Թուրքիայի նախագահ Էրդողանի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի միջեւ Մեծ քսանյակի գագաթաժողովի ընթացքում առաջին հանդիպման ժամանակ եղան փոխադարձ ժպիտ և ջերմ ձեռքսեղմում:
Չնայած նրան, որ Մելոնին հանդես է եկել Իտալիայում մզկիթեներից մեկի կառուցումը դադարեցնելու կոչերով, եւ չնայած նրան, որ Էրդողանն իրեն համարում է բոլոր մահմեդականների իրավունքները պաշտպանող առաջնորդ, որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ Մելոնին եւ Էրդողանն ունեն ընդհանուր լեզու գտնելու հիմքեր:
Ինչպես թուրք վերլուծաբան Հուսեին Բաղջին է ասում ‘’Զում’’-ի միջոցով, «Էրդողանը իսլամիստ է և թուրք: Մելոնին քրիստոնյա է և իտալացի: Այսպիսով, նրանք չեն խոսում որոշակի արժեքների, ժողովրդավարական արժեքների մասին, խոսում են կրոնական արժեքների մասին, խոսում են ազգայնական արժեքների մասին, և կարծում եմ, որ նրանք շատ ավելի լավ կհասկանան միմյանց, քան մյուսները», ասում է նա։
Մելոնիի առաջնահերթություններից մեկը Աֆրիկայից միգրացիան կասեցնելն է: Հոսք, որի հիմնական մասը գալիս է Լիբիայով:
Թուրքիան ամուր կապեր ունի Լիբիայի Ազգային միասնության կառավարության հետ՝ Էրդողանին տալով սակարկության կարևոր գործիք:
Այս մասին է ասում Հունաստանի ազգային պաշտպանության քոլեջից Այա Բուրվեյլան:
«Թուրքիան այժմ բազա ունի Արևմտյան Լիբիայում։ Այն վերահսկում է արևմտյան Լիբիայի բոլոր կարևոր ենթակառուցվածքները: Եվ ինչպես գիտեք, արևմտյան Լիբիան շատ կարևոր կետ է դեպի Եվրոպա մարդկանց թրաֆիքինգի համար: Այսպիսով, Թուրքիան այժմ բազա ունի Հյուսիսային Աֆրիկայում»։
Մելոնին և Էրդողանը լարել են հարաբերությունները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հատկապես այն բանից հետո, երբ Իտալիայի իշխանությունները վերջերս մերժեցին միգրանտներ տեղափոխող մի նավի խարիսխ նետել իրենց ափերում: Նավը ստիպված էր ուղղություն վերցնել դեպի Ֆրանսիա, որտեղ էլ ընդունեցին միգրանտներին:
Էրդողանը նաեւ եվրոպական ծայրահեղ աջ առաջնորդների հետ աշխատելու երկարատեւ փորձ ունի, ինչպիսին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է:
Սաբանջի համալսարանից Սենեմ Այդըն-Դուզգիթն ասում է, թե «Նա իրականում լավ աշխատանքային հարաբերություններ ունի իսլամաֆոբ ավտոկրատների հետ, ինչպիսին Օրբանն է, օրինակ: Այսպիսով, կարևոր չէ, որ Մելոնին ծայրահեղ աջ է: Ես կարծում եմ, որ դա կարող է նույնիսկ ավելի շատ աշխատել Էրդողանի օգտին: Որովհետև ներկայիս թուրքական կառավարությունը, շատ ուրախ է, տեսնելով մի Եվրոպա, որը պառակտված է և զուրկ` այսպես կոչված արժեքներից»:
Ստամբուլի նորագույն կամուրջը կառուցվել է իտալական ընկերության կողմից. Առևտուրը իտալա-թուրքական հարաբերությունների հիմքն է, որի վրա էլ երկու երկրների ղեկավարները կարծես փորձում են ամրապնդել համագործակցության հիմքերը:
Դորիան Ջոնս