Մատչելի հղումներ

Թուրքիայի նախագահը սպառնում է նորից հարվածել Սիրիայի հյուսիսում գտնվող քուրդ զինյալներին


Թուրքիայի նախագահ Էրդողանը չորեքշաբթի օրը խոստացավ սաստկացնել ռազմական հարձակումներն ընդդեմ Սիրիայի քրդական ուժերի` սովորականի պես արժանանալով իր կուսակիցների ջերմ ողջույններին: Նրա խոսքերով, Թուրքիան նաեւ ցամաքային ճանապարհով կճնշի քրդերին: Ի դեպ, վերջիններիս նա անվանում է ահաբեկիչներ: Սեպտեմբերի 13-ին Ստամբուլում իրականացված ռմբային հարձակումը նա օգտագործում է որպես Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերի դեմ նոր հարձակումներ սկսելու արդարացում: Էրդողանը փորձում է վստահեցնել, որ Ստամբուլի ահաբեկչության հետեւում կանգնած են հենց քրդերը, չնայած նրան, որ վերջիններս հերքում են այդ մեղադրանքը: Հիշեցնենք, որ ահաբեկչական այդ հարձակումից հետո Թուրքիան օդային հարվածներ հասցրեց Սիրիայում և Հյուսիսային Իրաքում քրդերի դիրքերին, որոնց արդյունքում Անկարայի պնդմամբ սպանվել է 184 զինյալ: Քրդական խմբերն ասում են, որ զոհվել են միայն խաղաղ բնակիչներ: Քրդերն այսօր պնդում են, որ Թուրքիան ցեղասպան պատերազմ է վարում:

Երեքշաբթի օրը Սիրիայից էլ հրթիռներ են արձակվել դեպի Թուրքիայի տարածք, ինչի հետևանքով սպանվել է առնվազն երեք մարդ։ Իրադրությունը սրվում է առանց այն էլ լարված այս տարածաշրջանում:

Թուրքական ուժերը Հյուսիսային Սիրիա ներխուժեցին 2016 թվականին` թիրախավորելով «Իսլամական պետություն» խմբավորմանը, ապա` քուրդ զինյալներին: Թուրքիան և Սիրիայի կառավարության դեմ մարտնչող սիրիական աշխարհազորայիններն այժմ վերահսկում են սահմանի երկայնքով մեծ տարածքներ:

Ռուսաստանն այստեղ շարունակում է աջակցել Սիրիայի կառավարական ուժերին։ Եվ Անկարան այսօր որոնում է մի պահ, որը կօգտագործեր ռուսական հակակշիռը շրջանցելու համար:

Ինչպես թուրք վերլուծաբան Ալի Բիլգիչն է ասում ‘’Սկայպ’’-ի միջոցով, ‘’Ուկրաինական պատերազմի արդյունքում Ռուսաստանի ազդեցությունը Սիրիայում զգալիորեն կրճատվել է: Եվ Թուրքիան այժմ որոնում է Սիրիայում ստատուս քվոն հանուն թուրքական քաղաքական շահերի փոխելու առիթ:

Ստացվում է, որ Թուրքիան իր այս նոր հարձակումներով հակադրվում է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ ՆԱՏՕ-ում իր դաշնակից ԱՄՆ-ին, որը միշտ աջակցել է Ժողովրդի պաշտպանության միավորումներ (YPG) անվանումը կրող քրդական զինված խմբավորմանը: Եվ Պենտագոնը կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ հայտարարելով, որ ‘’այդ գործողությունները սպառնում են ԴԱԵՇ-ի դեմ պայքարում ընդհանուր նպատակներին’’:

Ռուսաստանը նույնպես իրադրությունը մեղմելու կոչ է արել։ Սակայն Թուրքիան իրեն զգում է աշխարհաքաղաքական ուժեղ դիրքերում, ասում են մեծաթիվ վերլուծաբաններ:

‘’Ռուսաստանին Թուրքիան պետք է, քանի որ նրա միջոցով Մոսկվան փորձում է ճեղքել միջազգային ու դիվանագիտական մեկուսացումը։ Իսկ ԱՄՆ-ին Թուրքիան պետք է, քանի որ թուրքական ուժերը ՆԱՏՕ-ի գրեթե միակ ուժերն են Սիրիայում՝ ընդդեմ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի նախագահ Ասադի վարչակարգի:

Իսկ ինչպես Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Այման Սյուսանն է ասում, Թուրքիայի անօրինական ռազմական ներկայությունը Սիրիայում և նրա ռազմական գործողություններն այստեղ լրջորեն խարխլում են Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Նա նաեւ ցավ է արտահայտում այն բանի համար, որ ‘’ԱՄՆ-ը, Թուրքիան և այլ արտաքին ուժեր դեռ պահպանում են իրենց ռազմական ներկայությունը Սիրիայում:

XS
SM
MD
LG