Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ու Ճապոնիան միավորում են ուժերն` ընդդեմ Չինաստանի սպառնալիքի


Միացյալ Նահանգները հայտարարել է Ճապոնիայի Օկինավայի ամերիկյան ռազմական բազայում ավելի շարժունակ ծովային ստորաբաժանումներ ստեղծելու ծրագրերի մասին: Նպատակն է պաշտպանել իր դաշնակցին՝ Ճապոնիային և ամբողջ Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը Չինաստանի սպառնալիքներից:

Չինաստանի կողմից աճող սպառնալիքները ստիպում են Միացյալ Նահանգներին և Ճապոնիային ընդլայնել և խորացնել միմյանց միջեւ ռազմական և դիվանագիտական համագործակցությունը:

Հինգշաբթի օրը Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն այդ նպատակով հանդիպելու է վարչապետ Ֆումիո Կիսիդային:

Չորեքշաբթի օրը պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էր Պետդեպարտամենտում ողջունել Ճապոնիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին: «Այն, ինչ հիմա մենք միասին անում ենք, դաշինքի խորացումն է, որի նպատակը Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և դրանից դուրս առաջացող մարտահրավերները դիմակայելն է», ասել է նա:

Հարցին, թե արդյոք անխուսափելի է Չինաստանի կողմից Թայվանի դեմ ներխուժումը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ասել է, որ Չինաստանի կողմից սադրիչ ռազմական վարքագիծը շատ տեսանելի է: ‘’Մենք կարծում ենք, որ նրանք ձգտում են հաստատել «նոր կարգեր»: Սակայն, թե արդյոք դա նշանակում է մոտալուտ ներխուժում, մեծապես կասկածում եմ’’, ասել է նա:

ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջեւ ավելի խորը համագործակցության մասին լուրերին Չինաստանի արտգործանախարարության խոսնակն արձագանքել է հետեւյալ խոսքերով. ‘’ԱՄՆ-ը և Ճապոնիան պետք է միմյանց միջեւ համագործակցության խորացումն իրականացնեն այնպես, որպեսզի այն չվնասի երրորդ կողմի շահերին կամ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը’’:

Բլինքենը և Օսթինը մեծապես ողջունել են Երկրորդ աշխարհամարտից ի վեր Ճապոնիայում զինված ուժերը եւ հատկապես հակառակորդի բազաներին հակահարվածներ հասցնելու կարողությունները հզորացնելու ամենալայնավածալ աշխատանքները:

Չափազանց հստակ ձեւակերպված հայտարարությամբ ԱՄՆ-ի և Ճապոնիայի բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ Չինաստանն իրենց առջեւ ամենամեծ ռազմավարական մարտահրավերն է, որն աննախադեպ սպառնալիք է դառնում ընդդեմ միջազգային կարգերի:

Արամ Վանեցյան

Սինդի Սեյն

XS
SM
MD
LG