Մատչելի հղումներ

 
ԱՄՆ Կառավարության վերահսկող մարմինները մինչ այժմ Ուկրաինայի օգնության չարաշահման լուրջ դեպքեր չեն արձանագրել

ԱՄՆ Կառավարության վերահսկող մարմինները մինչ այժմ Ուկրաինայի օգնության չարաշահման լուրջ դեպքեր չեն արձանագրել


Ավելի քան մեկ տարի առաջ, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, Միացյալ Նահանգները նախատեսել  է մոտ 113 միլիարդ դոլար ռազմական և հումանիտար օգնություն Ուկրաինային՝ դարձնելով այն  ԱՄՆ կառավարության կողմից երբևէ հաստատված օգնության ամենամեծ փաթեթներից մեկը: 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կրկնում է իր կոչը. «Մենք պատերազմի մեջ ենք և մեզ միջոցներ են պետք»:

Ամերիկյան 113 միլիարդ դոլարի ֆինանսավորումն օգնել է ռուսական ներխուժման դեմ ուկրաինացիների պայքարին, որն, ըստ շատ ամերիկացի օրենսդիրների, արժեր տրամադրել:

Դեմոկրատ կոնգրեսական Գրեգորի Միքսի խոսքով՝ «Մեր ջանքերը միայն Ուկրաինային և նրա քաղաքացիներին չեն վերաբերում: Այս պայքարն ամբողջ աշխարհի ժողովրդավարությունների և ազատ մարդկանց համար է, ովքեր Պուտինի նման դաժան բռնապետերի դեմ են հանդես գալիս »:

Իսկ թե արդյոք այդ ֆինանսավորումը ճիշտ է ծախսվում պատերազմի քաոսի պայմաններում: Այս հարցին է անդրադարձել հանրապետական կոնգրեսական Քորի Միլսը. «Ես կողմնակից եմ 100 տոկոս աուդիտի: Ես ուզում եմ բացարձակ թափանցիկություն, թե որտեղ է ծախսվել յուրաքանչյուր դոլարը»:

Անցյալ տարի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին ասել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային անսահման ֆինանսավորում չի տրամադրի: ԱՄՆ կառավարության երեք վերահսկողներ, որոնք վերահսկում են տրամադրվող օգնությունը, չորեքշաբթի օրենսդիրներին ասել են, որ մինչ օրս չեն հանդիպել խարդախության որևէ հիմնավորված դեպքի:

Հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնի խոսքով՝

«Դա հուսադրող է ամերիկացի հարկատուների համար, որ իրականում վստահում ենք, բայց նաև ստուգում՝ ամեն ջանք գործադրելով: Ուկրաինայի ժողովրդի շահերից է բխում, որ սարքավորումների ոչ մի յուրացում չլինի: Նրանք գիտակցում են, որ դա կհիասթափեցնի ամերիկյան հանրությանը»։

Այդուհանդերձ, որոշ հանրապետականներ մտահոգություն են հայտնել Ուկրաինայի կառավարության աշխատավարձերի և կենսաթոշակների վճարմանն ուղղված ԱՄՆ օգնության վերաբերյալ, հատկապես, երբ շատ ամերիկացիներ տնտեսական դժվարություններ ունեն:

Հանրապետական կոնգրեսական Ուորեն Դեյվիդսոնը քննադատել է վարչակազմի քաղաքականությունն Ուկրաինային աջակցելու հարցում՝ ասելով, թե ինչու օրինակ այդ դեպքում չֆինասավորել ուկրաինական կառավարության պաշտոնյաների գնումները Փարիզում:

Հետաքննողները նշում են, որ գումարը հատկացվում է միայն ծախսերը հաստատելուց հետո: Ավելի վաղ Ուկրաինային տրամադրվող ողջ օգնությունը մեկ հետաքննողին հանձնելու վերաբերյալ Սենատի առաջարկը չի ընդունվել:

Հանրապետական սենատոր Ջոշ Հոուլին առաջարկել է՝

«Եկեք ստեղծենք ոչ թե 2, 3 կամ 20, այլ մեկ կառավարական վերահսկող մարմին, որը կվերահսկի Ուկրաինայի հարցում ծախսվող յուրաքանչյուր ցենտը և զեկուցի Կոնգրեսին ու ամերիկացի ժողովրդին, թե ինչպես են ծախսվում իրենց գումարները»:

Այդ առաջակրը կարող է կրկին օրակարգ մտնել, երբ այս տարվա վերջին քննարկվի Ուկրաինային օգնության նոր փուլը:

Ըստ հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթի՝

«Կոնգրեսը գաղափարների հարթակ է, որտեղ կարևոր են բանավեճերը: Եվ ես կարծում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը մեր աջակցության կարիքն ունի, նրանք արժանի են մեր աջակցությանը»:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ը հայտարարեց Ուկրաինայի անվտանգության աջակցության նոր փաթեթի մասին, որը կազմում է 400 միլիոն դոլար։

XS
SM
MD
LG