ԱՄՆ-ի զինվորական ղեկավարությունը ծրագրում է ուսումնական կենտրոն հիմնել Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին HIMARS հրթիռային համակարգերի կիրառումն ուսուցանելու նպատակով: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ամերիկացի բարձրաստիճան գեներալ Ջոն Կոլաշևսկին:
«Մենք դեռ քննարկման նախնական փուլում ենք, բայց սա կլինի մի վայր, որտեղ կկարողանանք մարզումներ անցկացնել մի շարք երկրների զինվորականների համար’’, ասել է ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ԱՄՆ-ի բանակի գործողությունները համակարգող գեներալը:
Այս մասին տեղեկությունը հրապարակվեց այն բանից հետո, երբ Պետդեպարտամենտը հավանություն տվեց Լեհաստանին HIMARS-ի 18 կայանքներ, ինչպես նաև բազմակի արձակման հարյուրավոր հրթիռային կայանքներ և բանակի տասնյակ մարտավարական հրթիռային համակարգեր վաճառելու հնարավորության մասին: Գործարքը, որը կազմում է 10 միլիարդ դոլար, նախաձեռնել է Լեհաստանի կառավարությունը։
Առաջարկվող HIMARS ծրագիրը հասանելի կլինի ՆԱՏՕ-ի այն երկրներին, որոնք հավանություն են տվել հեռահար հրետանային համակարգերի վաճառքին: Դրանց թվում են Էստոնիան, Լեհաստանը և Ռումինիան, որոնք գտնվում են ՆԱՏՕ-ի արևելյան եզրում։
«ՆԱՏՕ-ն տեսնում է Ուկրաինայում տեղի ունեցողի դաժանությունը, և կա հրատապության զգացում, նպատակի զգացում, և բոլոր 30 երկրները համախմբվել են՝ միասնաբար եւ արդյունավետորեն պաշտպանելու ՆԱՏՕ-ի տարածքը», - ասել է Կոլաշևսկին:
Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրն այս շաբաթվա սկզբին «Ամերիկայի Ձայն»-ին ասել էր, որ «Ուկրաինայի պատերազմից քաղված ամենամեծ դասերից մեկը հեռահար հրթիռային համակարգերի դերը կարեւորելն է եղել»: Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաիանայի հաջողությունները մեծապես են կապվում HIMARS տիպի հրթիռային համակարգի հետ:
Ամերիկյան HIMARS-ի դասակը լրացուցիչ պաշտպանական կարողություն է ապահովում Բալթյան երկրներում։
Ըստ Պևկուրի, դասակը նաև թույլ է տալիս էստոնական ուժերին «այսօր» սկսել վարժանքներ հրթիռային համակարգերի վրա, որպեսզի նրանք պատրաստ լինեն դրանք օգտագործել «առաջին իսկ օրվանից»:
Կոլաշևսկին ասել է, որ առաջարկվող HIMARS ուսումնական կենտրոնը կլինի Abrams տիպի տանկերի ուսումնական կենտրոնի նման հաստատության, որն անցյալ տարի է բացվել Լեհաստանի Պոզնան քաղաքի մոտ:
Լեհաստանն առաջին եվրոպական դաշնակիցն է, որը գնել է Աբրամս տիպի հրասայլեր: Վարշավան անցյալ տարի գնել է 250M1A2, իսկ այս տարվա հունվարին՝ 116M1A1 տիպի տանկեր։