Մատչելի հղումներ

Բեկորները կասեն, թե ինչ նպատակ ուներ չինական օդապարիկը ԱՄՆ-ի վերեւում


Չինական օդապարիկը, որն ըստ Պեկինի, օդեւեւութաբանական նպատակներ ուներ, ի վերջո կործանվեց ամերիկյան ռազմական օդանավերի արձակած կրակից: Դրա արդյունքում բեկորները տարածվեցին 11 կիլոմետր շառավղով:

Ինչպես տրանսպորտի նախարար Փիթ Բութիջիչն է ասել, այն կործանելու մասին նախագահ Բայդենի տված հրահանգից հետո, զինված ուժերը մանրամասնությամբ ուսումնասիրել են դրա հնարավոր հետեւանքները: ‘’Գործողությունը տեղի է ունեցել առանց վնասների: Որեւէ ամերիկացի եւ որեւէ շինություն չի վնասվել’’, ասել է նա ‘’ՍիԷնԷն’’ հեռուստակայանին:

Դրանից հետո Չինաստանը հանդես է եկել բողոք հայտարարությամբ, կրկնելով իր այն պնդումները, որ օդապարիկը պարզապես օդերեւութաբանական տվյալներ է հավաքել իր թռիչքի ժամանակ: Սակայն կա կարծիք այն մասին, որ Չինաստանի զինված ուժերն են իրականացրել այս օդապարիկի թռիչքը` խոչընդոտելու համար ԱՄՆ-ի պետքարտուղարի այցը Պեկին: Այս մասին է ասում ԱՄՆ-ի ծովային ուժերի նախկին հրամանատար Մայք Մուլենը:

‘’Պարզապես չեմ պատկերացնում, թե արդյոք Չինաստանի աջ ձեռքը գիտեր, թե ինչ էր անում ձախը’’, ասել է նա ‘’ԷյԲիՍի’’ կայանին:

ԱՄՆ-ում այս պահին մեծանում են Բայդենի վարչակազմի նկատմամբ ճնշումները, որպեսզի տրվի օդապարիկի գործունեության մասին հստակ պատասխան:

Ինչպես հանրապետական սենատոր Մայք Թըրնըրն է ասել ‘’ԷնԲիՍի’’ կայանին տված հարցազրույցում, օդապարիկը պետք է խոցված լիներ շատ ավելի շուտ:

«Չինաստանն ակնհայտորեն ընդլայնում է իր ռազմական հնարավորությունները, եռապատկում` միջուկային զենքի հնարավորությունները, օգտագործում է հիպերձայնային զենքեր, եւ ավելի ու ավելի է խորանում տիեզերքում», ասել է նա:

Հանրապետական մեկ այլ սենատոր Մարքո Ռուբիոն դժգոհություն է արտահայտում, հայտարարելով, որ օդապարիկը թռիչք է իրականացրել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների դաշտերի, ռազմական մեծ նշանակություն ունեցող տեղանքների վերեւով: ‘’Այնպես որ, շատ ու շատ հարցեր կան, որոնց պետք է տրվեն պատասխաններ’’, ասել է նա ‘’ԷյԲիՍի’’-ին:

Պաշտպանության նախարարությունը չի կարծում, որ բեկորների ուսումնասիրությունը երկար ժամանակ կպահանջի: Սակայն չի էլ հայտարարվում, թե երբ դրանց պատասխանը կհրապարակվի:

XS
SM
MD
LG