Իրանը հայտարարել է, որ կսկսի համագործակցել չհայտարարված հարստացված ուրանի հարցի շուրջ ՝ Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության խորհրդի նիստից առաջ:
Դրան հաջորդեց անցյալ շաբաթ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիի այցը Իրանի մայրաքաղաք Թեհրան:
«Առաջին անգամն է, որ ես կարող էի լուրջ զրույց ունենալ Իրանի նախագահի հետ այս հարցերի շուրջ։ Սա հսկայական նշանակություն ունի։ Սրանք խոստումներ չեն: Մենք ունենք որոշակի պայմանավորվածություններ, որոնք կոնկրետ են»,- հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Գրոսսին ասել է, որ Իրանը նաև թույլ կտա տեղադրել մոնիտորինգային սարքավորումներ հիմնական միջուկային օբյեկտներում, թեև մանրամասները դեռ համաձայնեցված չեն:
Սարքավորումները ներդրվել են 2015 թվականի միջուկային համաձայնագրի շրջանակներում, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր կամ JCPOA՝ կնքված Իրանի և խոշոր վեց տերությունների միջև:
Դրանք հանվել էին անցյալ տարի, երբ ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին դուրս բերեց ԱՄՆ-ը JCPOA-ից:
Արևմտյան երկրները զգուշացնում են, որ Իրանը շատ ավելի մոտ է միջուկային ռումբ ստեղծելուն։ Թեհրանը պնդում է, որ իր միջուկային գործունեությունը քաղաքացիական նպատակներով է:
Անցյալ ամիս ՄԱԳԱՏԷ-ն նշել է, որ տեսուչները իրանական Ֆորդո անունը կրող ատոմակայանում հայտնաբերել են մոտ 84 տոկոսով հարստացված ուրանի մասնիկներ, որոնք մոտ են սպառազինության մակարդակին: Թեհրանը փորձել է նվազեցնել հայտնաբերված խախտման նշանակությունը՝ պնդելով, որ «այն հնարավոր չէ տեսնել նույնիսկ մանրադիտակի տակ»:
Միևնույն ժամանակ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է, որ Իրանի մինչև 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները վերջին եռամսյակային հանդիպումից հետո ավելացել են կիսով չափ: Քննադատներն ասում են, որ Արևմուտքը պետք է ավելի շատ պատժամիջոցներ սահմանի Իրանի դեմ:
«Մենք այժմ պետք է ամբողջությամբ վերականգնենք պատժամիջոցները, հատկապես նրանք, որոնք ներառված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 2006-ից 2010 թվականներին: Դրանք ստեղծում են ճնշումների համար բազմակողմ հիմքեր, արգելքներ են սահմանում Իսլամական Հանրապետության զինատեսակների նկատմամբ, վերահսկում են հրթիռների փորձարկումներն ու արգելափակում Իսլամական Հանրապետությանը զենքերի փոխանցումը»,- ասում է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամ Բեհնամ Բեն Թալեբլուն:
Կենտրոնական հետախուզական վարչությունն անցյալ ամիս հայտարարեց, որ ապացույցներ չկան, որ Իրանը որոշել է հարստացնել ուրանը, սակայն նշել է, որ երկրի միջուկային ծրագիրն աճում է «անհանգստացնող տեմպերով»:
Իսրայելը, մինչդեռ, հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային ռումբ ստեղծել:
«Թույլատրելի է, արդյո՞ք, Իրանին, որը բացահայտորեն կոչ է անում ոչնչացնել մեզ, կազմակերպել սպանդի գործիքներ մեզ ոչնչացման համար: Արդյո՞ք արգելված է մեզ պաշտպանվել: Մեզ ակնհայտորեն թույլատրված է դա անել, և մենք անում ենք դա»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
ԱՄՆ-ի և Իրանի միջև 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման վերաբերյալ անուղղակի բանակցությունները տապալվեցին սեպտեմբերին:
Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ը և Եվրոպան լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանել Թեհրանի դեմ՝ հակակառավարական բողոքի ցույցերը բռնությամբ ճնշելու և Ռուսաստանին ռազմական անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար:
Հոդվածը պատրաստվել է Հենրի Ռիդգվելի նյութի հիման վրա