Իսրայելը վերջերս համաձայնեց Ուկրաինա ուղարկել հզոր 17 գեներատորներ: Հումանիտար օգնության լայնածավալ ծրագիրն ընդգրկում է նաեւ դաշտային մեծ հիվանդանոց, հարևան Մոլդովայում փախստականների կենտրոններ և վիրավոր զինվորականների բուժումներ Իսրայելի հիվանդանոցներում:
Իսրայելի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյա Սիմոնա Հալպերինի խոսքերով, «Իսրայելը դադարեցրել է 140 երկրների համար նախատեսված օգնությունը եւ ամբողջն ուղղել դեպի Ուկրաինա’’:
Սակայն, ողջունելով հանդերձ հումանիտար օգնություն առաքող երկրներին, Ուկրաինայի առաջնորդները պնդում են, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Իսրայելի նոր կառավարությունն ‘’ավելի շատ ռազմական օգնություն պիտի ուղարկեն ընդդեմ ռուսների’’:
Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգեն Կորնիյչուկն ասում է. «Մենք չենք կարող պատերազմը հաղթել վիրակապերով և հակաբիոտիկներով. Մեզ անհրաժեշտ են պաշտպանության միջոցներ՝ մարդկանց կյանքը փրկելու համար: Մեր կառավարությունն ու նախագահը հիասթափված են Իսրայելի ներկա դիրքորոշումից: Ես էլ պարզապես փորձում են լինել լավատես, որ այս դիրքորոշումը կփոխվի’’, ասել է նա:
Ռուսաստանի հետ հակամարտությունից խուսափելու համար Իսրայելը հենց պատերազմի սկզբից է հրաժարվել ռազմական տեխնիկա ուղարկել Ուկրաինա: Իսրայելը մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը, որը վերահսկում է հարևան Սիրիայի օդային տարածքը, կարող է արգելափակել իսրայելական ավիահարվածները իրանական զենքի շարասյունների դեմ, որոնք Սիրիայով շարժվում են դեպի Հեզբոլլահ։ Սակայն որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Իսրայելը ռազմավարական առումով ավելի կշահի, եթե միանա Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու միջազգային ջանքերին:
Նրանցից Ամոս Յադլին ասում է, թե «Վարչապետ Նեթանյահուն պետք է հասկանա, որ եթե ցանկանում է, որ Բայդենի վարչակազմն իրեն օգնի Իրանի և Սաուդյան Արաբիայի հարցում իր նպատակներին հասնելու համար, այսօր պետք է վճարի հանուն Ուկրաինայի’’:
Իսրայելի հասարակությունը մեծապես համակրում է Ուկրաինային՝ որպես ռուսական ագրեսիայի զոհի։ Երկրի կառավարությունն էլ Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկային հրավիրել է առաջիկա շաբաթներին այց կատարել Իսրայել՝ ծանոթանալու տրավայի ենթարկված զինվորականների հոգեկան առողջությանը հետեւելու ծրագրերին: