Ուկրաինայում պատերազմը սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը այս երկրին ամեն ամիս միջին հաշվով հատկացրել է 2 միլիարդ դոլար` հիմնականում զենք ու զինամթերք գնելու, մարզումներ անցկացնելու նպատակով:
Ուկրաինան Ռուսաստանի հետ հայտնվել է հրետանային մենամարտի բովում: Ուկրաինացիներն այստեղ ամենամեծ հաջողությունները գրանցում են ԱՄՆ-ի կողմից հատկացված բրիտանական արտադրության M777 մակնիշի հաուբիցների, մեծ շարժունակությամբ հրետանա-հրթիռային համակարգերի` Հայմարսի (HIMARS) միջոցով:
Ինչպես Եվրոպայում ԱՄՆ-ի բանակային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոդջեսն է ասում, դրանից ոգեւորված, ‘’Ուկրաինայում այսօր նորածին հարյուրավոր տղաների են անվանում Հայմարս:
Մինչ օրս ԱՄՆ-ն 20 HIMARS է մատակարարել Ուկրաինային, ինչպես նաեւ Գիմլերս մակնիշի հրթիռներ այս HIMARS համակարգերի համար, որոնք ունեն մոտ 90 կիլոմետր հեռահարություն:
Գեներալ-լեյտենանտի խոսքերով, ավելի նախընտրելի է Բանակային տակտիկական հրթիռային համակարգը (ATACMS), որի հրթիռները HIMARS-ից արձակվելու դեպքում ունեն 300 կիլոմետր հեռահարություն: ‘’Եթե ուկրաինացիները դա արդեն ունենային, նրանք այսօր արդեն կհարվածեին Սևաստոպոլին և Ղրիմի ներսում գտնվող այլ կարևոր թիրախների’’, ասում է նա:
Ուկրաինան մինչ այժմ օգտագործել է ամերիկյան արտադրության Switchblade եւ Phoenix Ghost մակնիշի անօդաչու թռչող սարքեր, թուրքական Bayraktar-ներ:
‘’Ուկրաինացիները հիմնականում իրենց անօդաչու թռչող սարքերի գործողությունները վերածել են արվեստի ձևի: Այսօր նրանք հեշտությամբ են հաշվարկում ռուսական ուժերի դիրքերը, եւ թե որ ուղղությամբ ավելի հարմար կլինի նրանց ոչնչացնելը’’, ասում է գեներալը:
Սակայն այս պահին Ռուսաստանը անօդաչու սարքեր է ստանում Իրանից: Պենտագոնի տվյալներով՝ Ռուսաստանը իրանական արտադրության հարվածային հարյուրավոր ԱԹՍ-ներ է տեղակայել՝ Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքները թիրախավորելու համար:
Դրանց հենց երկնքում չեզոքացնելու համար ուկրաինական ուժերն օգտագործում են հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպիսին է ամերիկյան արտադրության Stingers-ը: Այն ջերմորսիչ հրթիռ է, որն ունի մոտ հինգ կիլոմետր հեռահարություն: Վերլուծաբաններն ասում են, որ ուկրաինական ուժերին հաջողվել է խոցել Ռուսաստանին պատկանող իրանական անօդաչու թռչող սարքերի 60-ից 85%-ը:
Անցյալ ամիս Պենտագոնը Ուկրաինա առաքեց երկու NASAMS՝ National Advanced Surface to Air հրթիռային համակարգեր, որոնք կարող են թիրախավորել անօդաչու սարքերը, ինքնաթիռները և թեւավոր հրթիռները:
Սակայն Ուկրաինան դեռևս պայքարում է պաշտպանվելու համար ռուսական «Իսկանդեր» մակնիշի բալիստիկ հրթիռից, որը հասնում է ուկրաինական տարածքի խորքերը: Պենտագոնն այս առումով քննարկում է Ուկրաինային ‘’Patriot’’ մակնիշի հրթիռներ ուղարկելու հարցը: Սակայն այդ զենքն օգտագործելու համար ուկրաիանացի զինվորականները պետք է անցնեն կես տարուց մինչեւ մեկ տարվա մարզումներ: Ի դեպ, ‘’Patriot’’-ի յուրաքանչյուր կրակահերթն արժե 3-ից 4 միլիոն դոլար:
Ինչպես ռազմագետներն են ասում, եթե Արեւմուտքը շարունակի Ուկրաիանային այս եռանդով աջակցելու ուղին, Ուկրաինան մինչեւ եկող աշուն կկարողանա հետ վերցնել Ղրիմը:
Արամ Վանեցյան
Քարլա Բաբ