Ուկրաինայի մայրաքաղաքի մոտակայքում ուղղաթռի վթարի հետևանքով չորեքշաբթի օրը զոհվել է առնվազն 18 մարդ, այդ թվում՝ ՆԳ նախարար Դենիս Մոնաստիրսկին:
Պաշտոնյաները հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել Կիևի արևելքում գտնվող Բրովարիի մանկապարտեզի մոտ, որտեղ զոհվածներից ինը եղել են ուղղաթռում:
Անմիջապես պարզ չէ, թե որն է եղել վթարի պատճառը: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Telegram-ում գրառման մեջ ասել է, որ հրահանգել է իշխանություններին սկսել հետաքննություն։
Զելենսկին վթարն անվանել է «սարսափելի ողբերգություն»: «Ցավն անասելի է»,- ասել է նա։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հավելել է, որ Մոնաստիրսկին և ներքին գործերի փոխնախարար Եվհեն Ենինը «իսկական ուկրաինացի հայրենասերներ են»:
Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի մշտական համակարգող Դենիզ Բրաունն ասել է, որ «խորապես վշտացած է ողբերգական մահվան կապակցությամբ»:
«ՄԱԿ-ի անունից իմ խորին կարեկցանքն ու ցավակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքներին, կառավարությանը և Ուկրաինայի ժողովրդին»,- ասվում է Բրաունի հայտարարության մեջ։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել ուկրաինացի ժողովրդին՝ Մոնաստիրսկիին անվանելով «ԵՄ մեծ բարեկամ»։
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բորխե Բրենդեի հարցին, թե արդյոք կարծում է, որ այս տարի Ուկրաինայում ռուսական պատերազմին վերջ կդրվի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չորեքշաբթի օրն ասել է, որ մոտ ապագայում չի տեսնում պատերազմի ավարտը:
Նա ասել է, որ լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքի վրա, և դրա համար պայմանները ներկա պահին հասուն չեն:
Գերմանիայի Ռամշտեյնի ավիաբազայում եկող ուրբաթ օրը հանդիպում են ունենալու Ուկրաիանային ռազմական աջակցություն տրամադրող պետությունների ներկայացուցիչները, որոնք քննարկելու են օգնության ծավալները մեծացնելու հարցը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կղեկավարի բանակցությունները, որոնց կմասնակցեն պաշտպանության տասնյակ նախարարներ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
Սույն հոդվածը պատրաստված է Associated Press, Agence France-Presse և Reuters լրատվական գործակալություններից ստացված տեղեկությունների հիման վրա: