Մատչելի հղումներ

Ինչպես Պուտինը ոչնչացրեց Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի ձեռքբերումները


ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցումը մի մեծ հարված էր` հասցված Պուտինի դեմքին, որն առնվազն 2007 թվականից ի վեր, խոսում էր ՆԱՏՕ-ի ընդլայնման սպառնալիքի մասին ու երդվում ամեն կերպ դա խափանել: Ուկրաինա ներխուժելով` Պուտինը ՆԱՏՕ-ին է ստիպում միանալ նույնիսկ մի երկրի, որը դեռեւս

1809 թվականից ի վեր չէր մտել ռազմական որեւէ դաշինքի մեջ: Խոսքը Շվեդիայի մասին է, որը մեկ այլ ապտակ է դառնում Պուտինի մյուս այտին:

Պատմաբաններն ու վերլուծաբանները լավ են հիշում, որ ժամանակին Պուտինն ինքն էր ցանկություն հայտնում անդամակցել ՆԱՏՕ-ին և մասնակցել դաշինքի որոշումների կայացմանը: 2000-ականների Ռուսաստանի ռազմական ղեկավարությունն անմիջականորեն համագործակցել է ՆԱՏՕ-ի հետ և որևէ վտանգավոր բան չի տեսել այս կազմակերպության անդամ երկրների թվի ավելացման մեջ։

Պուտինի ձայնի երանգը փոխվեց, երբ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ներխուժում իրականացրին Իրաքում: Սակայն արմատական փոփոխություն գրանցվեց Վրաստանի և Ուկրաինայի ժողովրդավարական զարթոնքից հետո: Կրեմլը, հանձինս Պուտինի, կարծում էր, որ Արևմուտքը սկսել է ոչ ժողովրդավարական երկրների վարչակարգերը փոխելու գործունեություն ծավալել:

Հիմա Ռուսաստանի դիրքերն ավելի են թուլանում, քանի որ եթե մինչեւ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցումը, Բալթյան բոլոր երեք երկրները մեծապես էին խոցելի, ապա այժմ այդպես չէ, քանի որ Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում, արդեն ՆԱՏՕ-ի անդամ Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի F-35 տիպի ռազմաօդանավերը կարող են հատել Ֆիննական ծոցը ժամում մինչև 8 անգամ։

‘’Այժմ ՆԱՏՕ-ի երկու երկրներ վերահսկում են Սանկտ Պետերբուրգ տանող ծովային դարպասները, եւ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությամբ այս տարածաշրջանում Ռուսաստանը գրեթե լիովին ընկնում է ՆԱՏՕ-ի շրջափակման տակ: Ահա եւ Պուտինի ձեռքբերումը’’, ասում են վերլուծաբաններն ու ավելացնում, որ այժմ ռազմավարական առումով չափազանց կարևոր է, որ Շվեդիան հնարավորինս շուտ անդամակցի ՆԱՏՕ-ին: ‘’Ամենակարևոր պաշտպանական տարածքներից մեկը շվեդական Գոտլանդ կղզին է: Խնդիր կարող է ծագել, եթե Ռուսաստանի կողմից այս կղզու գրավման դեպքում Մոսկվան այնտեղ տեղակայի հրթիռներ, օրինակ՝ С-400-ներ, որոնք այնտեղից կկարողանան հասնել Եվրոպայի շատ մայրաքաղաքներ, մասնավորապես՝ Օսլո, Կոպենհագեն, Բեռլին, Վարշավա, Բալթյան երկրների բոլոր երեք մայրաքաղաքները և Հելսինկի ։ ‘’Այնպես որ, Շվեդիան նույնպես պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին, այն էլ՝ շատ արագ’’, ասում են փորձագետները:

Կլինե՞ն արդյոք Եվրոպայում չեզոք երկրներ.

Այս հարցը տալիս` վերլուծաբանները նախ նկատի են ունենում Շվեյցարիան եւ Ավստրիան: Նրանք ընդգծում են, որ այդ պետությունները, իրենց աշխարհագրությունից ելնելով, Ռուսաստանի կողմից ուղղակի սպառնալիքի առաջ կանգնած չեն։ Սակայն Եվրոպայում ռուսական ագրեսիայից հետո նրանք պետք է մտածեն, թե ում հետ են այս պատերազմում: Ճիշտ է, նրանք վահանի պես շրջապատված են ՆԱՏՕ-ի անդամ պետություններով, սակայն լավ պիտի հասկանան, որ Ռուսաստանից լիովին պաշտպանվելու համար, պիտի որդեգրեն որոշակի քաղաքական ու ռազմական դիրքեր ընդդեմ Մոսկվայի:

Մոսկվան հուսով էր, որ Ուկրաինա ներխուժելով, կարժանանար Արեւմուտքի այն նույն վերաբերմունքին, ինչին արժանացավ, երբ իր զորքերը մտցրեց Վրաստան: Արեւմուտքը փաստորեն չարձագանքեց նաեւ, երբ ռուսները 2015-ին գրավեցին Ղրիմը: Դրանից միայն մեկ տարի անց Գերմանիայի և Ռուսաստանի միջև ստորագրվեց «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցման պայմանագիրը։ Ահա սրանք էին Արեւմուտքի թույլ տված սխալները, որոնց արդյունքում Պուտինը հավատաց, որ իր առջեւ բաց են արշավանքի դռները:

Հավատաց ու չարաչար սխալվեց, ասում են փորձագետները: Արդյունքում, ՆԱՏՕ-ի հետ նրա սահմանները կրկնակի անգամ երկարեցին: Արդյունքում մեկուսացվեց ու դեռ երկար է մեկուսացվելու:

Այնպես որ, Պուտինը քանդում է Ռուսական կայսրության հիմքերը:

XS
SM
MD
LG