Մատչելի հղումներ

Ֆեյքերի մասին դատավճիռները բնակչությանն ահաբեկելու միջոց են. Փորձագետներ.


Ռուսաստանում կեղծ` այսպես կոչված ֆեյք լուրեր տարածելու մեղադրանքով դատավճիռները դառնում են սովորական երեւույթ: Հիշենք քաղաքապետարանի նախկին պատգամավորներ Ալեքսեյ Գորինովի և Իլյա Յաշինի դեպքերը, որոնք դատապարտվել էին համապատասխանաբար յոթ և ութուկես տարվա ազատազրկման։

Ռուսական օրենսդրության համաձայն՝ ցանկացած տեղեկություն, որը հակասում է պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններին, դիտավորյալ իրականացված կեղծիք է համարվում։

Իշխանություններն այսօր հետապնդում են բոլորին, ովքեր ակտիվորեն հակապատերազմական դիրքորոշում են հայտնում, ասում է Կարնեգի հիմնադրամի (ԱՄՆ) ավագ վերլուծաբան Անդրեյ Կոլեսնիկովը։ Նրա կարծիքով՝ լրագրողներն այս համատեքստում ընդհանուր պատկերի մի մասն են միայն։

«Ինչպես ցանկացած ավտորիտար կամ տոտալիտար պետությունում, իշխանությունները Ռուսաստանում ձգտում են բնակչության մեջ ձեւավորել միայն մեկ կարծիք ունենալու միտումը», ասում է նա: Կրթության ոլորտում անցկացվող քարոզչությունից և պետական կարծիքը տարածելուց զատ, մյուս ուղին ահաբեկումն է։ Ահաբեկում նաեւ նրանց նկատմամբ, ովքեր արդեն իսկ երկրի տարածքում չեն:

Հիշեցնենք, որ այս հոդվածով է ռուսական դատարանը հեռակա կարգով 8 տարվա ազատազրկման դատապարտել նախկին ոստիկան Օլեգ Կաշինցևին:

Կոլեսնիկովի խոսքերով, մյուս կողմից իշխանությունները փակում են անցանկալի տարրերի վերադարձը հայրենիք: Իսկ վերադառնալու ցանկության դեպքում ազատազրկումը լավագույն խոչընդոտն է։

Կրեմլը հստակ կուրս է որդեգրել ամեն գնով դեպի կոշտ ռեպրեսիվ քաղաքականություն և չի թաքցնում դա, ասում է Կարնեգի հիմնադրամի փորձագետը: Հասարակական գիտակցությունը վերահսկելու միջոցով իրենց իշխանությունը երկարաձգելու փորձ է սա, ասում է նա:

Ստեղծված իրավիճակում հավաքական համերաշխության դրսևորման հետ կապված հույսեր չեն կարող լինել, քանի որ, ասում է վերլուծաբանը, Ռուսաստանում չկան անկախ լրատվամիջոցներ, որոնք կարող են արտահայտել Կրեմլից անկախ որեւէ կարծիքը:

Զանգվածային լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության կենտրոնի տնօրեն Գալինա Արապովայի խոսքերով «Մյուս քաղաքացիներին ահաբեկելու գործողություն» բառակապակցությունն այն դատավճռի առաջին նախադասությունն է, որով կեղծ լուրեր տարածելու մեղադրանքով դատում են Պետդումայի նախկին պատգամավոր, հեռուստալրագրող Ալեքսանդր Նեւզորովին: ‘’Պարզ է, որ քանի որ պատիժը կայացվել է մեղադրյալի բացակայությամբ, ապա դրա կատարումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Նևզորովը վերադառնա հայրենիք, ինչը գործնականում անհնար է’’, ասում է նա ու ավելացնում, որ նման դատավարության նպատակը մեկն է`մյուսներին ահաբեկելը:

Արապովայի խոսքերով, մարդկանց բռունցքի մեջ պահելու մյուս միջոցը պատիժների խստությունն է:

Վերջին շրջանում 8 տարվա ազատազրկում հազվադեպ է տրվում, նույնիսկ սպանությունների և այլ ծանր հանցագործությունների համար, ասում է նա, եւ դա համեմատում Նեւզորովի նկատմամբ կայացված վճռին, որով նա ազատազրկվում է ութ տարով: ‘’Սա ցույց է տալիս իշխանությունների հստակ նպատակը` մարդկանց սարսափի մեջ պահելը:

«Սա պուտինյան ռեժիմին հատուկ վրեժխնդրությունն է»: Այս կարծիքին է Ժողովրդական ազատության կուսակցության դաշնային քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Նատալյա Պելևինան: Սա հորդոր է` ուղղված նրանց, ովքեր հեռացել են երկրից, հորդոր, որ հայրենիք նրանք չվերադառնան:

«Նման դատավճիռները թմրեցնում եւ լռեցնում են նրանց, ովքեր ունեն Ուկրաինայի պատերազմի նկատմամբ այլ կարծիք:

Արդյունքում, ասում են վերլուծաբանները, Ռուսաստանում ամենաշատը տուժում են նրանք, ովքեր ներքին հակասության մեջ են: Նրանք, ովքեր կտրականապես մերժում են պատերազմը, սակայն ստիպված են փակ պահել իրենց բերանը: Եվ շատերն այս իրավիճակը հաղթահարելու համար ընդօրինակում են ջայլամի փորձը՝ ավազի մեջ պահելով իրենց գլուխը:

Արամ Վանեցյան

Վիկտոր Վլադիմիրով

XS
SM
MD
LG