Մատչելի հղումներ

Հումանիտար օգնությունը չի հասնում Սիրայի երկրաշարժից տուժած որոշ հատվածներ 


Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից ավելի քան մեկ շաբաթ անց Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջինդիրես քաղաքը, որը վերահսկվում է ընդդիմության կողմից, դեռ սպասում է միջազգային օգնությանը:

Տարբեր հիմնադրամներ և երկրներ սկսեցին օգնություն ուղարկել երկրաշարժից ավերված գոտիներ, սակայն աղետից մեկ շաբաթ անց շատերը բողոքում են, որ դեռևս դժվարությամբ են հոգում տարրական կարիքները, դիմանում ուժեղ ցրտին:

Իրավիճակը հատկապես հուսահատ էր Սիրիայում, որտեղ 12 տարի տևող քաղաքացիական պատերազմը բարդացրել է օգնության աշխատանքները:

Որոշ մարդիկ, ովքեր կորցրել են իրենց տները, AP գործակալությանը պատմել են, որ ոչինչ դեռ չեն ստացել:

Վրանային քաղաք դարձած սիրական բնակավայրի տեղական խորհրդի ղեկավար Մահմուդ Հաֆֆարն ասում է, որ տեղացիները մինչ այժմ կարողացել են մոտ 2500 վրաններ տեղադրել, սակայն մոտ 1500 ընտանիք դեռ մնում է առանց կացարանի գիշերները մինուս 4 աստիճան (Ցելսիուս) եղանակի պայմաններում:

Ամբողջ օգնությունը ստացվել է տեղական գործընկերներից, ասում է Հաֆֆարը, իսկ ՄԱԿ-ից՝ դեռ ոչինչ:

Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարեց Դամասկոսի հետ ՄԱԿ-ի օգնությունը Թուրքիայից ևս երկու սահմանային անցակետերի միջոցով Սիրիայի հյուսիս-արևմուտքում ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններ հասցնելու վերաբերյալ համաձայնագրի մասին, սակայն կարիքները դեռ հսկայական են:

Սիրիացի Իբրահիմը փլատակներից փորձում է գտնել կարևոր փաստաթղթեր: Նա 35 հոգու հետ ապրում է մեկ սենյակում՝ քաղաքի ծայրամասում։

«Մեզ վրանները խիստ անհրաժեշտ են։ Մենք կարող ենք դիմանալ ցրտին, խնդիր չկա, մենք կարող ենք քնել ամենուր, առանց խնդիր, բայց ոչ այս կանայք, երեխաները և վիրավորները, որոնց հանել ենք փլատակների տակից, և մարմիններն ամբողջությամբ կապույտ են»,- ասում է նա։

Միավորված ազգերի կազմակերպությունը երկուշաբթի հայտարարեց, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համաձայնել է Թուրքիայից երկու նոր անցակետ բացել դեպի իր երկրի ապստամբների վերահսկողության տակ գտնվող հյուսիս-արևմուտք:

Սիրիայում ապստամբների վերահսկողության տակ գտնվող հյուսիսարևմտյան շրջանում զոհերի թիվը գերազանցել է 2200-ը, ըստ «Սպիտակ սաղավարտներ» կոչվող փրկարար խմբի:

Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 1400 մարդ է զոհվել կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջաններում։

Զոհերի թիվն ակնկալվում է, որ դեռ կավելանա:

Աֆրին քաղաքում 190 ընտանիք տեղավորվել է բասկետբոլի դաշտ։

Ընտանիքները քնում են հատակին՝ օգտագործելով մարզումների համար օգտագործվող ներքնակներ, որոնք նվիրաբերվել էին տեղացիների կողմից:

Սաբահ էլ Խոդրն ասում է, որ ինքը և իր երկու փոքրիկները հիվանդ են վերջին 9 օրը:

«Բոլոր երեխաներս հիվանդ են: Այդ օրվանից անցել է մեկ շաբաթ, և նրանք դեռ հիվանդ են։ Նոր եմ եկել հիվանդանոցից։ Մենք էլ ունենք զոհ: Մեր վիճակը շատ վատ է»,- պատմել է սիրացի կինը։

Ոմանք կարողացել են ապաստանել տեղի հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծված 45 ժամանակավոր ճամբարներից մեկում:

Ժամանակավոր ճամբարում տեղավորվածներից Ալ Շավին ևս դեռ սպասում է օգնության. «Մենք ուզում ենք, որ մեր ձայնը հասնի ամբողջ աշխարհին, բայց որտե՞ղ է օգնությունը»։

XS
SM
MD
LG