ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Միջազգային քրեական դատարանի անդամ եվրոպական երկրներին կոչ է արել ձերբակալել Պուտինին, եթե վերջինս մուտք գործի իրենց տարածքներ:
‘’ՄՔԴ-ի եվրոպական անդամ երկրները պետք է կատարեն իրենց պարտավորությունները և ձերբակալեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և հանձնեն դատարան, եթե նա մտնի իրենց երկիր’’, հայտարարել է նա:
Բլինքենն այս մասին հայտարարել է Սենատի հատկացումների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ` հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի հարցերին պատասխանելիս:
Գրեհեմը Բլինքենին խնդրել է մեկնաբանել Պուտինի ձերբակալության վերաբերյալ ՄՔԴ-ի վերջին հրամանը և հարցրել, թե արդյոք ԱՄՆ-ը կկալանավորի Պուտինին, եթե նա երբևէ հայտնվի ամերիկյան հողում:
‘’Ես չեմ կարող առաջ անցնել, առանց օրենքներն ուսումնասիրելու: Ինչպես գիտեք, մենք ՄՔԴ-ի մասնակից պետություն չենք, ուստի ես չէի ցանկանա հենվել ենթադրությունների վրա’’, պատասխանել է Բլինքենը:
‘’Իսկ կհորդորե՞ք մեր եվրոպացի դաշնակիցներին դատի ենթարկել Պուտինին’’, հարցը շարունակել է Գրեհեմը:
‘’Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր, որը դատարանի մասնակից անդաեմ է և ունի համապատասխան պարտավորություններ, պետք է կատարի իր պարտավորությունները’’,- պատասխանել է Բլինքենը։