Երդմնակալությունը տեղի է ունեցել անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո
Կիրակի օրը Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ստանձնել է Բրազիլիայի նախագահի պաշտոնը։
Ձախ քաղաքական գործիչ 77-ամյա Լուլան հոկտեմբերին նվազագույն տարբերությամբ հաղթել է ծայրահեղ աջ Բոլսոնարոյին և Բրազիլիայի պատմության մեջ առաջին անգամ դարձել նախագահ, ով այդ պաշտոնն է ստանձնում երրորդ անգամ: Մինչ այդ նա պետությունը ղեկավարել է 2003-2010 թվականներին:
2018-2019 թվականներին Լուլան բանտում անցկացրել է 580 օր. նա դատապարտվել է կոռուպցիայի մեղադրանքով, սակայն հետագայում մեղադրանքը հանվել է։
Ըստ Լուլայի կողմնակիցների, բանտարկության ժամկետը ամրապնդեց նրա սոցիալական արդարության զգացումը և համոզեց նրան ավելի շատ կենտրոնանալ աղքատության դեմ պայքարի վրա, այլ ոչ թե շահույթի ավելացման վրա: Այժմ նրա առջեւ կանգնած է Բրազիլիայի լճացած տնտեսությունը բարելավելու դժվարին խնդիրը:
«Լուլայից շատ բան է սպասվում։ Նա բարդ առաքելություն ունի՝ վերականգնելու բնականոնությունն ու կանխատեսելիությունը Բրազիլիայում, և ամենակարևորը՝ արագ հասնել արդյունքների, որոնք կբարելավեն նրա բնակիչների կյանքի որակը», - ասում է Բրազիլիայում Dharma Political Risk խորհրդատվական ընկերության տնօրեն Կրեոմար դե Սոուզան:
Ուրբաթ օրը Ժաիր Բոլսոնարոն Բրազիլիայից Ֆլորիդա մեկնեց՝ չընդունելով իր ընտրական պարտությունը։ Նրա կողմնակիցները երկու ամիս շարունակ բողոքում էին՝ ասելով, որ ընտրությունները կեղծված են, և կոչ էին անում ռազմական հեղաշրջում իրականացնել՝ թույլ չտալու Լուլայի վերադարձը իշխանության:
Արդյունքում՝ երդմնակալության արարողության անվտանգության միջոցառումները խստացված են։
Կիրակի օրը ոստիկանությունը բերման է ենթարկել մի տղամարդու, ով հրավառությամբ և դանակով փորձում էր հասնել երդմնակալության արարողությանը։ Սուրբ Ծննդյան նախօրեին Բոլսոնարոյի կողմնակիցը ձերբակալվել է պայթուցիկ սարքի պատրաստման համար, որը նա փորձել է մաքսանենգ ճանապարհով տեղափոխել մայրաքաղաք։
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա