Մատչելի հղումներ

Միգրացիան  ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա գագաթնաժողովի գլխավոր հարցն է


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն հայտարարել է, որ կայցելի Տեխաս-Մեքսիկա սահման՝ հաջորդ շաբաթ Մեքսիկայի և Կանադայի ղեկավարների հետ կայանալիք գագաթնաժողովից առաջ՝ այդպիսով  կենտրոնանանալով  ներգաղթի վրա։

Միացյալ Նահանգների, Մեքսիկայի և Կանադայի առաջնորդները միշտ շատ հարցեր ունեն քննարկելու, երբ հանդիպում են: Նրանք միասին ղեկավարում են ավելի քան կես միլիարդ մարդու և գրեթե 20 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք:

Բայց մինչ հյուսիսամերիկյան պետությունների ղեկավարները պատրաստվում են հաջորդ շաբաթ Մեքսիկայի մայրաքաղաքում կայանալիք գագաթնաժողովին, ԱՄՆ-ի հարավային սահմանով միգրանտների չդադարող հոսքը կմնա ուշադրության կենտրոնում:

ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանությունը 2022-ի ֆինանսական տարում հաշվել է մոտ 2,4 միլիոն հարավային ցամաքային սահմանի հատման դեպք:

Հատողների մեծ մասը Մեքսիկայի քաղաքացիներ են։ Սակայն զգալի թվով միգրանտներ կան նաև Կուբայից, Հաիթիից, Նիկարագուայից և Վենեսուելայից:

Հաջորդ շաբաթվա գագաթնաժողովից առաջ Բայդենը հայտարարել է ներգաղթի նոր սահմանափակումների մասին և ասել, որ կայցելի ԱՄՆ-Մեքսիկա սահման։

«Հաջորդ շաբաթ ես պատրաստվում եմ մեկնել Մեքսիկա, որտեղ հանդիպելու եմ նախագահ Լոպես Օբրադորի հետ: Մենք ունենք մեծ օրակարգ, որում ներառված են կլիմայական ճգնաժամը, տնտեսական զարգացումը և այլ հարցեր։ Բայց այդ օրակարգի մի կարևոր մասը մեր երկրների միջև սահմանի ամրապնդումն է, և ես ինքս կայցելեմ սահման՝ Էլ Պասոյում գնահատելու իրավիճակը, հանդիպելու տեղի պաշտոնյաների, համայնքի ղեկավարների և սահմանի մարդկանց հետ»,-ասել է նա։

Որոշ վերլուծաբաններ ասում են, որ սահմանի վրա կենտրոնացումը շեղում է երեք երկրների միջև այլ կարևոր խնդիրներից։ Դրանք ունեն զգալի առևտրային, մշակութային և բնապահպանական կապեր:

Ամերիկաների խորհուրդի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Էրիկ Ֆարնսվորթի խոսքով՝ «Երեք առաջնորդներն էլ այս գագաթնաժողովին կնայեն ներքին տեսանկյունից և կփորձեն առաջընթաց գրանցել այն հարցերի շուրջ, որոնք իրենց վրա ազդում են ներքաղաքական առումով: ԱՄՆ-ում դա ակնհայտորեն միգրացիան է»:

Բայց այդ կենտրոնացումը կարող է նաև օգուտ բերել Մեքսիկային, ասում են վերլուծաբանները, և կշեղի ուշադրությունն անվտանգության խնդիրներից, թմրանյութերի առևտուրից, ժողովրդավարական հետընթացից և ԱՄՆ-ի հետ էներգետիկ քաղաքականության շուրջ լուրջ վեճից:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնից Մարիանա Կամպերոնը կարծում է՝ «Այն փաստը, որ միգրացիան նման քաղաքական ազդեցություն ունի Միացյալ Նահանգների ընտրողների վրա, նախագահ Լոպես Օբրադորը օգտագործում է որպես Բայդենի վարչակազմին ստիպելու աչք փակել այլ չարաշահումների վրա»:

Իսկ Ֆարնսվորթը կոչ է անում առաջնորդներին նայել Հյուսիսային Ամերիկայից այն կողմ. «Եթե հանդիպումը վերածվի առևտրային վեճերի և սահմանային քաղաքականության քննարկման, ես նկատի ունեմ, դա նշանակում է, որ ավելի միասնական և ավելի մրցունակ Հյուսիսային Ամերիկայի տեսլականը ևս մեկ անգամ կմղվի հետին պլան: Եվ ես կարծում եմ, որ դա իրական կորուստ է Հյուսիսային Ամերիկայի քաղաքացիների համար»:

Սպիտակ տունն ասում է, որ երկօրյա գագաթնաժողովի ընթացքում քննարկելու բազմաթիվ հարցեր կան։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռի խոսքով՝ «Ժողովը կկայանա կլիմայի և շրջակա միջավայրի մարտահրավերները, Հյուսիսային Ամերիկայի մրցունակության բարձրացումը, մեր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը պաշտպանելը, տարածաշրջանում անկանոն միգրացիան համատեղ կարգավորելը, ինչպես նաև բազմազանությունը, հավասարությունը և ներառականությունը զարգացնելու համար»:




XS
SM
MD
LG