Նախագահ Ջո Բայդենը Լեհաստանում Ուկրաինա կատարած իր անակնկալ այցից հետո հայտարարել է, որ Ռուսաստանի ներխուժման դեմ պայքարում «դժվար և դառը օրեր են սպասվում»:
Բայց նա խոստացել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները «կաջակցեն Ուկրաինային», երբ պատերազմը թեւակոխում է երկրորդ տարին:
Բայդենը մեծ ելույթ է ունեցել Վարշավայում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ առանձնազրույցից հետո։
«Ես նոր եմ եկել Կիև այցելությունից և կարող եմ զեկուցել. Կիև, ամուր եղիր։ Կիևը հպարտ է, կանգուն է և ամենակարևորը՝ ազատ է »,-հայտարարել է Բայդենը։
Անդռադառնալով ՌԴ նախագահ Պուտինի գործողություններին՝ Բայդենը նշել է.
«Նա ակնկալում էր ՆԱՏՕ-ի ֆինլանդացումը: Փոխարենը նա ստացավ Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ացումը: Նա կարծում էր, որ ՆԱՏՕ-ն կկոտրվի և կպառակտվի: Փոխարենը, ՆԱՏՕ-ն ավելի միասնական է, քան երբևէ, քան որեւիցե ժամանակ նախկինում»:
«Եվ այսօր երեկոյան ես կկրկնեմ այն, ինչ ասացի անցյալ տարի նույն վայրում. Կայսրություն վերակառուցող բռնապետը երբեք չի կարողանա մեղմել մարդկանց ազատասիրությունը: Դաժանությունը երբեք չի տապալելու ազատների կամքը: Եվ Ուկրաինան երբեք Ռուսաստանի համար հաղթանակ չի լինի»,-ասել է ԱՄՆ նախագահը։
Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում նա որակել է որպես այլասերություններ և հանցագործություններ մարդկության դեմ. «Առանց ամոթի կամ խղճահարության նրանք թիրախավորել են խաղաղ բնակիչներին, օգտագործել բռնաբարությունը որպես պատերազմի զենք, գողացել են ուկրաինացի երեխաներին՝ փորձելով գողանալ Ուկրաինայի ապագան, ռմբակոծել երկաթուղային կայարանները, ծննդատուն, հիվանդանոցներ, դպրոցներ և մանկատներ: Ոչ ոք, ոչ ոք չէր կարող աչք շեղել այն վայրագություններից, որոնք Ռուսաստանը կատարում է ուկրաինացի ժողովրդի դեմ: Զզվելի է: Զզվելի է»:
Բայդենը խոսքն ուղղել է նաև Ռուսաստանի ժողովրդին. «Այսպիսով, այս երեկո ես ևս մեկ անգամ խոսում եմ Ռուսաստանի ժողովրդի հետ: Միացյալ Նահանգները և Եվրոպայի երկրները չեն ձգտում վերահսկել կամ ոչնչացնել Ռուսաստանը: Արևմուտքը չի ծրագրում հարձակում գործել Ռուսաստանի և Ռուսաստանի միլիոնավոր քաղաքացիների դեմ, ինչպես այսօր ասում էր Պուտինը: Միայն ուզում են խաղաղ ապրել իրենց հարեւանների հետ: Այս պատերազմը երբեք անհրաժեշտություն չէ, այն ողբերգություն է»:
Կիև կատարած անակնկալ այցից հետո Բայդենն աշխատում է ամրապնդել Արևմուտքի միասնությունը, քանի որ Ուկրաինան և Ռուսաստանը նախապատրաստում են գարնանային հարձակումների:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մինչ Բայդենի ելութը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկօրյա այցը Ուկրաինա ռուսական ներխուժման առաջին տարելիցի նախաշեմին կհանգեցնի համաշխարհային նշանակության իրադարձությունների։
Սպիտակ տունը հայտնել էր, որ Լեհաստան կատարած այցի ընթացքում նա նախատեսում է բանակցություններ վարել ՆԱՏՕ-ի արևելյան երկրների ղեկավարների հետ և ելույթ ունենալ այն մասին, թե «ինչպես Միացյալ Նահանգները համախմբեց աշխարհը՝ աջակցելու Ուկրաինայի ժողովրդին»:
«Ես կասկած չունեմ, որ նախագահ Բայդենի այցը Լեհաստան և նրա ելույթը Վարշավայում համաշխարհային իրադարձություններ են լինելու», - ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Մյունխենի անվտանգության համաժողովում:
Լեհ առաջնորդները շեշտում են, որ սա երկրորդ անգամն է, որ Բայդենը վերջին մեկ տարվա ընթացքում մեկնում է Լեհաստան, երկիր, որը զգալի ռազմական և հումանիտար օգնություն է առաջարկում Կիևին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ով նույնպես շաբաթ օրը Մյունխենում էր, ասել էր, որ Բայդենը « Լեհաստանում շատ կարևոր ելույթ կունենա»։
Նախագահը պարզ կդարձնի, որ Միացյալ Նահանգները կաջակցի Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի», լրագրողներին ասել էր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան էլ հայտարարել էր, որ Բայդենի ելույթը «շատ ավելի բովանդակալից և ազդեցիկ» կլինի, քան երեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային ժողովին ուղղված ելույթը։
Ուկրաինացիների կատաղի դիմադրությունը Ռուսաստանին և արևմտյան զենքի մատակարարումը Մոսկվային ստիպեցին նվազեցնել իր նպատակների սանդղակը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը հայտարարել էր, որ Բայդենը մտադիր է «համերաշխության հզոր ուղերձ» հղել Լեհաստան այցի ընթացքում։
ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանը եղել է Ուկրաինայի մշտական դաշնակիցը՝ մարդասիրական և ռազմական օգնություն ցուցաբերելով Կիևին։ Երկիրն ընդունել է միլիոնավոր ուկրաինացի փախստականների, ովքեր հատել են սահմանը և միլիարդավոր դոլարների զենք և այլ օգնություն են նվիրաբերել Ուկրաինայի կառավարությանը։
Հակամարտության հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, ավերվել են Ուկրաինայի ենթակառուցվածքային համակարգը և ավերածություններ են գործել համաշխարհային տնտեսությունը: