Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրավիրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթիին այցելել Կիև՝ տեսնելու, թե «ինչ է կատարվում այստեղ»։
«Պարոն Մաքքարթին պետք է գա այստեղ՝ տեսնելու, թե ինչպես ենք մենք աշխատում, ինչ է կատարվում այստեղ, ինչպիսի մարդիկ են կռվում հիմա, ովքեր են կռվում հիմա: Եվ հետո ենթադրություններ անի»,- ասել է Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է չորեքշաբթի օրը:
Ի պատասխան՝ Մաքքարթին CNN-ին ասել է. «Ես չպետք է գնամ Ուկրաինա կամ Կիև՝ իրավիճակն ընկալելու համար»:
Նրա խոսքով՝ ինքը տեղեկատվություն ստանում է ճեպազրույցների և այլ ուղիներով։
2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր, Միացյալ Նահանգները Ուկրաինային տրամադրել է ռազմական, տնտեսական և արտակարգ օգնություն՝ ընդհանուր առմամբ մոտ 100 միլիարդ դոլարի չափով։
Օգնությունը հասավ այն ժամանակ, երբ Կոնգրեսի երկու պալատները վերահսկվում էին նախագահ Ջո Բայդենի Դեմոկրատական կուսակցության կողմից:
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Ներկայացուցիչների պալատն անցավ Հանրապետական կուսակցության վերահսկողության տակ, և որոշ հանրապետականներ դեմ արտահայտվեցին Ուկրաինային լրացուցիչ ռազմական և ֆինանսական օգնություն տրամադրելուն։
Մաքքարթին ասաց, որ աջակցում է Ուկրաինային, սակայն Ներկայացուցիչների պալատի հանրապետականները «դատարկ բանկային կտրոն» չեն գրի, առանց Կիևին հատկացված միջոցների մանրակրկիտ վերանայման: