Մատչելի հղումներ

Ինչպես են Ռուսաստանում մարդկանց պիտակավորում որպես «ահաբեկիչներ» ու «ծայրահեղականներ»


Անցյալ տարի Ռուսաստանը ռեկորդային թվով քրեական գործեր է հարուցել ծայրահեղականության և ահաբեկչությունների մասին հոդվածներով: Այս մասին հայտնում են իրավապաշտպանները` վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության տվյալները։ Իշխանություններն ամեն փոքր առիթ են օգտագործում մարդկանց ահաբեկիչներ համարելու համար: Եվ ներքին շարժ ընդդեմ դրա, դեռեւս չկա:

Ծայրահեղականության և ահաբեկչությունների մասին հոդվածներով Ռուսատանում հարուցվել է ավելի քան 2000 գործ:

Իրավապաշտպան Պավել Չիկովը նշում է, որ 2010 թվականից ի վեր երկրում այս հոդվածներով դատապարտվող մեղադրյալների թիվը շարունակ աճում է: 13 տարվա ընթացքում նրանց թիվն ավելացել է ավելի քան 4 անգամ։

Ընդ որում, ահաբեկչության վերաբերյալ ամեն հինգերորդ քրեական գործը հարուցվում է Դաղստանում, ծայրահեղականների բոլոր դեպքերի 20%-ը՝ Մոսկվայում։

Այս տարի միտումը կշարունակվի, կանխատեսում է իրավապաշտպանը և մեջբերում ՆԳՆ-ի վիճակագրությունը, ըստ որի՝ միայն 2023 թվականի հունվարին հարուցվել է «ահաբեկչական բնույթի» 157, «ծայրահեղականության բնույթի»՝ 134 քրեական գործ։

‘’Ռուսաստանում այսօր ամենուր ընդլայնվում է բոլոր նրանց հետապնդելու փորձառությունը, ովքեր բացահայտորեն դժգոհում են իշխանությունների գործողություններից’’, ասում է իրավաբան, բլոգեր Մարկ Ֆեյգինը: Նրա կարծիքով, վարչախումբն ուղի է բռնել դեպի ավելի կոշտ ռեպրեսիաներ՝ հենվելով օրենսդրական գործիքակազմի կիրառման վրա։

‘’Բացի այդ, իշխանությունները իսպառ դադարել են զբաղվել ինչպես օրենքի, այնպես էլ քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ։ Արդյունքում, այն, ինչ նախկինում հնարավոր էր իրականացնել վարչական պատժի միջոցով, այժմ՝ պատերազմի պայմաններում, մարդիկ պատժվում են բացարձակապես անխնա կերպով’’, ասում է նա:

Մարդու իրավունքների պաշտպանները հիշեցնում են այն փաստը, որ Սիբիրում մի խումբ երիտասարդների դատապարտել էին միայն այն պատճառով, որ մանկական համակարգչային խաղ խաղալիս, պայթեցրել էին Ռուսաստանի անվտանգության ծառայության շենքը։

Հատուկ ծառայությունների գործողություններն ուղղված են վախեցնելու հասարակությանը, հիմնականում` երիտասարդներին, ասում են վերլուծաբանները:

Հասարակության համար ամենավտանգավոր միտումներից մեկը, ըստ իրավաբանների, երկրի օրենսդրության հետևողական փոփոխություններն են, որոնց նպատակը բռնաճնշումներին զարկ տալն է:

‘’Այս վարչակարգի համար չափազանց կարևոր է ճնշել ինչպես ցանկացած այլախոհություն, այնպես էլ ինքնամիավորման նոր ձևեր մշակելու ցանկացած փորձ’’, ասում են նրանք ու շեշտում, որ Ռուսաստանում վերջին շրջանում ահաբեկչություններ գրեթե չեն եղել։ Եվ հարուցված դատական գործերում խոսքը գնում է ‘’ահաբեկչական գործողության ենթադրյալ փորձերի կամ դրանց նախապատրաստման’’ մասին։

Ինչպես վերլուծաբան Սերգես Դավիդիսն է նշում, նման մեղադրանքների և քաղաքական ռեպրեսիաների թվի աճն ուղիղ համեմատական է պուտինյան այս ռեժիմի ընդհանուր էվոլյուցիայի հետ:

‘’Երկրում ստեղծվել է անվտանգության ուժերի հսկայական ցանց՝ հատուկ ծայրահեղականության դեմ պայքարելու համար։ Բնականաբար, նրանք չեն կարող անգործ նստել, ուստի պիտի որոնեն կասկածյալներ, իրենց գործն արդարացնելու համար’’, ասում է նա:

Սրա առաջն առնելու համար պիտի ծնվի ներքին շարժման աղբյուր, մի բան, որը հատկապես պատերազմական այս շրջանում գոյություն չունի, կամ էլ սպասում է հարմար պահի:

XS
SM
MD
LG