Մատչելի հղումներ

Քրդական ուժերը պետք է միավորվեն ընդդեմ ‘’Իսլամական պետության’’


ԱՄՆ-ի ռազմական խորհրդատուների խումբը և «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գլոբալ կոալիցիայի այլ անդամներ սերտորեն համագործակցում են Իրաքի քրդական ուժերի հետ՝ նրանց կարողություններն արդիականացնելու և ապագա ահաբեկչական սպառնալիքներին նախապատրաստվելու համար։

ԱՄՆ-ի գլխավորությամբ դաշինքը վերջերս օգնում էր Իրաքի քրդական ուժերին բարեփոխել իրենց կառույցը: Իրաքի քրդական ուժերը, որոնք հայտնի են ‘’Փեշմերգա’’ անվամբ, եղել են ‘’Իսլամական պետություն’’ ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավոր գործընկերը:

Չնայած Փեշմերգայի արդյունավետ գործողողություններին, այս կառույցի զինված խմբերը գործում են ինքնուրույն: Եվ միջազգային դաշինքի խորհրդականները ցանկանում են այստեղ իրականացնել փոփոխություն:

Ինչպես ԱՄՆ-ի բանակի փոխգնդապետ Փաթրիք Քոքինն է ասում. ‘’Նպատակը վեցից ութ դիվիզիա կառուցելն է, որոնք ենթակա կլինեն Փեշմերգայի նախարարությանը: Այդ դիվիզիաների մեջ կընդգրկվեն 70 եւ 80-րդ միավորումները, ինչը թույլ կտա միավորել քրդական անվտանգության բոլոր ուժերը’’:

Փեշմերգայի ստորաբաժանումները կապված են Իրաքյան Քրդստանի երկու իշխող քաղաքական կուսակցությունների հետ: Քրդստանի հայրենասիրական միությունը ղեկավարում է 70-րդ, Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը կամ KDP-ն`80-րդ ստորաբաժանումը: Սակայն երկու կողմերի միջև պատմական լարվածությունը խոչընդոտել է Հյուսիսային Իրաքի այս ինքնավար շրջանի համար միասնական մարտական ուժի ձևավորմանը:

70-րդ զորամասի հրամանատար Մուսթաֆա Չարվաշն ասում է, որ իրենք պատրաստ են քայլ առ քայլ շարունակել իրականացնել միջազգային դաշինքի ներկայացրած բարեփոխումները: ‘’Մենք մեր բրիգադներից մի խումբ արդեն իսկ դրել ենք Փեշմերգայի նախարարության հրամանատարության ներքո’’, ասել է նա։

Չնայած քաղաքական կուսակցությունների միջև աճող լարվածությանը, այստեղ մարտիկների մեծ մասը գիտակցում է տեղական անվտանգության ուժերի միավորման հրատապությունը:

‘’Քանի դեռ կան ‘’Իսլամական պետությունն’’ ու նրա ահաբեկիչները, մեր ուժերը միասնական լինելու կարիք ունեն’’, ասել է Չարվաշը։

Քրդական զինված խմբավորումների ղեկավարներն ասում են, որ միջազգային դաշինքի խորհրդականների դերն այս փուլում վճռորոշ է:

Բաբաքիր Զեբարին, որն 80-րդ զորամասի հրամանատարն է, ասում է. ‘’Ամերիկան և միջազգային դաշինքը կարեւոր դեր ունեն բարեփոխումների այս գործընթացում։ Նրանք լուրջ օգնություն են ցուցաբերել՝ թե՛ ֆինանսապես և զենք տրամադրելով, թե՛ Փեշմերգայի ուժերին խորհուրդներ տալով’’:

Սակայն փորձագետներն ասում են, որ այս միավորումն իրականություն դարձնելու պատասխանատվությունն, ի վերջո, մնում է քուրդ քաղաքական առաջնորդների ուսերին:

Ինչպես քրդական հարցերով վերլուծաբան Հիվա Օսմանն է ասում. ‘’Փեշմերգայի ուժերի միավորումը տեխնիկական խնդիր չէ: Դա քաղաքական որոշում է, որը պետք է ընդունվի քրդական երկու կուսակցությունների մակարդակով’’:

‘’Իսլամական պետություն’’ ծայրահեղական խմբավորման զինյալները շարունակում են մեծ վտանգ ներկայացնել: Այդ պատճառով են շատերը հավատում, որ այդ փաստը քաղաքական կուսակցություններին կստիպի մի կողմ թողնել իրենց տարաձայնությունները և կենտրոնանալ ընդհանուր թշնամու դեմ պայքարի վրա:

Արամ Վանեցյան

Սիրվան Քաջջո

XS
SM
MD
LG