Մատչելի հղումներ

Ռուս բանտարկյալները` ճակատում, դաժանության խորացումը` մարտի դաշտերում


Վերջին մի քանի ամիսների ընթացքում իրավապաշտպանները ահազանգում էին, որ ռուսական «Վագներ գրուպ» մասնավոր ռազմական խմբավորումն իր շարքերում է ընդգրկում դատապարտյալների` նրանց Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար: Սպիտակ տունն այժմ ունի տվյալներ, որ այդ վարձկանների շարքում կորուստները կազմում են 40 հազար:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը հայտարարում է, որ Կրեմլն ավելի ու ավելի է ապավինում ‘’Վագներ’’ ռազմական մասնավոր խմբավորմանը, որը շարունակում է հազարավոր բանտարկյալներ հավաքագրել ռուսական բանտերից:

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քըրբին է ասել. ‘’Դատապարտյալների շարքից զոհերի թիվը չափազանց բարձր է։ Ըստ էության, բոլոր զոհերի 90 տոկոսը կազմում են դատապարտյալները’’:

Ուկրաինայի պաշտոնատար անձանց գնահատմամբ, կռվի ուղարկված 38 հազար ռուս բանտարկյալների մոտ 77%-ը սպանվել է, վիրավորվել, գերի է ընկել կամ` անհետ կորել։

Քըրբիի խոսքերով, Ռուսաստանը նրանց օգտագործում է որպես ‘’մսաղացի միս’’:

Ռուսաստանը հերքում է իր պատերազմական գործողությունների նկատմամբ արտաքին աշխարհի գնահատականների մեծ մասը: Սակայն փորձագետները նշում են, որ Կրեմլի համար դժվարանում է քողարկել ‘’Վագներ’’-ի հրամանատարության տակ գտնվող դատապարտյալների դաժան ճակատագիրը:

Ուկրաինական պատերազմի թղթակից Յուրի Բուտուսովը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ միայն անցյալ ամիս Սոլեդար քաղաքի համար մղվող ճակատամարտում ռուսներն օրական մի քանի հարյուր զինվոր են կորցրել: Նրանք գրեթե բոլորը եղել է բանտերից դուրս բերված անձինք:

Նա հիշեցնում է Երկրորդ աշխարհամարտը, որի ընթացքում նմանատիպ գումարտակներ էին գործում, որոնք բաղկացած էին խորհրդային Գուլագի բանտարկյալներից, որոնց հանձնարարված էր ամենադժվար առաջադրանքները: Այսօր նույնը տեղի է ունենում Ուկրաինայի տարածքում, ասում է նա ու ավելացնում, որ այս մարդկանց դեմ արձակված կրակի արդյունքում են ռուս հրամանատարները հայտնաբերում հակառակորդի հրետանային դիրքերը:

«Ռուսաստանը ճաղերի հետևում» քաղաքացիական իրավունքների խմբի գործադիր տնօրեն Օլգա Ռոմանովան «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ բանտարկյալները, ովքեր համաձայնում են Վագների հետ 6-ամսյա պայմանագրեր կնքել, ամսական ստանում են մոտ 3000 դոլար։ Բայց փողը չէ, որ նրանց տանում է ճակատ:

‘’Նրանց հիմնական շարժառիթը, իհարկե, ազատություն ստանալն է: Սակայն մինչ այժմ, տասնյակ հազարավոր բանտարկյալներից միայն 106-ին են ազատել և թույլ տվել տուն գնալ’’, ասում է Ռոմանովան։

Հիշեցնենք, որ Պուտինը նոյեմբեր ամսին ստորագրեց օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել տարբեր հանցագրոծությունների համար ազատազրկված անձանց: Մի բան, որն այս պատերազմը դարձնում է ավելի դաժան ու ավելի անխոհեմ:

Արամ Վանեցյան

Իհոր Տիհանենկա

XS
SM
MD
LG