Մատչելի հղումներ

Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը` որպես Կրեմլի հիվանդության ախտանշան


Կրեմլի կողմից վերջերս հրապարակված Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգն Արեւմուտքում համարում են ապրիլմեկյան կատակի պես մի բան: Ինչու՞ է այն առաջ բերում ծիծաղ: Որովհետեւ փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը «խաղաղասեր է», եւ որ Մոսկվան Արևմուտքին իր թշնամին չի համարում: Բացի այդ, ասված է այնտեղ, հայեցակարգը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի վրա, եւ որ Ռուսաստանը համարվում է ոչ ավել, ոչ պակաս, քան ‘’ինքնօրինակ պետական քաղաքակրթություն’’:

Այս փաստաթուղթն ուշագրավ է իր բովանդակության դատարկությամբ: Այս մասին է «Ամերիկայի Ձայնի»-ն ասում քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը։ Նրա կարծիքով, այս հայեցակարգը կարելի է միայն համեմատել Ստալինի լեզվաբանության հետ։

«Նույն պարզունակությունը, իրականությունից չափազանց հեռու գտնվող պատկերները, պետության ղեկավարի կողմից ռազմական իր ստեղծած կառույցների մասին շարունակ հպարտանալու մոլուցքը’’, ասում է վերլուծաբանն ու ավելացնում, որ այս փաստաթուղթը թույլ է տալիս բացահայտել ռուսական այս վարչակարգի հիվանդության ախտանիշները:

Ի դեպ, «ռուս» արմատով բառերը նոր հայեցակարգում օգտագործվել են 12 անգամ, երբ նախորդ փաստաթղթում այն միայն մեկ անգամ էր կիրառվել: Նաեւ մեծ ուշադրություն է դարձվում «ռուսաֆոբիայի» և արտաքին ուժերին «հակազդելու» վրա, ասում են փորձագետները:

Մի խոսքով, սա «կիսաբնազդային» հետընթաց է դեպի խորհրդային արժեհամակարգը, ասում են վերլուծաբանները: Ըստ Օրեշկինի, «Փաստորեն, վերեւում այլ բան առաջարկել չեն էլ կարող։ Իսկ անարգված ժողովուրդն էլ պետք է հեզորեն ընդունի այս արժեքները, պաշտի դրանք ու պատրաստ լինի զոհաբերվելու։

Փաստաթղթի համաձայն՝ Հյուսիսային Կորեան դասվում է Ռուսաստանի բարեկամ մի քանի պետությունների շարքում, երբ այդ շարքից բացակայում են եւվրոպական եւ արեւմտյան այլ առաջատար պետություններ:

Ըստ փորձագետների ու քաղաքագետների, Ռուսաստաանի իշխանությունները կարծում են, որ բավական է զանգվածային զտումներ իրականացնել, ոչնչացնել, վտարել, մեկուսացնել միլիոնավոր մարդկանց, ովքեր այլ առաջնահերթություններ ունեն, և ամեն ինչ իր տեղը կընկնի։ ‘’Ուստի նրանք հետեւողականորեն դա անում են՝ թքած ունենալով երկրի ճակատագրի վրա` հանուն իրենց իշխանության պահպանման’’:

Քաղաքական վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկին էլ «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայեցակարգը «հրեշավոր փաստաթուղթ» է անվանում: Նրա խոսքով՝ փաստաթղթի ոճը «կասկածելիորեն նման է» նոր Սահմանադրության տեքստին։ «Գրիչը կարծես նույնն է», ասում է նա, ու ավելացնում, որ Հարավային Օսիային և Աբխազիային ‘’մեծապես նպաստելու’’ մասին խոսքերով, Կրեմլը ուրվագծում է այս տարածքներն իրեն բռնակցելու ծրագիրը։

Պուտինն, ըստ ամենայնի, հույս ունի Ուկրաինայում իր քաղաքականության փլուզումն արդարացնել կամ կոծկել` իր ժողովրդի աչքերն այլ կողմեր շրջելով:

«Սակայն հիմա ամեն ինչ որոշվում է ոչ թե նման փաստաթղթերով կամ ժողովրդի աչքին փոշի փչելով, այլ որոշվում է Ուկրաինայում, որտեղ այս երկրի զինված ուժերը նախապատրաստում են ուժեղ հակահարձակում:

Ի դեպ, Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում ուկրաինական պատերազմը նշվում է միայն հպանցիկ կերպով: Իսկ հպանցիկ հարց է սա, թե ոչ, Ուկրաինայի զինված ուժերը ցույց կտան եկող մի քանի ամիսներին:

XS
SM
MD
LG