Մատչելի հղումներ

‘’Լեհաստանում գրանցված պայթյունը գուցե ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռն է հարուցել’’. Ստոլթենբերգ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Լեհաստանի արևելքում ուկրաինական սահմանի մոտ տեղի ունեցած պայթյունը «հավանաբար պայմանավորված է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռով, որն արձակվել էր Ուկրաինայի տարածքը ռուսական թեւավոր հրթիռներից պաշտպանելու համար:

‘’Սակայն թույլ տվեք հստակ ասել. սա Ուկրաինայի մեղքը չէ: Ռուսաստանն է կրում վերջնական պատասխանատվությունը, քանի որ շարունակում է իր անօրինական պատերազմն ընդդեմ Ուկրաինայի’’, ասել է Ստոլթենբերգը:

ՆԱՏՕ-ի ղեկավարն ասել է, որ ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու լավագույն միջոցն այն է, որ Ռուսաստանը դադարեցնի իր մարտերը Ուկրաինայում:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նույնպես չորեքշաբթի օրն ասել էր, թե ոչ մի փաստ չի խոսում այն մասին, որ հրթիռն արձակվել է ռուսական ուժերի կողմից:

Չորեքշաբթի օրն ավելի վաղ ՆԱՏՕ-ի և Մեծ յոթնյակի խմբի ղեկավարները արտակարգ հանդիպում են անցկացրել Բալիում` քննարկելու միջադեպը:

‘’Մենք պայմանավորվեցինք աջակցել Լեհաստանում անցկացվող հետաքննությանը’’, - հանդիպումից հետո լրագրողներին ասել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը: ‘’Մանրամասներն աստիճանաբար բացահայտվում են’’, ասել է Բայդենն ու ավելացրել, թե քիչ հավանական է, որ հրթիռն արձակվել է Ռուսաստանից:

Իսկ ահա ՄԱԿ-ում Մոսկվայի ներկայացուցիչը հայտարարել է, որ պայթյունը նախատեսված էր Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմ հրահրելու համար:

‘’Փորձ է արվում ուղղակի ռազմական բախում հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև՝ աշխարհի համար իր բոլոր հետևանքներով’’,- ասված է Դմիտրի Պոլյանսկիի տելեգրամյան ալիքում:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն էլ կրկնում է իր այն պնդումը, որ ‘’Ուկրաինայի դեպքերը երբեք չէին լինի, եթե ես լինեի ձեր նախագահը’’:

Մեծ քսանյակի պետությունները չորեքշաբթի օրը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, որ անդամների ‘’մեծ մասը խստորեն դատապարտում է’’ Ուկրաինայում պատերազմը և շեշտում, որ հակամարտությունը սրում է առանց այն էլ փխրուն համաշխարհային տնտեսությունը:

Առաջնորդները հայտարարել են, որ միջուկային զենքի կիրառումը կամ սպառնալիքը ‘’անթույլատրելի է’’:

Ռուսական պատվիրակության ղեկավար, արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բալիի մանգլենու անտառային պուրակում տեղի ունեցած միջոցառմանը չի մասնակցել։ Ռուսական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ նա լքել է կղզին։

Սույն նյութը պատրաստելիս կիրառվել են Reuters-ից և Associated Press-ից ստացված տեղեկություններ

XS
SM
MD
LG