Ռուսաստանում մարդկանց 51%-ը դատապարտում կամ բացասաբար է ընկալում այն հայրենակիցներին, ովքեր Ուկրաինայում պատերազմի պատճառով հեռացել են երկիրից: Այս մասին են վկայում Levada Center-ի անցկացրած հարցման արդյունքները։
Ըստ սոցիոլոգիական այս հարցումների, ընդհանուր առմամբ քաղաքացիների միայն 10%-ն է դրական կերպով վերաբերվում հարկադիր արտագաղթողների որոշմանը:
Ընդ որում, գրեթե նույն ցուցանիշն է գրանցվել հեռացած հայտնի անձանց նկատմամբ մարդկանց վերաբերմունքում:
Հիշեցնենք, որ ի թիվս այլոց, Ռուսաստանից հեռացել են հայտնի մեծաթիվ դերասաններ, ռեժիսորներ, գրողներ, երաժիշտներ, ստեղծագործական այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ, եւ իհարկե լրագրողներ:
Բացի այդ, հարցվածների 49%-ը որոշ չափով պաշտպանում է ռուսական բյուրոկրատիայի խորքում ծնված այն նախաձեռնությունը, որի նպատակն է հեռացած եւ իշխանությունների նկատմամբ քննադատական մոտեցումներ ունեցող մարդկանց զրկել իրենց ունեցվածքից:
Տարբեր գնահատականներով՝ մի քանի հարյուր հազարից մինչև մեկ միլիոն մարդ է հեռացել Ռուսաստանից։ Նրանցից քանիսն են մտադիր վերադառնալ և երբ՝ ոչ ոք չգիտի։
Քաղաքագետ Դմիտրի Օրեշկինի կարծիքով, ժողովրդի մի զգալի հատվածը, որը ցանկանում է տեսնել հաղթանակ, կամ գոնե մսաղացի վերջը, չի ցանկանում ընդունել, որ Պուտինը ճակատագրական սխալ է թույլ տվել պատերազմը սկսելով: ‘’Ուստի ճշմարտությունն այլ բանի մեջ են փնտրում, միայն թե հայելու մեջ չնայեն’’, ասում է նա։
‘’Եվ որքան ակնհայտ է անջրպետը իրականության և քարոզչությամբ ներկայացված պատկերի մեջ, այնքան «հասարակական կարծիքն ավելի կատաղի բնույթ է ստանում’’, ընդգծում է քաղաքագետն ու եզրակացնում, որ այդ պատճառով էլ Պուտինը շարունակում է հիստերիայի տարածումը: Իսկ նման միջավայրում մարդը հեշտությամբ է կորցնում դեմքը, նշում է Դմիտրի Օրեշկինը։
«Լևադա» կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքները խոսում են այն մասին, որ հեռացած մարդկանց վերաբերյալ բացասական վերաբերմունքը հիմնականում քարոզչության արդյունք է: Հրապարակախոս, սոցիոլոգ Իգոր Յակովենկոյի խոսքերով, հենց այստեղից է գալիս ողջ հիստերիան, իրենց խոսքերով ասած, «ծանր պահին հայրենի երկիրը լքած դավաճանների» մասին։ ‘’Եվ հիստերիկ այս քարոզչությունն աշխատու՛մ է հօգուտ պուտինյան իշխանությունների’’, ասում է նա:
Քաղաքացիների կարծիքը փոխելն անգամ որեւէ կերպ չի փոխի Կրեմլի քաղաքականությունը: ‘’Ռուսներն այսօր եթե նույնիսկ ընդդիմանային պատերազմին, Պուտինը դեռ կշարունակեր հավատարիմ մնալ իր գծին’’, ասում է վերլուծաբանը։
Հրապարակախոսին չի զարմացնում այն փաստը, որ բնակչության գրեթե կեսը պաշտպանում է արտերկիր մեկնած քաղաքացիների ունեցվածքը խլելու կոչերը։ «Այստեղ գործում են բոլշևիկների ժամանակաշրջանի տրամադրությունները՝ խլել և բաժանել, թալանել ավարը։ ‘’Սկզբունքներ, որոնք խորապես են թափանցել այս ժողովրդի հոգների մեջ’’։
Այնպես որ, ուրիշի սեփականությունը խլելու գաղափարը Ռուսաստանում միշտ է արժանանում համակրանքի նրանց կողմից, որոնք կորցրել են իրենց բարոյական ուղենիշները:
Իսկ բարոյական հատկանիշներից զրկված մարդկանց թիվը զգալիորեն մեծ է: