Մատչելի հղումներ

Պենտագոնի գաղտնի տվյալների արտահոսքի լրջությունը


ԱՄՆ-ի փորձագիտական հանրությունը կարծում է, որ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի և դրանց բացահայտման հետևում, ամենայն հավանականությամբ, կանգնած են ռուսական գաղտնի ծառայությունները։ Մի բան, որը, ըստ փորձագետներից շատերի, կարող է մեծապես վնասել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների միջեւ հարաբերությունները:

Վերջերս ստացվեցին տեղեկություններ այն մասին, որ գրանցվել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարարության` Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսք: Ինչպես փորձագետներն են ասում, սա կարող է դառնալ պատճառ, որ ԱՄՆ-ի կառավարությունը հայտնվի բավականին անհարմար իրավիճակում։ Իշխանություններն այժմ փորձում են պարզել, թե որտեղից է արտահոսել գաղտնի տեղեկատվությունը: Սակայն այս պատմության մեջ ամենալուրջ խնդիրն այն է, որ ըստ այդ փաստաթղթերի, Միացյալ Նահանգների հետախուզական գործողությունները լրտեսություն են իրականացրել նաեւ դաշնակիցների շրջանում:

Մեթյու Բրայզան, որը ժամանակին Մինսկի խմբում ամերիկացի համանախագահն էր, այսօր որպես Ջեյմսթաուն հիմնադրամի վերլուծական կենտրոնի խորհրդի անդամ՝ «Ամերիկայի Ձայն»-ին ասում է, թե համաձայն է իր այն գործընկերների հետ, որոնց կարծիքով, գաղտնի փաստաթղթերի հրապարակումը վնաս է հասցնում պետության հեղինակությանը: ‘’Խոսքը հատկապես այն փաստաթղթերի մասին է, որոնք վերաբերում են Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական ռազմական կորուստների թվին։ Համացանց վերբեռնված այդ փաստաթղթերում ռուսական կողմի կորուստների մասին թվերը շատ ավելի փոքր են, քան իրականում է’’, ասում է Բրայզան, հիշեցնելով, որ ‘’ռուսները վաղուց են հայտնի քաղաքական շահի նպատակով կեղծ փաստաթղթեր հրապարակելով’’:

Սակայն Բրայզան չի կարծում, որ գաղտնի փաստաթղթերի այս արտահոսքը կարող է վճռական ու բացասական մեծ ազդեցություն ունենալ դաշնակիցների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա: ‘’Թեև կարճաժամկետ հեռանկարում գրգռվածությունն անխուսափելի է’’, ասում է նա: Նա հիշեցնում է Սնոուդենի կազմակերպած փաստաթղթերի արտահոսքը, որը մեծապես էր վրդովեցրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելին: Այդ փաստաթղթերի համաձայն, Մերքելի հեռախոսազրույցները ենթարկվել էին գաղտնալսման: ‘’Սակայն այս ամենը չպետք է դառնա բարեկամական հարաբերությունները սրելու պատճառ, քանի որ բարեկամ երկրների միջեւ գաղնտի հետախուզական գործողությունները նորություն չեն որեւէ մեկի համար’’, ասում է վերլուծաբանը:

Փորձագետները կարծում են, որ եթե նույնիսկ դաշնակիցների միջեւ առաջ չգա լարվածություն, իրականում Մոսկվան շահում է այս իրավիճակից: Մինչդեռ Վաշինգտոնի հեղինակությունն անկում է ապրում այդ պատճառով:

Ամենազգայուն տեղեկություններից մի քանիսը, ըստ որոշ տեղեկությունների, կապված են Ուկրաինայի ռազմական հնարավորությունների և թերությունների հետ: Դրա արդյունքում ուկրաինական հրամանատարությունը կարող է հետաձգել ռուսական ուժերի դեմ նախատեսված հակահարձակման մեկնարկի օրը:

‘’Նրանք չէին ցանկանա, որ իրենց ռազմավարության և դաշնակիցների հետ փոխգործակցության մասին տեղեկատվությունը դառնար ռուսների սեփականություն’’, ասում են վերլուծաբանները:

Դանիել Ն. Հոֆմանը, ով նախկինում եղել է ԿՀՎ-ի ներկայացուցիչը Մոսկվայում, ավելի զուսպ է իր գնահատականներում: ‘’Սկսենք նրանից, որ դեռ չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել: Առայժմ միայն աղմուկ ենք տեսնում մամուլում: Վնասի գնահատական դեռ չի տրվել, եվ վստահ չենք, թե իրականում ով է հափշտակել այդ փաստաթղթերը’’, ասում է նա ու նշում, որ այս պահին իրականացվում են հանգամանքները եւ փաստերը ճշտելու աշխատանքներ, եւ մինչեւ բոլոր փաստերի ի հայտ գալը, ասում է նա, պետք է հեռու մնալ եզրակացություններ անելուց:

XS
SM
MD
LG