Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսը պահանջում է Աֆղանստանից հեռանալու մասին մանրամասն բացատրություններ


2021 թվականի օգոստոսին Աֆղանստանից ԱՄՆ-ի բոլոր ուժերի կտրուկ դուրսբերումը և մայրաքաղաքի օդանավակայանից փախչելու փորձ կատարող աֆղանստանցիների քաոսային տեսարանները կրկին ուշադրության կենտրոնում են:

Ինչպես Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մայքըլ Մաքքոլն է ասում, Բայդենի վարչակազմը «թուլություն է ցուցաբերել» ու դրանով իսկ ոգեշնչել ԱՄՆ-ի հակառակորդներին, այդ թվում` Ռուսաստանի ու Չինաստանի առաջնորդներին:

‘’Աֆղանստանի անկումից ոչ շատ անց արբանյակային պատկերներով մենք տեսանք, որ Ռուսաստանի Դաշնությունը շարժվում է դեպի Ուկրաինա: Այնուհետև տեսանք, թե ինչպես են ռուսական զորքերը ներխուժում Ուկրաինա: Հետո տեսանք Չինաստանի նախագահին, որը սպառնում էր Թայվանին’’, ասում է նա:

Դեմոկրատ կոնգրեսականներն էլ հիշեցնում են, որ Թրամփի վարչակազմն էր ավելի վաղ կայացրել ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերելու որոշում, մինչեւ Բայդենի վարչակազմի պաշտոնավարումը:

Քաբուլի միջազգային օդանավակայանում մահապարտ ահաբեկչի հարձակման արդյունքում ամերիկացի 13 զինծառայողների մահվան պատճառը հանրապետական կոնգրեսականները համարում են անվտանգության միջոցների խափանման փաստ:

Մաքքոլը խնդրել է Բլինքենին տրամադրել տարակարծության փաստաթղթերը, ըստ որոնց, 2021 թվականի հուլիսին Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատանը ծառայող դիվանագետների կողմից ուղարկվել են նախազգուշացնող նամակներ այն մասին, որ թալիբների արագ առաջխաղացման արդյունքում փլուզման վտանգի առջեւ է կանգնելու Աֆղանստանի կառավարությունը:

Ասենք, որ այսպես կոչված տարակարծության ալիքը պաշտոնական հաղորդակցության միջոց է, որն արտաքին գերատեսչության աշխատակիցներին տալիս է արտաքին քաղաքականության վերաբերյալ իրենց տարակարծությունն ու վերապահություններն իշխանություններին փոխանցելու հնարավորություն:

Բլինքենն ասել է, թե Պետդեպարտամենտն աշխատում է հանձնաժողովի հետ և որ այդ նախազգուշացումների մասին արդեն մի քանի հազար էջանոց փաստաթղթեր է հանձնել: Սակայն, ասել է նա, ինքը հանձաժողովին չի հանձնելու տարակարծության մասին հաղորդագրությունները:

Մաքքոլն էլ ասել է, թե Բլինքենին ինքը կտա ժամանակ մինչև երկուշաբթի՝ այլախոհության հեռագրերը փոխանցելու համար: Հակառակ դեպքում, ասել է նա, ինքը կհրապարակի ծանուցագիր այն մասին, որ ամերիկացիները պահանջում են Աֆղանստանի կառավարության տապալման, Աֆղանաստանից ամերիկյան ուժերի հապճեպ դուրսբերման և թալիբների կողմից երկիրը գրավելու վերաբերյալ մանրամասն տեղեկություններ:

XS
SM
MD
LG