Մատչելի հղումներ

Չինաստանի շուրջ քննարկումներ` Կոնգրեսում


Չինաստանի հետ ԱՄՆ-ի մրցակցության հարցերով Ներկայացուցիչների պալատի նորաստեղծ հանձնաժողովը սկսում է լսումների շարք, որոնց ընթացքում կոնգրեսականները քննարկելու են Չինաստանի հետ կապված անվտանգային, գյուղատեսական, արդյունաբերական ու տեխնոլոգիական բնագավառների մի շարք հարցեր:

ԱՄՆ-ի Կոնգրեսում նախատեսվում է այս շաբաթ սկսել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների լայնածավալ քննությունը… Ներկայացուցիչների պալատի նոր հանձնաժողովի անդամներն ասում են, որ այսօր իրավիճակն ավելի լուրջ է, քան Սառը պատերազմի ժամանակ:

Ինչպես հանրապետական Դասթի Ջոնսոնն է ասում, ‘’Եթե Խորհրդային Միությունը միակողմանի ռազմական սպառնալիք էր ԱՄՆ-ի համար, ապա Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը սպառնալիք է շատ ավելի համապարփակ բնույթով։

Օրենսդիրներն ասում են, որ Կոնգրեսի հանձնաժողովը հանրապետական կոնգրեսական Մայք Գալագերի և դեմոկրատական բարձրաստիճան ներկայացուցիչ Ռաջա Կրիշնամուրթիի գլխավորությամբ կանդրադառնա Չինաստանի հետ ԱՄՆ-ի մրցակցության բոլոր ասպեկտներին:

Ջոնսոնի խոսքերով, ‘’Կարեւոր է, որ հանձնաժողովում լինի երկկուսակցական համաձայնություն: Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ Չինաստանում մարդիկ ըմբռնեն, որ ԱՄՆ-ի իշխանություններն իրենց թշնամի չեն համարում, սակայն գտնում են, որ նրանք Չինասանի Կոմկուսի զոհերն են’’:

Հանձնաժողովի անդամներն ասում են, որ փետրվարի 4-ին չինական լրտեսական օդապարիկի խոցումը ամերիկյան հասարակության ուշադրությունն է հրավիրել հնարավոր սպառնալիքի վրա:

Հանրապետական կոնգրեսական Դեն Նյուհաուսն ասում է, որ իրականում այդ փաստը մեծացրեց այս հանձնաժողովը հիմնելու հնարավորությունը, հանձնաժողով, որը մանրակրկիտ կերպով ուսումնասիրելու է Չինաստանի վարքագիծը բոլոր ուղղություններով, եւ այն քայլերը, որոնք պետք է ԱՄՆ-ը ձեռնարկի անհրաժեշտության դեպքում:

‘’Մենք պետք է ուշադրությամբ հետեւենք, տեսնելու համար, թե ինչ է կատարվում աշխարհում՝ կապված Չինաստանի հետ’’, ասում է նա:

Մինչ առաջին լսումները կկենտրոնանան անվտանգության հարցերի վրա՝ ներկայացնելով նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության խորհրդականների ցուցմունքները, հանձնաժողովը կշարունակի ուսումնասիրել նաև տնտեսական մի շարք հարցեր:

Դեմոկրատ կոնգրեսական Անդրե Քարսոնի խոսքերով, իրենք ուսումնասիրելու են կիսահաղորդիչների արտադրությունը և թե ինչպես են ԱՄՆ-ի դաշնակիցներն այժմ աշխատում ԱՄՆ-ի հետ՝ խոչընդոտելու Չինաստանի կողմից այս ոլորտում ծավալվելու ջանքերը: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Չինաստանը նույնիսկ ներդրումներ է կատարում այնպիսի ընկերությունների միջոցով, որոնցից շատերը մասնաճյուղեր ունեն ԱՄՆ-ի տարբեր նահանգներում:

Մյուս հարցը կապված է Չինաստանի հետ ԱՄՆ-ի մրցակցությանը գյուղատնտեսության բնագավառում:

Կոնգրեսականներն ասում են, որ վտանգվում է սննդի արտադրության հետ կապված ԱՄՆ-ի մատակարարման շղթան: ‘’Մենք այս պահին զիջում ենք մեր անվտանգության շատ կարևոր այս ոլորտում` մեր պարենային անվտանգությունը, որն ինքնին ազգային անվտանգության հարց է’’:

Կոնգրեսական Անդրե Քարսոնի խոսքերով, հարկավոր է այս ուղղություններով զարկ տալ ազգային անվտանգության կառույցին, միևնույն ժամանակ չբորբոքելով հակաասիական տրամադրություններ ԱՄՆ-ում:

XS
SM
MD
LG