսն էլ միջազգային պատժամիջոցների տակ են»։
«Ռուսաստանն առաջին հերթին մեկուսացված է Արևմուտքում։ Երբ խոսքը վերաբերում է այսպես կոչված «համաշխարհային հարավին», ներառյալ Իրանը, Ռուսաստանին անհրաժեշտ է այդ տարածքը գոյատևելու համար», - ընդգծել է Բորշչևսկայան։
Ինչպե՞ս կարող է Իրանի հետ Ռուսաստանի մերձեցումն ազդել Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի երկրներում իրավիճակի վրա։
Վասեդայի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Աբդուլլահ Բաաբուդը հայտարարել է, որ տարածաշրջանում անվտանգության նկատմամբ ԱՄՆ-ի ուշադրության թուլացումը կհանգեցնի շատ արաբական պետությունների «մերձեցմանը»։
Միջազգայնագետի կարծիքով՝ դա պայմանավորված է նաև Ռուսաստանի և Իրանի միջև զարգացող ռազմավարական համագործակցության անհանգստությամբ»։
«Դա պարզ է,- բացատրեց Աբդուլլահ Բաաբուդը,- Իրանը և Ռուսաստանը կարող են զենք և հրթիռներ մատակարարել: Ռուսաստանի օգնությունը Իրանին իր ռազմական արդյունաբերության զարգացման գործում մեծ խնդիր է։ Այն միտքը, որ Ռուսաստանը կարող է նույնիսկ կործանիչներ մատակարարել Իրանին, տագնապալի է տարածաշրջանում բոլորի համար»:
Վերլուծաբանի կարծիքով՝ դրանով է բացատրվում, թե ինչու է Սաուդյան Արաբիան որոշել «հաշտվել» Իրանի հետ՝ «հրավիրելով նրան համագործակցության»։
Բացի այդ, ըստ նրա, «տարածաշրջանի երկրների մեծ մասը զգում է աշխարհում տեղի ունեցող գլոբալ իշխանափոխությունը։
Չինաստանի վերելքին զուգահեռ «գլոբալ հարավը նույնպես մուտք է գործում բազմաբևեռ աշխարհ, որի երկրներն այժմ փնտրում են իրենց սեփական ուղիներն ու պատճառները՝ զարգացնելու իրենց հարաբերություններն այնպես, ինչպես իրենք են ցանկանում»։
Միաժամանակ, նշել է Բաաբուդը, «տարածաշրջանի երկրները կարող են հայտնվել անհարմար դրության մեջ՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ գործընկերության պատմությունը»։
Աբդուլլահ Բաաբուդը վստահ է, որ Ռուսաստանը «ցանկանում է Իրանը պահել իր ուղեծրում, բայց հետագայում Իրանը, ամենայն հավանականությամբ, կշրջվի դեպի ԱՄՆ և Արևմուտք»։
«Կարծում եմ՝ Ռուսաստանն ընդհանուր առմամբ փորձում է իր ուղեծրում «պահել» ողջ Մերձավոր Արևելքը»,- նշել է փորձագետը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը «շարունակում է փորձել ազդել արաբա-իսրայելական հակամարտության վրա և աջակցել Պարսից ծոցի փոքր պետություններին՝ իրենց արտաքին քաղաքականությունը վերակողմնորոշելու ի դեմս բազմաբևեռ աշխարհի փոփոխությունների»։
Աննա Բորշչևսկայան նշել է, որ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա Իսրայելին շատ ծանր դրության մեջ է դրել»։
«Իսրայելը կառուցված է ժողովրդավարական արժեքների վրա, և մեծ թվով ներգաղթյալներ են ժամանել Իսրայել Ուկրաինայից, Ռուսաստանից և Խորհրդային Միության այլ երկրներից: Առայժմ Ռուսաստանը չի միջամտում տարածաշրջանում Իսրայելի քաղաքականությանը։ Միևնույն ժամանակ, հենց Ռուսաստանի Դաշնությունում եղան մի քանի դատական գործեր, որոնք ուղղված էին երկրում մի շարք հրեական կազմակերպությունների փակմանը», - ասում է Մերձավոր Արևելքի քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի ավագ գիտաշխատողը:
Փորձագետը կարծում է, որ «սա մի տեսակ ազդանշան էր Կրեմլից Երուսաղեմին», որ Իսրայելը պետք է չեզոք մնա զարգացող իրադարձություններում։