Հինգշաբթի օրը Adidas-ը հայտարարել է, որ հետաքննում է Քանյե Ուեսթի դեմ ներկայացված հայցերը ենթադրյալ ոչ պատշաճ վարքագծի մասին ստացած զեկույցի հիման վրա:
Ամերիկյան Rolling Stone ամսագիրը հաղորդում է, որ ռեփերը պոռնոգրաֆիկ տեսանյութեր է ցուցադրել Adidas-ի աշխատակիցների հետ հանդիպումների ժամանակ, անպատշաճ քննարկումներ անցկացրել և ցուցադրել նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի ինտիմ լուսանկարը աշխատանքային հանդիպումների ժամանակ:
Ամսագրում ասվում է, որ թիմի նախկին անդամները, որոնք ներգրավված են եղել ռեփերի հետ մշակվող «Yeezy» -ի արտադրանքի աշխատանքներում, նամակ են հրապարակել, որում ասվում է, որ Adidas-ի ղեկավարները տեղյակ են եղել այս պահվածքի մասին, որը շարունակվել է տարիներ շարունակ, բայց աչք են փակել:
«Ներկայումս պարզ չէ, թե արդյոք անանուն նամակում ներկայացված մեղադրանքները համապատասխանում են իրականությանը», - ասվում է Adidas-ի հայտարարության մեջ,- «Սակայն մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ մեղադրանքներին և որոշում ենք կայացրել անհապաղ սկսել հարցի անկախ հետաքննություն՝ իրողությունը պարզելու համար»:
Rolling Stone-ի զեկույցում ասվում է, որ ռեփերը անպարկեշտ է իրեն պահել աշխատակիցների նկատմամբ, մասնավորապես՝ կանանց: Նամակում Yeezy-ի նախկին աշխատակիցները կոչ են արել Adidas-ին անդրադառնալ «թունավոր և քաոսային միջավայրին, որը ստեղծել է Քանյե Ուեսթը»։
Այս բացահայտումները հրապարակվել են այն բանից հետո, երբ անցյալ ամիս Adidas-ը դադարեցրեց իր շահութաբեր կապը Ուեսթի հետ, ով պաշտոնապես հայտնի է որպես Ye, աստղի կողմից հակասեմական մի շարք արտահայտություններից հետո: Այդ ժամանակ ընկերությունն ասել է, թե նրա մեկնաբանությունները «անընդունելի են, ատելությամբ լցված և վտանգավոր»:
Հագուստի ամերիկյան Gap ընկերությունը և Փարիզում գտնվող Balenciaga նորաձևության տունը նույնպես վերջերս դադարեցրել են հարաբերությունները Ուեսթի հետ:
Սակայն կարծես այս ամենը չի ընկճել 45-ամյա երաժիշտին, ով անցյալ շաբաթ հայտարարել է 2024 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին, և նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է լինել իր փոխնախագահը:
Ուեսթը հայտնել է, որ Թրամփը բղավել է իր վրա Ֆլորիդայի Մար-ա-Լագո կալվածքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, երբ լսել է վերջինիս խնդրանքը:
Քանյե Ուեսթն իր և Թրամփի հանդիպման մասին պատմող տեսանյութը տեղադրել է Twitter-ի իր էջում, որն օրերս էր վերականգնվել արգելափակումից հետո:
Հիշեցնենք՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին անցյալ շաբաթ հայտնել էր նաև Դոնալդ Թրամփը:
Սույն հոդվածը կազմվել է AFP լրատվականի և Քանյե Ուեսթի Twitter-ի էջի տեղեկության հիման վրա: