Մատչելի հղումներ

Բայդենի վարչակազմն առայժմ F-16 կործանիչներ չի ուղարկի Ուկրաինա


ԱՄՆ Օրենսդիրները նախատեսում են Ուկրաինային զինելու նոր երկկուսակցական նախաձեռնություն։ Կոնգրեսում կան որոշ օրենսդիրներ, ովքեր մտադիր են ստիպել Սպիտակ տանը փոխել F-16 կործանիչների մասով  դիրքորոշումը:

Խորհրդային ժամանակաշրջանի «Գրադ» հրթիռներով ուկրաինացի զինվորները հանգստյան օրերին շարունակել են կռվել Խարկովի կորցրած տարածքները վերականգնելու համար:

Միևնուն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բարձր է գնահատել Եվրամիության կողմից շաբաթ օրը հայտարարված պատժամիջոցների նոր փուլը Մոսկվայի դեմ, նաև կոչ արել ավելի շատ միջազգային աջակցություն ցուցաբերել իրենց:

«Մենք ի վիճակի ենք այս տարի վերջ դնել ռուսական ագրեսիային»,-հայտարարել է նա։

ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ABC-ի եթերում հայտարարել է, որ ամերիկյան F-16 կործանիչներով և հեռահար հրետանու միջոցով ուկրաինացիների պաշտպանական համակարգերն ուժեղացնելու հնարավորությունը առայժմ չի դիտարկվում:

«Այս փուլում կարևորը հողի վրա մանևրելու կարողությունն է: Իսկ դա նշանակում է տանկեր, զրահափոխադրիչներ, հետեւակի մարտական մեքենաներ։ F-16-ի անհրաժեշտությունը հետագայի հարց է»,-ասել է Սալիվանը։

Որոշ օրենսդիրներ, սակայն, այժմ նպատակ ունեն ավելին անել, ABC-ին ասել է հանրապետական ներկայացուցիչ Մայքլ Մաքքոլը. «Մենք, իհարկե, կարող ենք մեր հատկացումների մեջ գրել զենքի համակարգերի առաջնահերթության մասին օրինագծեր, մենք մտադիր ենք դա անել: Կարծում եմ, որ Կոնգրեսի երկու կողմերի վրա բավականաչափ ճնշման դեպքում մենք կարող ենք հասցնել Ուկրաինա այն, ինչ նրանց իրականում անհրաժեշտ է այս պայքարում հաղթելու համար»:

Բայց ԱՄՆ-ը չի կարող դա մենակ անել, և Բայդենի վարչակազմին անհրաժեշտ կլինեն եվրոպացի դաշնակիցները, ընդգծել է հանրապետական սենատոր Դեն Սալիվանը. «Նրանք պարտավորություն են ստանձնել պաշտպանության համար ծախսել նվազագույնը՝ իրենց ՀՆԱ-ի 2%-ը: ՆԱՏՕ-ի դաշնակիցների ճնշող մեծամասնությունը դա չի անում»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ ապրիլին կայցելի Չինաստան՝ քննարկելու Պեկինի խաղաղության միջնորդական ջանքերը: Միացյալ Նահանգները նույնպես ցանկանում է բաց պահել հաղորդակցության ուղիները, ասել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, սակայն նախագահ Ջո Բայդենի և նրա գործընկեր Սի Ցզինպինի միջև բարձր մակարդակի բանակցություններ չեն նախատեսվում:

Ջեյք Սալիվանի փոխանցմամբ՝ «Այս պահին ծրագրված ոչինչ չկա, թեև ես ակնկալում եմ, որ երկու առաջնորդները ոչ շատ հեռու ապագայում ինչ-որ պահի կխոսեն»:

Նա ընդգծել է, որ Չինաստանի հետ ռազմական կապի ուղիներն անհրաժեշտ են էսկալացիայից, անակնկալներից ու սխալներից խուսափելու համար։

XS
SM
MD
LG