Մատչելի հղումներ

Ռուսաստանը կարող է ներխուժել Մոլդովա. մոլդովական հետախուզություն


Russia Ukraine War
Russia Ukraine War

Մոլդովայի հետախուզության պաշտոնյաներն ասում են, որ ռուսական ուժերը հաջորդ տարվա սկզբին կարող են ռազմական հարձակում սկսել Ուկրաինայի հարավում: Նպատակներից մեկը, նրանք ասում են, կարող է լինել Ուկրաինայում ռուսական զորքերի կապը Մոլդովայում Ռուսաստանի կողմից աջակցվող Մերձդնեստր (Transnistia) շրջանի հետ։

Նինան ծնվել և մեծացել է ուկրաինական Օդեսայի մարզի Վելիկա Միխայլիվկա գյուղում, որը սահմանակից է Մերձդնեստրին՝ Ռուսաստանի կողմից աջակցվող Մոլդովայի անջատողական շրջանին:

Իր կյանքի մեծ մասը նա աշխատել է տեղի գործարանում, այսօր փոքր հացի կրպակ ունի:

Նինային չի անհանգստացնում մոլդովական հետախուզության զեկույցը, որը նախազգուշացնում է, որ Ռուսաստանը կարող է նոր հարձակում սկսել Ուկրաինայի հարավում:

«Դա ուղղակի խոսակցություն է. Այստեղ մենք լավ ենք, ամեն ինչ հանգիստ է։ Մեր տղաները մեզ պաշտպանում են»,-ասել է նա։

Բայց ոչ բոլոր տեղացիներն են Նինայի պես հանգիստ։

Նույն գյուղի բնակիչ Լյուդմիլայի խոսքով՝ «Մենք շատ մոտ ենք սահմանին, եզրագծի վրա ենք, փորձում ենք ամեն կերպ աջակցել մեր զինվորներին»:


«Մենք մոտենում ենք Մերձդնեստրի սահմանին. Ահա այն տներն արդեն Մերձդնեստրում են»,- ներկայացնում է Կովալչուկը։

Ալեքսանդր Կովալչուկը ծնվել և մեծացել է Ուկրաինայի այդ հատվածում. «Ծնողներս ապրում են Մոլդովայի սահմանից մոտ 25 կիլոմետր հեռավորության վրա»։

Մոլդովան անկախացել է Խորհրդային Միությունից 1991 թվականին։

1992 թվականին Ռուսաստանի կողմից աջակցվող անջատականները քաղաքացիական պատերազմ են սկսել Մերձդնեստրում և դեռևս վերահսկում են տարածաշրջանը, չնայած այն միջազգայնորեն ճանաչված է որպես Մոլդովայի մի մաս:

Մինչ օրս տարածաշրջանում ռուսական զորքեր կան, և դա է, որ անհանգստացնում է սահմանի մոտ ապրող շատ ուկրաինացիների։

Կովալչուկն ասում է, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր մեծ թվով տղամարդիկ հատել են ուկրաինա-մոլդովական սահմանը Մերձդնեստրի մայրաքաղաք Տիրասպոլի մոտակայքում:

«Մենք ոչ պաշտոնական տեղեկություններ ունենք, որ վերջին վեց ամիսների ընթացքում Մերձդնեստր են եկել բազմաթիվ երիտասարդ և միջին տարիքի տղամարդիկ. նրանք ասել են, որ այցելում են հարազատներին կամ գործ ունեն անելու: Սակայն նրանցից ոչ մեկը հետ չի վերադարձել։ Ենթադրում ենք, որ նրանք ռուս սպաներ են, և ինչ-որ բանի են սպասում։ Ըստ մեր աղբյուրների՝ այս պահի դրությամբ խոսքը 1000 տղամարդու մասին է»,-պատմել է Կովալչուկը։

Մոլդովայի հետախուզության պաշտոնյաներն ասել են, որ հաջորդ տարվա սկզբին հնարավոր է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի հարավում՝ նպատակ ունենալով կապել Ուկրաինան և Մերձդնեստրը:

Կովալչուկը կարծում է, որ դա քիչ հավանական է. «Եթե նույնիսկ հակամարտություն լինի, Ուկրաինան կհաղթի։ Մենք այստեղ ավելի շատ տղամարդիկ ունենք: Մենք առավելություն ունենք»։

Վելիկա Միխայլիվկայի բնակիչները պատրաստվում են ձմռանը։ Կամավորները ջեռուցման կետեր են ստեղծել տեղացիների համար, քանի որ ռուսական հրթիռային հարձակումները զրկել են էլեկտրաէներգիայից և ջեռուցումից ողջ երկրում:

Վելիկա Միխայլիվկայի փոխնախագահ Անատոլի Իվանովն ասել է՝ «Մենք գիտակցում ենք, որ այս ձմեռը ծանր է լինելու: Մեր պետության համար պայքարելու ենք մինչև վերջ։ Մենք մեր հողի տերն ենք»։

Գյուղը շարունակում է ապրել իր կյանքով, բայց զգույշ՝ աչքը պահելով արևմտյան սահմանի կողմը։

XS
SM
MD
LG