Մատչելի հղումներ

Սենատը հաստատել է Պենտագոնի համար ռեկորդային 858 միլիարդ դոլարի բյուջե


Հինգշաբթի ուշ երեկոյան ամերիկացի սենատորներն ընդունել են օրինագիծ, որը նախատեսում է տարեկան պաշտպանական ծախսերի համար ռեկորդային 858 միլիարդ դոլար, ինչը 45 միլիարդ դոլարով ավելի է, քան նախագահ Ջո Բայդենի առաջարկածը: Օրինագիծը նաև հանում է ԱՄՆ-ի զինվորականների համար պարտադիր COVID-ի պատվաստումները։

Սենատորները պաշտպանել են Պաշտպանության բյուջեի ակտը` Պենտագոնի տարեկան բյուջեն՝ ճնշող երկկուսակցական մեծամասնությամբ (83 կողմ, 11 դեմ): Ընդունմանը դեմ են քվեարկել լիբերալները, ովքեր դեմ են ռազմական բյուջեի անընդհատ աճին, և հարկաբյուջետային պահպանողականները, ովքեր ցանկանում են խստացնել ծախսերի վերահսկողությունը:

Անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատն արդեն ընդունել էr նույն օրինագիծը: Այն այժմ ուղարկվելու է Սպիտակ տուն, որտեղ ակնկալվում է, որ նախագահ Ջո Բայդենը այն կստորագրի անմիջապես:

2023 ֆինանսական տարվա համար պաշտպանական բյուջեն նախատեսում է 858 միլիարդ դոլար ռազմական ծախսեր և ներառում է զինվորականների աշխատավարձերի 4,6% բարձրացում, զենքի, նավերի և ինքնաթիռների գնման ֆինանսավորում և աջակցություն Թայվանին՝ Չինաստանի և Ուկրաինայի աճող սպառնալիքի պայմաններում:

Կոնգրեսը պաշտպանական ակտը հաստատում է ամեն տարի 1961 թվականից սկսած:

Օրինագիծը Ուկրաինային տրամադրում է առնվազն 800 միլիոն դոլարի լրացուցիչ աջակցություն հաջորդ տարի անվտանգության համար և ներառում է մի շարք դրույթներ՝ ուժեղացնելու Թայվանի պաշտպանությունը Չինաստանի հետ աճող լարվածության պայմաններում, ներառյալ միլիարդավոր դոլարների անվտանգության աջակցությունը և Թայվանին սպառազինությունների արագացված գնումները:

Օրինագիծը նախատեսում է լրացուցիչ ֆինանսավորում հիպերձայնային զենքի ստեղծման, Հավայան կղզիներում Red Hill վառելիքի պահեստի փակման և սպառազինության համակարգերի, այդ թվում՝ Lockheed Martin կորպորացիայի կողմից արտադրված F-35 կործանիչների և General Dynamics-ի արտադրած նավերի գնման համար։

XS
SM
MD
LG