Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները քաղաքացիներին ասում է՝ անհապաղ հեռացեք Ռուսաստանից


ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ռուսաստանը՝ ուկրաինական պատերազմի և ռուսական իրավապահ մարմինների կողմից կամայական ձերբակալությունների կամ ոտնձգությունների վտանգի պատճառով:

«Ռուսաստանում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան», - ասվում է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ։ «Հավելյալ զգուշավորություն ցուցաբերեք՝ կապված անօրինական կալանքների վտանգի հետ»։

«Մի՛ մեկնեք Ռուսաստան»,- ասվում է հաղորդագրության վերջում:

«Ռուսական անվտանգության ծառայությունները կեղծ մեղադրանքներով ձերբակալել են ԱՄՆ քաղաքացիներին, առանձնացրել են Ռուսաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կալանքի և ոտնձգությունների նպատակով, հրաժարվել են նրանց նկատմամբ արդար և թափանցիկ վերաբերմունք ցուցաբերել և դատապարտել են նրանց գաղտնի դատավարություններում կամ առանց հավաստի ապացույցներ ներկայացնելու», - ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:

«Ռուսական իշխանությունները կամայականորեն կիրառում են տեղական օրենքները ԱՄՆ քաղաքացի կրոնական աշխատողների նկատմամբ և կասկածելի քրեական հետաքննություն են սկսել կրոնական գործունեությամբ զբաղվող ԱՄՆ քաղաքացիների դեմ»:

Կրեմլը հայտնել է, որ առաջին անգամը չէ, որ ԱՄՆ քաղաքացիներին խնդրում են լքել Ռուսաստանը: Վերջին նման հրապարակային նախազգուշացումը սեպտեմբերին էր, այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայեց մասնակի մոբիլիզացիա իրականացնել:

«Նման նախազգուշացումներ բազմիցս հնչել են Պետդեպարտամենտի կողմից վերջին շրջանում, ուստի դա նորություն չէ»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Անվտանգության դաշնային ծառայությունը (FSB) հունվարին հայտնել էր, որ դատախազները քրեական գործ են հարուցել Միացյալ Նահանգների քաղաքացու դեմ՝ լրտեսության կասկածանքով։

Անցյալ տարվա դեկտեմբերին ամերիկացի բասկետբոլի աստղ Բրիթնի Գրեիները ազատ արձակվեց բանտարկյալների փոխանակման արդյունքում, Վաշինգտոնի կողմից կեղծիք որակված դատական գործընթացից հետո:

Նախկին ամերիկացի ծովային հետևակային Փոլ Ուելանը 16 տարվա պատիժ է կրում Ռուսաստանի քրեական գաղութում այն բանից հետո, երբ դատապարտվել է լրտեսության մեղադրանքով, որը Վաշինգտոնը նույնպես կեղծիք է համարում:

Սույն հոդվածը կազմվել է REUTERS լրատվականի տեղեկության հիման վրա:

XS
SM
MD
LG