Մատչելի հղումներ

Արեւմուտքն Ուկրաինային կաջակցի այնքան ժամանակ, որքան դա լինի անհրաժեշտ


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նրա պաշտոնակից Էմանուել Մակրոնը հայտարարել են, որ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցների հետ նույնքան միասնական են, որքան երբևէ՝ ընդդեմ Ուկրաինայում Մոսկվայի դաժան ներխուժման։

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը հինգշաբթի օրն ընդունեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նրա տիկնոջը՝ Բրիջիթ Մակրոնին:

Հանդիպման օրակարգում առաջնային հարցը ցրտաշունչ ձմռան ընթացքում Ուկրաինային համապատասխան օգնություն տրամադրելն էր, երբ Ռուսաստանը շարունակում է հարվածել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին:

Տրված հարցին ի պատասխան, Բայդենն ասել է, որ Պուտինի հետ կապ հաստատելու ծրագրեր առայժմ չունի: ‘’Սակայն, եթե Պուտինն ունի պատերազմն ավարտելու ուղիներ որոնելու հետաքրքրություն, ֆրանսիացի իմ գործընկերոջ եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ քննարկումների արդյունքում կարող եմ ասել, որ ուրախ կլինեի նստել Պուտինի հետ միասին, տեսնելու համար, թե ինչ է նա ուզում եւ ինչ ունի իր մտքում’’, ասել է Բայդենը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Արեւմուտքից ճնշում է գործադրվում Ուկրաինայի նկատմամբ, որպեսզի վերջինս ռուսների հետ նստի բանակցությունների սեղանի շուրջ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պատասխանել է. ‘’Մենք երբեք չենք ստիպի ուկրաինացիներին գնալ իրենց համար անընդունելի որեւէ փոխզիջման: Որովհետև նրանք չափազանց քաջ են եւ պատվով են պաշտպանում իրենց երկիրը, ինչպես նաեւ մեր սկզբունքները’’:

Ինչ վերաբերում է Ուկրանիային նոր օգնության փաթեթ հատկացնելու հարցին, հանրապետական սենատոր Ջեյմս Ռիշն «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, ‘’Կոնգրեսը, հավանաբար, կհաստատի Ուկրաինային մինչեւ հունվար ամսին անցկացվելիք հաջորդ նիստը լրացուցիչ 38 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու Բայդենի խնդրանքը:

‘’Պուտինը պետք է սրանից դասեր քաղի, հասկանալու համար, որ մենք մնալու ենք Ուկրաինայի հետ մինչև հաղթանակ’’, ասել է սենատորը:

Պատերազմի ելքը կարևոր է ոչ միայն Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների, այլեւ դաս բոլոր այն պետությունների համար, որոնք փորձում են ավտորիտար ճանապարհով հասնել ժողովրդավարության դեմ հաղթանակի: Այս մասին է ասել դեմոկրատ սենատոր Ջին Շահինը:

‘’Մեր հակառակորդներն այժմ հետևում են, թե ինչ են անում դաշնակիցները և ով է հաղթում այս պատերազմում’’, ասել է նա ու ավելացրել, որ այս հաջողության հիման վրա պետք է մտածել Պուտինին պատասխանատվության առջեւ կանգնեցնելու մասին։

Այսպիսով, Ֆրանսիայի նախագահի հետ Սպիտակ տանն անցկացված հանդիպման ժամանակ Ամերիկան մեկ անգամ եւս վստահեցրեց, որ շարունակելու է աջակցել Ուկրաինային ընդդեմ ռուսական ներխուժման այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի:

Արամ Վանեցյան

Սինդի Սեյն

XS
SM
MD
LG