ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հաղորդմամբ, ԱՄՆ-ն հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին և ընդգծում, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ:
«Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին, որը հինգ մարդու կյանք խլեց… Ցավակցում ենք վիրավորների և զոհվածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ։ Խաղաղությունը պահպանելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները», - ասել է Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցում:
Դիվանագետը նաև նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն տարածաշրջանում է՝ ընդգծելու, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունն է:
«Եվ ինչպես ընդգծել է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին», - հավելել է Նեդ Փրայսը։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը ևս մեկ անգամ շեշտել է Վաշինգտոնի համար կողմերի միջև շարունակական ուղիղ երկխոսության և քննարկման կարևորությունը:
«Մենք երկու երկրների համար էլ գործընկերոջ դեր ենք կատարել՝ նպաստելով եռակողմ հիմունքներով երկխոսությանը արտգործնախարարների միջև, ինչպես նաև բարձրագույն ղեկավարների մակարդակով: Մենք պատրաստ ենք, լինի դա երկկողմ, եռակողմ թե բազմակողմ ձևաչափով, շարունակել որպես գործընկեր հանդես գալ տևական խաղաղությունն ամրապնդելուն ուղղված ջանքերն առաջ մղելու գործում», - ասել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը: