Մատչելի հղումներ

Գաղտնիքների արտահոսքը եւ ուկրաինական հակահարձակման ծրագրերը


Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի շտաբը ամենավերջին պահին կորոշի, թե որ պահին եւ որ ուղղություններով է սկսում հակահարձակում ընդդեմ ռուսական ուժերի: Այս մասին ասել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը գերմանական ARD հեռուստաալիքով:

Ըստ Դանիլովի՝ Ուկրաինան մշտական կապի մեջ է իր առանցքային դաշնակիցների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Լեհաստանը, սակայն «գործողություններ իրականացնելու տվյալները, խիստ գաղտնի են», ասել է նա։

Անդրադառնալով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունից գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մասին տեղեկություններին` նա նշել է, որ ‘’հատուկ ծառայությունները պետք է ավելի զգոն լինեն նման հարցերում’’:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Reuters-ին ասել է, որ ենթադրաբար «գաղտնի փաստաթղթերի» արտահոսքը, որոնք մանրամասնում են Կիևին օգնելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ծրագրերը, նման է ռուսական ապատեղեկատվական օպերացիայի, որի նպատակն է կասկածներ սերմանել Ուկրաինայի ծրագրած հակահարվածի նկատմամբ:

Իր տելեգրամյան ալիքում նա նշել է, թե «հրապարակված տվյալները ավելի հավանական է, որ հիմնված են մեծ քանակությամբ ապատեղեկատվության վրա»:

‘’Եթե Ռուսաստանն իսկապես ստանար սցենարի իրական նախապատրաստական մասին տվյալներ, դժվար թե դրանք հանրայնացներ։ Կարծում եմ, դա ապատեղեկատվություն տարածելու ռուսական դասական խաղ է’’, ասել է նա:

Հիշեցնենք, որ ամերիկյան մամուլի մի շարք միջոցներ, ինչպես օրինակ The New York Times-ը, Washington Post-ը, The Wall Street Journal-ը, եւ CNN-ը հրապարակել են ուկրաինական հակահարձակման, Կիևի և դաշնակիցների միջև ռազմատեխնիկական համագործակցության իրավիճակի վերաբերյալ ենթադրաբար գաղտնի փաստաթղթերից որոշ հատվածներ:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին մամուլին նախազգուշացրել է հրաժարվել գաղտնազերծված փաստաթղթերի հրապարակումից: Նա չի հաստատել դրանց իսկությունը, սակայն ասել է, որ դրանք չպետք է լինեն թերթերի առաջին էջերում:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն էլ քրեական հետաքննություն է սկսել Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի և անօրինական հրապարակման առնչությամբ։

Վերլուծաբաններից Վլադիմիր Բոնդարենկոն կարծում է, որ Ուկրաինայի ղեկավարությունը հարձակողական ինքնուրույն ծրագիր է մշակում, որի վրա չի կարող ազդել տեղեկատվության որեւէ արտահոսք։ ‘’Նման հակահարձակման մասին գիտի միայն մի քանի հոգի’’, ասում է նա ու ավելացնում, թե վստահ է, որ Ռուսաստանը պարզապես փորձում է սերմանել անվստահություն Ուկրաինայում:

‘’Այս «արտահոսքի» նպատակը Ուկրաինայի տարբեր դաշնակիցների միջև սեպ խրելն է’’, ասում է Digests & Analytics ուկրաինական վերլուծական կենտրոնի նախագծերի ղեկավար Վադիմ Խոմախան: Նա չի կարծում, որ Ուկրաինայի դաշնակիցների շրջանում նման կերպ անվստահություն տարածելու ռուսական մոլուցքը կարող է կանխել ուկրաինական հակահարձակումը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ասել է, որ հետաքննիչներն աշխատում են, պարզելու համար, թե ով կամ ովքեր կարող էին ունենալ հետախուզական տվյալները հրապարակելու հնարավորություն և շարժառիթ: Պենտագոնում, ողջունելով Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալին, Օսթինը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը ռազմական աջակցություն կցուցաբերի Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հակահարձակմանը «այնքան ժամանակ, որքան կպահանջվի»:

«Վստահ եմ, որ մենք կբավարարենք Ուկրաինայի պաշտպանական կարիքները գարնան ընթացքում և դրանից հետո»,- ասել է Օսթինը։

XS
SM
MD
LG