ԱՄՆ-ը ծրագրում է վեց անգամ ավելացնել հրետանային արկերի արտադրությունը, որի զգալի մասը նախատեսված է Ուկրաինային մատակարարելու համար։
Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ բանակի հրամանատարության զեկույցը։
Ըստ նույն պարբերականի, մինչև Ուկրաինա ռուսական ներխուժումը, ամերիկյան ռազմական գործարանները ամսական արտադրում էին 14400 հրետանային արկ:
Պենտագոնը ծրագրում է երկու տարվա ընթացքում արդյունահանումը հասցնել ամսական 90 հազար արկի։ Մասնավոր ընկերությունների հետ արդեն իսկ կնքվել են համապատասխան պայմանագրեր։
Այս քանակի արկեր ԱՄՆ-ում չեն արտադրվել Կորեական պատերազմից ի վեր։
Ըստ թերթի՝ խոսքը հեռահար հաուբիցների համար նախատեսված 155 մմ չկառավարվող արկերի մասին է։
Այժմ դրանք արտադրվում են վեց պետական գործարաններում մասնավոր ընկերությունների կողմից՝ Պենտագոնի հետ պայմանագրերով։
Ինչպես նշում է The New York Times-ը, այդ գործարանների սարքավորումները հնացել են, որոշ տարածքներ օգտագործվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արկերի արտադրության համար։
Նոյեմբերին Պենտագոնը General Dynamics-ի հետ պայմանագիր է կնքել Թեքսասի գործարանում պատյանների կեղևի արտադրության նոր գիծ կառուցելու համար:
Սպասվում է, որ այդ գործարանների գրեթե ողջ արտադրանքը կուղարկվի Ուկրաինա։
Ինչպես ընդգծում է The New York Times-ը, արկերի արտադրությունը կտրուկ ավելացնելու որոշումը վկայում է ԱՄՆ-ի պատրաստակամության մասին՝ աջակցելու Ուկրաինային Ռուսաստանի հետ երկարատև պատերազմի ժամանակ։