Մատչելի հղումներ

Պենտագոն. ՀՕՊ համակարգերն Ուկրաինայի համար բացարձակ առաջնահերթություն են


Հակաօդային պաշտպանությունն առաջնահերթություն է Ուկրաինայի համար, երբ այն փորձում է կանխել ռուսական կողմից հետագա ավերածություններն ընդդեմ երկրի քաղաքացիական ենթակառուցվածքի: Այս մասին են ասում ԱՄՆ-ի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաները:

Ռազմական առումով Ուկրաինայում Ռուսաստանը ձախողվել է իր չհրահրված ներխուժման ընթացքում, եւ ուշադրությունը կենտրոնացնում է քաղաքացիական ենթակառուցվածքներին, մասնավորապես՝ Ուկրաինայի էլեկտրացանցերին հարվածներ հասցնելու վրա: Բացի այդ, ռուսական հարձակումները վտանգ են ներկայացնում Ուկրաինայի միջուկային օբյեկտների համար։

«Հարձակումներից պարզ երեւում է միջուկային անվտանգությունը խաթարելու Ռուսաստանի պատրաստակամությունը, ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ տարածաշրջանի համար»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա։ ‘’Եվ այժմ չկա Ուկրանիայի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարձակումները թուլացնելու որեւէ նշան’’, ասում է նա:

Ու քանի որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի կարիքը մեծանում է, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն ու գործընկերները համապատասխան զինատեսակներ են ուղարկում այստեղ, ինչպես նաեւ` ուկրաինացի զինվորականներին տալիս պաշտպանական այդ համակարգերը գործի դնելու հմտություններ:

ԱՄՆ-ն Ուկրաինա է առաքել շարժական Stinger, ինչպես նաև NASAMS մակնիշի զենիթահրթիռային հազարավոր համալիրներ։ Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտոնյաների խոսքով՝ Ուկրաինայում գործող NASAMS երկու համակարգերը չափազանց հաջող են գործել։

ԱՄՆ-ը Կիև է ուղարկել նաև Avenger հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կարող են օգտագործվել տարբեր թիրախների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի դեմ:

«Մեր դաշնակիցներն ու գործընկերները նույնպես ակտիվացել են այս ոլորտում», - ասել է պաշտոնյան, ու ավելացրել, որ հակաօդային պաշտպանության համակարգեր են Ուկրաինա ուղարկել նաեւ Իսպանիան, Գերմանիան, Շվեդիան և Լեհաստանը:

«Մի քանի դաշնակիցներ և գործընկերներ խոստացել են AMRAAM տիպի հրթիռներ առաքել ԱՄՆ-ի կողմից մատակարարվող NASAMS համակարգերի համար»,- ասել է պաշտոնյան։

ԱՄՆ-ի օգնության վերջին փաթեթը ներառում է ջերմազգայուն 150 ծանր գնդացիր, որոնք կարող են օգտագործվել անօդաչու թռչող սարքերը խոցելու համար:

Քանի որ մոտենում է ձմեռը, ԱՄՆ-ն և նրա գործընկերները Ուկրաինա են ուղարկել ցուրտ եղանակի համար նախատեսված հանդերձանք՝ ի հավելումն միլիոնավոր փոքր զենքերի և տարբեր սպառազինության համակարգերի պահեստամասերի: ԱՄՆ-ը նաև կմատակարարի հակառադարային հրթիռներ, «Համվի» մակնիշի 150 ամենագնաց մեքենա և մարտական թեթեւ ավելի քան 100 մեքենա։

Փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ներխուժում սկսվելուց ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրել ավելի քան 19 միլիարդ դոլարի համարժեք անվտանգության աջակցություն:

«Մենք կշարունակենք Ուկրինայի հետ սերտ քննարկումները եւ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ կկոորդինացնենք Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը, ինչն անհրաժեշտ է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար», - ասել է պաշտոնյան։

XS
SM
MD
LG