Ուժեղ ձնաբուքը, որը Սուրբծննդյան հանգստյան օրերին կաթվածահար էր արել արևմտյան Նյու Յորքը, առնվազն 25 մարդու կյանք է խլել: Այս մասին երկուշաբթի օրն ասացել են Էրիի մարզի պաշտոնյաները:
Էրիի մարզի գործադիր ղեկավար Մարք Պոլոնքարցը երկուշաբթի առավոտյան ճեպազրույցում լրագրողներին ասել է, որ փոթորկի հետևանքով մահացածների թիվը մեկ գիշերվա ընթացքում աճել է 12-ով: Որոշ մարդկանց հայտնաբերել են ձնակույտերում կամ իրենց մեքենաների մեջ: Որոշ մարդիկ մահացել են ցրտի պատճառով սրտի հետ կապված խնդիրներից:
Այս ձնաբուքը, որը համարվում է տարածաշրջանում վերջին 45 տարիթերի ընթացքում ամենասարսափելին, սկսվեց ուրբաթ ուշ երեկոյան` առաջինը հարվածելով արևմտյան Նյու Յորքին:
Ըստ NBC News-ի տվյալների՝ անցյալ շաբաթվա վերջից ԱՄՆ-ում եղանակի հետ կապված միջադեպերի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ:
Բուֆալո մարզը, որը գտնվում է Էրիի լճի եզրին, Կանադայի սահմանի մոտ, ամենաշատը տուժած վայրերից մեկն է:
Անզգայնացնելու աստիճանի հասնող ցուրտը, զուգորդված ոռնացող քամիներով և բարձր խոնավությամբ, պատմության մեջ կմնա «22-ի ձնաբուք» անվամբ, ասել է նահանգապետ Քեթի Հոչուլը:
Նահանգապետն այն անվանել է «կյանքի ընթացքում մեկ անգամ» տեղի ունեցող եղանակային աղետ, որը դասվել է որպես ամենակատաղի ձմեռային փոթորիկը: Նյու Յորք նահանգի երկրորդ խոշորագույն քաղաքին` Բուֆալոյին վերջին ծանր ձնաբուքը հարվածել էր 1977 թվականին, որին այն ժամանակ զոհ էր գնացել մոտ 30 մարդ:
''Ռոյթերս''