Մատչելի հղումներ

Ինքնաոչնչացնող տարի` Ռուսաստանի համար


Պուտինյան ռեժիմի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքները մտան յուրաքանչյուր ուկրաինացու տուն: Երկրի բնակչության գրեթե մեկ քառորդը դարձավ փախստական: Սակայն պատերազմը միայն այնտեղ չէ, որտեղ գնում են մարտեր: Պատերազմի հետեւանքներն իրենց վրա են զգում նաեւ Ռուսաստանի բնակիչները: Մեկուսացում, պատժամիջոցներ, ներմուծման խնդիրներ, գնաճ:

«Ռուսաստանում աճում է ազգայնականությունն ու չափից դուրս հայրենասիրությունը։ Դրա պատճառն այն է, որ ռուսները շարունակ երազում են աշխարհում գերհզոր պետության դիրքերը պահպանելու մասին, ու չեն կարողանում հրաժարվել իմպերիալիստական իրենց նկրտումներից: Այդ պատճառով է, որ նրանցից շատերն են կիսում Պուտինի հայացքները: Ռուսաստանը կրկին մեծ, ավելի կայսերական պետություն դարձնելու տեսական կամ փիլիսոփայական ցանկությունը չվերացավ նաեւ Խորհրդային Միության փլուզումից հետո», - ասում է միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Կլաուս Լարեսը:

Եվրասիայի հարցերով վերլուծաբան Մեթյու Օրն ավելացնում է, որ ‘’Ռուսաստանը դիվանագիտական մակարդակով աստիճանաբար ավելի է մեկուսացվում: Սա նկատելի է նաև ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ, որտեղ գրեթե ոչ ոք չի ցանկանում աջակցել Ռուսաստանին’’։ Նրա խոսքերով, միայն այն մի քանի երկրները, որոնք երբեմն ցույց են տալիս համերաշխություն Ռուսաստանի հետ, թույլ են տալիս Կրեմլին հավատալ, որ դա կօգնի իրենց ստեղծել այսպես կոչված այլընտրանքային աշխարհակարգ։ Բայց այդ երկրներն անգամ հրաժարվում են Ռուսաստանին լիակատար աջակցությունից:

Ռուսական շուկայից արեւմտյան ավելի քան 1000 ընկերությունների հեռանալը, ռուսական բանկերին SWIFT համակարգի կողմից արգելափակումը, միջազգային վճարային համակարգերից օգտվելու անկարողությունը, արժույթի փոխանակման և արտահանման դժվարությունները թվում է, թե պետք է ռուս հասարակությանը ստիպեին քննադատաբար նայել սեփական ուժերին և այդ գործողությունների հետևանքներին: Բայց ռուսները մնում են այնքան ազգայնամոլ, որքան պատերազմից առաջ էին:

‘’Չի բացառվում, որ Ռուսաստանում մարդիկ, ինչպես 1991 թվականին Խորհրդային Միությունը փլուզեցին, որոշեն նաեւ այսօր փոխել Կրեմլի ղեկավարությանը’’, ասում է Ղազախստանում և Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, RAND-ի փորձագետ Ուիլյամ Քորթնին, ու շեշտում, որ տնտեսական դժվարությունները Ռուսաստանում այսօր ավելի խորն են, քան անցյալում որեւէ ժամանակ: ‘’Ռուսները կարծում էին, որ նավթի և գազի բարձր գները կօգնեն Ռուսաստանին վերականգնվել: ‘’Բայց իրականությունն այժմ այլ է’’, ասում է վերլուծաբանը: Մի շարք օրինակներ բերելով` նա նշում է, որ ժողովրդի կենսամակարդակը միանշանակ կերպով է անկում ապրել:

Ուկրաինայի դեմ պատերազմին աջակցելու մասին հասարակական կարծիքն անկում է ապրում: Այդ հարցում շրջադարձային կետ հանդիսացավ սեպտեմբերի 21-ին այսպես կոչված «մասնակի մոբիլիզացիայի» հայտարարությունը։

Բողոքի հնարավորությունից լիովին զրկված ռուսները, փորձագետների խոսքերով, ‘’քվեարկեցին ոտքով’’, այսինքն սկսեցին հեռանալ հայրենիքից: ‘’Մեր ձեռքի տակ առկա տվյալների համաձայն, Ռուսաստանից հեռացել են հարյուր հազարավոր մարդիկ, եւ ամբողջ պատերազմի ընթացքում հեռացած անձանց թվի հետ հաշվված, դա կարող է հասնել միլիոնների’’, ասում է

Ուիլյամ Քորթնին: Իսկ դա, ասում են վերլուծաբանները, մեծապես է ազդել ժողովրդագրական իրավիճակի, Ռուսաստանի աշխատունակ բնակչության ընդհանուր թվի վրա։

Եվ ի՞նչ պիտի ասի Պուտինն իր ժողովրդին, ինչպե՞ս պիտի արդարանա նրանց առջեւ, երբ արդեն կա գրավված տարածքները լիովին կորցնելու վտանգ:

Ասելիք չունենալու պատճառով չէ՞ արդյոք, որ Պուտինը չեղարկում է ամենամյա մեծ ասուլիսը, ինչպես նաեւ ավանդական ուղիղ գիծը ժողովրդի հետ:

Ինչպես ասում են փորձագետները, ռուսական բանակի ձախողումների և Ռուսաստանի համար մեծ ռազմավարական աղետի մասին հարցերին պատասխանելը դժվարանում է օրըստoրե:

Արամ Վանեցյան

Վիկտոր Վլադիմիրով

XS
SM
MD
LG