Մատչելի հղումներ

Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդ


Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդ
Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդ

Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը Լաչինի միջանցքի արգելափակման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ: Ամբողջական հարցազրույցը դիտեք այստեղ:

Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացմանը, «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը։ Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ մարդասիրական իրավիճակի հետ մեկտեղ, այդ պատճառով է, որ Վաշինգտոնն ակտիվորեն ջանքեր է գործադրում՝ միջանցքի վերաբացման ուղղությամբ: Պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդն ընդգծում է՝ Լաչինի միջանցքի արգելափակման հարցն առաջնային էր պետքարտուղար Բլինքենի՝ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ ունեցած վերջին հեռախոսազրույցներում:

«Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել միջանցքը և ընդգծել առևտրային և մասնավոր անխոչընդոտ երթևեկության կարևորության մասին։ Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում տեղի հայ բնակչության իրադրության կապակցությամբ: Մենք կշարունակենք լինել ներգրավված և ճնշում գործադրել այս իրավիճակի շուրջ»,- հայտնել է նա:

Բացի այդ, Դոնֆրիդի կարծիքով՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա են նաև այլ խոչընդոտներ:


«Դրանից զատ, իհարկե, առկա է տասնամյակների ցավալի պատմություն երկու երկրների հարաբերություններում: Այսպիսով, թե հայկական և թե ադրբեջանական կողմերն ունեն հասկանալի մտահոգություններ, և մենք արձանագրում ենք այս երկու երկրների միջև վստահության բացակայություն»,- պնդում է Դոնֆրիդը:

Նա նկատում է՝ հայ-ադրբեջանականն բանակցային գործընթացը, որը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի օրակարգային հարցերից է, ընդգրկում է բազմաթիվ բարդ խնդիրների շուրջ քննարկումներ, ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, երկրների միջև տրանսպորտային կապի վերաբացումը: ԱՄՆ-ն աջակցում է կողմերի միջև ուղիղ երկխոսությանը և ընդգծում դրա անհրաժեշտությունը, քանի որ միայն այս միջոցով, ըստ պետքարտուղարի տեղակալի, հնարավոր է հասնել վերոհիշյալ բարդ խնդիրների կարգավորմանը:

«Մենք գտնում ենք, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը խորապես հանձնառու է այս գործընթացին։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել՝ գիտակցելով, որ այն ծանր որոշումները, որոնք պետք է կայացվեն խաղաղությանը հասնելու համար, պետք է կայացվեն Երևանում և Բաքվում»,- նշում է նա:

Ըստ բարձրաստիճան դիվանագետի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրները չեն կարող ունենալ ռազմական լուծում, իսկ միակ ճանապարհը խաղաղ գործընթացի միջոցով դիվանագիտական կարգավորումն է: Մենք չէինք ցանկանա տեսնել իրավիճակի որևէ սրում, շեշտում է Դոնֆրիդը:

«Երկու երկրների միջև ստեղծված իրավիճակի ռազմական լուծում չենք տեսնում և կշարունակենք դիվանագիտորեն ներգրավված մնալ, ինչպես անում էինք՝ նախ վստահ լինելու համար, որ չկա էսկալացիա, և երկրորդը՝ օգնելու խրախուսել դրական առաջընթացը»,- ասում է նա:

Պետքարտուղարի տեղակալը երախտագիտություն է հայտնում ԵՄ-ը՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը մշտադիտարկելու նպատակով Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայելու համար: Դա մի նախաձեռնություն է, որին մենք լիովին աջակցում ենք, նշում է նա:

Դրա հետ մեկտեղ, դիվանագետը մտահոգություն հայտնեց տարածաշրջանում Մոսկվայի ու Թեհրանի ակտիվության վերաբերյալ: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված այսպես կոչված ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում, իսկ Իրանը Հարավային Կովկասում ակտիվորեն փորձում է ընդլայնել իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական դերը:

Այս մտահոգություններն ավելացել են վերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով, նկատում է Քերըն Դոնֆրիդը՝ շեշտելով՝ Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային ակտիվությունը պետք է էլ ավելի մեծ հրատապություն հաղորդի հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին:

XS
SM
MD
LG