Մատչելի հղումներ

B-21 Raider. Ամերիկյան օդուժի հիմքը` գալիք տասնամյակների ընթացքում


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը վերջերս ներկայացրեց Northrop Grumman-ի արտադրության B-21 մակնիշի, ռադարների կողմից չհայտնաբերվող ռմբակոծիչը:

Նոր ինքնաթիռի ֆուտուրիստական դիզայնը կարծես 1997 թվականին ներկայացված հայտնի B-2 Spirit ռմբակոծիչի շարունակությունը լինի: Նախարար Լլոյդ Օսթինը շեշտել է, որ նոր օդանավը մշակվել է յոթ տարի, սակայն «նրա արմատները գալիս են շատ հնուց, երբ դեռ «80 տարի առաջ ԱՄՆ-ի բանակի 16 ռմբակոծիչներ օդ բարձրացան Խաղաղ օվկիանոսում գտնվող ավիակրից»՝ Փերլ Հարբորի դեմ ճապոնացիների հարձակումից չորս ամիս անց պատասխան հարված հասցնելու նրանց ուժերին: Այդ պատճառով էլ որոշվել է ԱՄՆ-ի օդուժի նոր համալրումը անվանել ‘’Ռեյդեր’’, որը թարգմանաբար նշանակում է ‘’արշավողներ’’: Իսկ «21» ինդեքսն ընտրվել է, քանի որ մեքենան լինելու է 21-րդ դարի առաջին նոր ռմբակոծիչը։

B-21-ը կառուցելիս` կիրառվել է հատուկ տեխնոլոգիա: Այն ունի թեք անկյունային կառուցվածք՝ խուսափելով ուղղահայաց մակերեսներից, ինչը թույլ է տալիս ռադիոտեղորոշիչ ալիքների միայն շատ ցածր արտացոլում: Եվ նույնիսկ ամենաառաջադեմ ու զարգացած հակաօդային պաշտպանության համակարգերը դժվարությամբ կհայտնաբերեն B-21-ին երկնքում»,- ասել է Լլոյդ Օսթինը։

«Raider»-ը նախատեսված է ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զենքեր կրելու համար: ‘’Այս ռմբակոծիչը կարող է մեր երկիրը պաշտպանել նույնիսկ նորագույն այնպիսի զենքերից, որոնք դեռեւս չեն էլ արտադրվել’’, ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը: B-21-ը բազմաֆունկցիոնալ է: ‘’Այն կարող է կառավարել ամեն ինչ՝ հետախուզության հավաքագրումից մինչև մարտական կառավարում և ինտեգրում մեր դաշնակիցների և գործընկերների հետ:

Նոր ռազմական օդանավի տեխնիկական հատկանիշների մասին քիչ բան է հայտնի։ Արտադրողի կայքը հայտնում է միայն, որ այսօր ամերիկյան ռմբակոծիչների նավատորմի միայն 10%-ն է կարողանում հաղթահարել պոտենցիալ թշնամիների ամենաառաջադեմ հայտնաբերման և հակաօդային պաշտպանության համակարգերը։ Ըստ ամենայնի, խոսքը B-2-ի մասին է: ԱՄՆ-ը այսօր ունի այս մակնիշի 21 օդանավ, որոնցից մեկը կորավ 2008 թվականին Գուամում տեղի ունեցած վթարի հետևանքով։

ԱՄՆ-ի կառավարությունը մտադիր է ձեռք բերել նոր կործանիչից 100-ից 200 օրինակ:

Առաջին օդանավերի մատակարարումները կսկսվեն են 2020-ականների կեսերին: Որոշ աղբյուրների համաձայն, մինչև 2022 թվականի փետրվարը B-21 մակնիշի 6 օդանավեր արդեն իսկ հավաքման փուլում էին: Առաջին թռիչքը նախատեսվում է իրականացնել 2023 թվականին։

Ոչինչ չի հայտարարվում ինքնաթիռի նույնիսկ մոտավոր արժեքի մասին: Bloomberg-ի հաշվարկով, 100 միավոր B-21 ինքնաթիռների նավատորմի մշակման և շահագործման համար կպահանջվի 203 միլիարդ դոլար առաջիկա 30 տարիների ընթացքում:

Նոր B-21-ի տեխնիկական բնութագրերը չեն հաղորդվում, բայց ընդհանուր առմամբ հայտնի է, որ նրա նախորդը՝ B-2 Spirit-ը կիրառվել է Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում և Լիբիայում։ Թևերի բացվածքը 52 մետր, 40 սանտիմետր է: B-2-ի հիմնական մասը պատրաստված է ածխածնային-գրաֆիտ կոմպոզիտային նյութից, որն ավելի ամուր է, քան պողպատը, ավելի թեթև, քան ալյումինը և կլանում է ռադարային էներգիայի զգալի քանակություն:

Հակառակ տարածված կարծիքի, B-2-ը գերձայնային ինքնաթիռ չէ. նրա առավելագույն արագությունը ժամում 1010 կիլոմետր է: Թռիչքի առավելագույն քաշը 170,6 տոննա է, որից 75,75-ը վառելիքն է։ Օդում մեկ լիցքավորմամբ այն կարող է անցնել մինչև 19 հազար կիլոմետր` երկրագնդի հասարակածի մոտ կեսը:

Դեռեւս ոչինչ չի ասվում B-21-ի ու իր նախորդի նկատմամբ տարբերությունների ու առավելությունների մասին:

B-21-ի շուրջ անվտանգությունը հասցված է գերագույն աստիճանի: Հիշեցնենք, որ նախկինում ձերբակալվել էին երկու ամերիկացիներ, B-2-ի որոշ տվյալներ Խորհրդային Միությանը եւ Չինաստանին տրամադրելու մեղադրանքով:

B-21-ն արտաքնապես նման է B-2-ին, սակայն պատկերը լիովին փոխվում է, երբ մտնում եք օդանավի մեջ, ասում են Northrop Grumman ընկերության ներկայացուցիչները:

B-21-ի առավելությունը կշարունակվի մի քանի տասնամյակ», - ասել է պաշտպանության նախարարը:

Անդրադառնալով ներկա ռազմաքաղաքական պայմաններին՝ Լլոյդ Օսթինը հավելել է. «Ամերիկայի պաշտպանությունը միշտ հիմնված է լինելու հակամարտությունների զսպման վրա։ Այսպիսով, մենք կրկին ուղերձ ենք հղում պոտենցիալ բոլոր հակարակորդներին’’, ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը:

Արամ Վանեցյան

Եվգենի Կոմարով

XS
SM
MD
LG