Վերլուծաբանները շարունակում են քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Վերլուծաբան Ջոշուա Կուցերան Eurasianet պարբերականի էջերում վերջերս հրապարակված «Ղարաբաղում ռուս խաղաղապահները՝ քննադատական ուշադրության կենտրոնում» վերնագրով հոդվածում պնդում է, որ շարունակվող շրջափակումը բացահայտում է խաղաղապահների մանդատի անորոշության հետ կապված բացը: Ըստ նրա՝ Բաքուն ձգտում է օգտագործել այս անորոշությունը և շրջափակման միջազգային դատապարտման ալիքի աճի պայմաններում փորձում մեղքը բարդել ռուս խաղաղապահների վրա։
Կուցերան մեջբերում է Eurasianet-ին տված հարցազրույցում Միջազգային ճգնաժամային խմբի ադրբեջանցի վերլուծաբան Զաուր Շիրիևի խոսքերը, ըստ որի՝ «Յուրաքանչյուր նոր էսկալացիա, ինչպես ռազմական, այնպես էլ ոչ ռազմական, ավելի է խորացնում 2020 թվականի պատերազմից մնացած թարմ վերքերը։ Այն նվազեցնում է հասարակության մակարդակում կայուն խաղաղության հույսը և ամրապնդում արմատական տարրերի դիրքերը երկու երկրներում»,- նշել է Շիրիևը` ընդգծելով՝ այս համատեքստում շրջափակումը «չափազանց անարդյունավետ քայլ է, որն «ամրապնդում է հայերի այն պնդումները, որ Ադրբեջանին ինտեգրվելու դեպքում Բաքուն իրենց պաշտպանություն և անվտանգություն չի ապահովի»։
Կուցերան մեջբերում է նաև Միջազգային ճգնաժամային խմբի հայազգի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանին, ըստ որի՝ խաղաղապահները գտնվում են ճգնաժամի կենտրոնում, և նրանց քննադատում են տարբեր կողմերից. Լեռնային Ղարաբաղի հայերը ակնկալում են, որ խաղաղապահները ցրեն ճանապարհը այն փակողներից, իսկ ցուցարարները խաղաղապահների առաքելության հետ կարող են կապել այլ հույսեր: Վարդանյանն ընդգծում է, սակայն, որ առանց խաղաղապահների իրավիճակը կարող է վատթարանալ, քանի որ խաղաղապահները որոշակի չափով օգնում են պահպանել կայունությունը տեղում: Ըստ Վարդանյանի՝ ուկրաինական ճգնաժամի պայմաններում Արևմուտքի համար դժվար է աջակցել Ռուսաստանի ռազմական ներկայությանը Լեռնային Ղարաբաղում, որի հետևանքով այն վերածվում է շատ մեկուսացված առաքելության, որը գրեթե կապ չունի միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա կառավարությունների հետ։
Վերլուծաբան Թոմաս դե Վաալը թվիթերյան գրառման միջոցով նշում է, որ այսօր լարվածությունը այդպես էլ չի նվազել: «Բաքվի և Մոսկվայի միջև, անշուշտ, բանակցություններ են ընթանում Լաչինի ճանապարհի օգտագործման շուրջ, ուր Ադրբեջանը պահանջում է ավելի շատ թափանցիկություն, թե ով կարող է օգտվել ճանապարհից և ինչ տեղափոխել», գրում է դե Վաալը: Նա նաև ընդգծում է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը քննադատել է ռուսական կողմին անգործության համար, սակայն այս ուղերձը բացասական արձագանքի է արժանացել Մոսկվայի կողմից։
Իր գրառման մեջ Քարնեգի կենտրոնի վերլուծաբանը նկատում է, որ ավելի լայն համատեքստում Ադրբեջանի նախագահ Ալիևը մինչև ընթացիկ տարվա վերջ փորձում էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել՝ ձգտելով Ղարաբաղն այս ճանապարհով հռչակել Ադրբեջանի մաս: Ըստ դե Վաալի, սակայն, դա տեղի չունեցավ, իսկ հայկական կողմը, վերլուծաբանի կարծիքով, ջանքեր է գործադրում խաղաղ գործընթացին զուգահեռ բանակցություններ վարել ԼՂ-ի և այստեղ բնակվող ժողովրդի երաշխիքների շուրջ։ ԵՄ-ը նույնպես օգտագործում է նույն բառապաշարը, ակնարկում է նա: Սակայն, ինչպես նկատում է դե Վաալը, վերջին 2 տարիների փորձը ցույց է տալիս, որ երբ հայկական կողմը փորձում է ժամանակ շահել, Բաքուն դիմում է հարկադրման քաղաքականությանը կամ ուժի կիրառման, որը հանգեցնում է անվստահության շարունական խորացմանն ու բռնությանը:
Իսկ այդ ընթացքում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը թվիթերյան գրառման միջոցով կողմերին կոչ է արել «կարգավորել ընթացիք հարցերը երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը միջանցքով, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել քաղաքացիական բնակչության վրա հումանիտար բացասական ազդեցությունից»։