2022 թվականի փետրվարի 24-ից ԱՄՆ-ն ավելի քան 11 միլիարդ դոլար է հատկացրել համաշխարհային պարենային ճգնաժամը լուծելու համար։
Երկուշաբթի օրը New York Times-ը վերլուծել է, թե ինչպես է Ուկրաինայի պատերազմը իջեցրել աշխարհում պարենային անվտանգության մակարդակը, և ինչու է ներկա իրավիճակը կրիտիկական։
Մինչ Ուկրաինայում պատերազմի բռնկումը, ԱՄՆ-ը տարեկան մոտ 2 միլիարդ դոլար էր ծախսում աշխարհում սովի կանխարգելման նպատակով: ՝ «Կերակրե՛ք ապագան» ծրագրի միջոցով ԱՄՆ-ը 20 երկրների էր ցուցաբերում նման օգնություն: Իր հոդվածներից մեկում, անդրադառնալով համաշխարհային սովին, այսպես է գրել ‘’Նյու Յորք թայմս’’ օրաթերթը: Այն հիշեցնում է, որ այս ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին՝ վերջին խոշոր համաշխարհային պարենային ճգնաժամից հետո:
Սակայն Ուկրաինայում պատերազմի բռնկմամբ՝ Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի ամենաաղքատ երկրներում սովի սպառնալիքը կրկին իրական է դարձել։
Փետրվարի 24-ից ի վեր ԱՄՆ-ն ավելի քան 11 միլիարդ դոլար է հատկացրել՝ պարենային ճգնաժամը լուծելու նպատակով։ Սա ներառում է նաև 100 միլիոն դոլար արժողությամբ AGRI-Ukraine ծրագրի ֆինանսավորումը, որն օգնություն է տրամադրում Ուկրաինայի մոտ 13,000 ֆերմերների: Սա ուկրաինացի ֆերմերների ընդհանուր թվի 27 տոկոսն է: Նշենք, որ Ուկրաինայի տնտեսության 1/5-ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը:
Սակայն Ռուսաստանն արգելափակում է Ուկրաինայից հացահատիկի արտահանումների մեծ մասը: Իսկ Ուկրաինան աշխարհում ցորեն արտահանող ամենախոշոր երկրներից է: ԱՄՆ-ի պաշտոնյաները բազմիցս են նշել, որ ռուս զինվորականները միտումնավոր կերպով են թիրախավորում ուկրաինական հացահատիկի պահեստարանները, ինչը սովորաբար համարվում է պատերազմական հանցագործություն: Հայտնի է նաև, որ ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել է ցորենի վերամշակման գործարանների մի մասը։ Ուկրաինացի մեծթիվ ֆերմերներ էլ մեկնել են պատերազմ կամ դարձել ներքին տեղահանվածներ: Արդյունքում, մեծապես է տուժել հացահատիկի և արևածաղկի ձեթի վերամշակման և արտասահմանյան շուկաներ հասցնելու ենթակառուցվածքը:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը տեղեկացնում է, որ այսօր ավելի քան 345 միլիոն մարդ աշխարհում պարենային անապահով կամ սուր պարենային անապահովության վտանգի տակ է, ինչը կրկնակի անգամ գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը:
«Այսօր մենք գործ ունենք պարենային անապահովության զանգվածային ճգնաժամի հետ», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը 2022 թվականի դեկտեմբերին Վաշինգտոնում աֆրիկյան առաջնորդների գագաթաժողովում:
‘’Հարձակում գործելով ընդդեմ Ուկրաինայի, որը համարվում է աշխարհի հացի զամբյուղը, Պուտինը հարձակում է գործում ընդդեմ աշխարհի աղքատների, խթանելով համաշխարհային սովը’’, ասում է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատոր Սամանթա Փաուերը:
Ռուսաստանը շարունակում է արգելափակված վիճակում պահել ուկրաինական տասներեք նավահանգիստներից յոթը։ Ուկրաինայի, ՄԱԿ-ի և Ռուսաստանի միջև ձեռքբերված հացահատիկի գործարքը թույլ տվեց Ուկրաինայից որոշ քանակությամբ ցորեն արտահանել Սև ծովով: Գործարքը նոյեմբերին երկարաձգվեց ևս 4 ամսով: Սակայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը սպառնաց հոկտեմբեր ամսին դուրս գալ գործարքից, պարենի համաշխարհային գները բարձրացան հինգից վեց տոկոսով:
ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Իզոբել Քոլմանի խոսքերով, ‘’Պուտինը աղքատության գիրկն է նետում միլիոնավոր մարդկանց աշխարհի տարբեր հատվածներում’’։
Թեև 2022 թվականին պարենային ապրանքների գների աճը հատկապես մեծ է եղել Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում, աշխարհի ոչ մի տարածաշրջան իրականում զերծ չի մնացել դրանից:
Ինչպես Gro Intelligence-ի գործադիր տնօրեն Սառա Մենքերն է ասում, ‘’Մինչեւ ուկրաինական պատերազմը պարենամթերքի համաշխարհային գներն արդեն իսկ հասել էին վերջին տասը տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակին:
‘’Նյու Յորք թայմս’’ օրաթերթին տված հարցազրույցում նա ասել է, որ.
‘’Գնաճն այսօր կազմում է ԱՄՆ-ում 60%-ից մինչեւ Սուդանում գրանցված 1900%-ի’’:
Արամ Վանեցյան եւ ‘’Ամերիկայի Ձայն’’-ի Ռուսական ծառայություն