Ուկրաինայում պատերազմը սկսվելուց ի վեր ԱՄՆ-ի Կոնգրեսն ավելի քան 112 միլիարդ դոլարի օգնություն է հատկացրել այս երկրին: Ինչպես են ծախսվել այդ գումարները, ինչ նպատակների են ծառայել եւ որն է պատճառը, որ օգնությունը կրճատելու մասին խոսք անգամ չի գնում:
Անցյալ տարի դեկտեմբեր ամսին Ուկրաինայի նախագահը, իր խոսքն ուղղելով ԱՄՆ-ի Կոնգրեսին, հայտարարեց, որ այդ գումարները չպետք է դիտարկվեն որպես բարեգործություն: ‘’Այն ներդրում է համաշխարհային անվտանգության եւ ժողովրդրավարության ամրապնդման գործում’’, ասաց նա:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն էլ վերջերս խոստացավ եւս կես միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային՝ հավելելով, որ այս երկրի նկատմամբ աջակցությունը չի դադարելու: Նրա խոսքերով, ազատությունը պաշտպանելու հարցի շուրջ համախմբվել են Կոնգրեսի դեմոկրատներն ու հանրապետականները:
ԱՄՆ-ի օրենսդիրների արձագանքը ներխուժման առաջին օրերին շատ արագ էր: Ինչպես հանրապետական սենատոր Ջեյմս Ռիշն այդ օրերին ասել էր, ‘’Ե՛վ Միացյալ Նահանգները, և՛ մեր դաշնակիցներն ամբողջ աշխարհում արագ եկան համաձայնության, որ պետք է աջակցենք, որ Ուկրաինան պաշտպանվի, որ ուկրաինացիները պաշտպանվեն, որ պաշտպանվի տարածքային ամբողջականությունը’’, ասել էր նա:
Եվ Կոնգրեսը շուտով առաքեց Իրաքում ԱՄՆ-ի պատերազմից հետո ամենամեծ օգնությունը:
Ջորջթաունի համալսարանից Մեթ Գլասմանի խոսքերով, վարչակազմը Կոնգրեսից միայն չնչին գումար էր խնդրում: ‘’Սակայն Կապիտոլիումում պահանջում էին ավելի հեռուն գնալ և Ուկրաինային ավելի հարձակողական ու հզոր զենքեր տրամադրել’’:
Պատերազմից մեկ տարի անց ԱՄՆ-ում հանրային աջակցությունը կարծես թե թուլանում է: 2023 թվականի փետրվարին Associated Press-ի կողմից անցկացված հարցման համաձայն՝ ամերիկացիների քառասունութ տոկոսն է կողմ, որ ԱՄՆ-ը զենքեր ուղարկի Ուկրաինա, երբ անցյալ տարվա մայիսին կողմ էր բնակչության 60 տոկոսը:
Ուկրաինան քայլեր է իրականացնում՝ լուծելու ներքին կոռուպցիայի հետ կապված մտահոգությունները: Եվ ԱՄՆ-ի օրենսդիրներն ասում են, թե գոհ են այն արդյունքներից, որոնց ականատեսն են լինում իրենք իրենց այցերի ընթացքում:
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի խոսքերով, իրենք վստահ են, որ ռազմական օգնությունը հասնում է այնտեղ, որտեղ այն պետք է հասներ:
Հենց դա է գլխավոր պարտճառներից մեկը, որ օգնությունը չի դադարում: ԱՄՆ-ի Կոնգրեսն ահա պատրաստվում է շուտով քննարկել առաջիկա ամիսներին Ուկրաինային լրացուցիչ օգնություն հատկացնելու հարցը: